ՀՀ ՏՏ ընկերություն գրանցելու իրավական կողմն ու առավելությունները

Թարմացված՝

Նախքան Հայաստանում ՏՏ ոլորտում բիզնես գործունեություն սկսելը շատ կարևոր է իմանալ այն փուլերը, որոնց մասին տեղեկացված լինելու և դրանց առանձնահատկություններին տիրապետելու դեպքում հնարավոր է հաջողության հասնել։ Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված են մի շարք պահանջներ, որոնք կարգավորում են IT ոլորտում գործունեության ամբողջ ընթացքը՝ սկսած դրանով զբաղվելու համար պահանջվող որոշակի իրավական կարգավիճակ սահմանելուց մինչև այդ ոլորտի տնտեսվարող սուբյեկտների համար արտոնություններ նախատեսելը։

Ովքե՞ր կարող են Հայաստանում ՏՏ ոլորտում զբաղվել բիզնես գործունեությամբ

ՏՏ ոլորտում բիզնես գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է նախևառաջ ստեղծել տնտեսական ընկերություն (կամ լինել դրա մասնակիցը) կամ անհրաժեշտ է հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր։ Այսինքն՝ առաջին հարցը, որին բախվում եք, այն է՝ ստեղծել ընկերությու՞ն, թե՞ հաշվառվել որպես անհտատ ձեռնարկատեր։ Այս տարբերակներից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու ռիսկերը, և Ձեզ համար լավագույն տարբերակն առաջարկել հնարավոր է միայն Ձեր պլանավորած գործունեության առանձնահատկություններին ծանոթանալուց հետո։

Այնուհետև, եթե որոշում եք այս ոլորտում գործունեություն ծավալել ընկերության ստեղծելու միջոցով, ապա հաջորդ հարցը, որին բախվում եք այն է, թե ինչպիսի կազմակերպաիրավական ձև ընտրել ընկերության համար։

Հայաստանում առավել տարածված ձևերն են բաժնետիրական ընկերությունը և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՍՊԸ)։ Սրանցից յուրաքանչյուրը դարձյալ ունի իր առավելություններն ու ռիսկերը, և դրանցից որևէ մեկն ընտրելու համար անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես Ձեր գործունեության, այնպես էլ այդ ընկերությունը հիմնադրել ցանկացող անձանց միջև հարաբերությունների առանձնահատկությունները։ Բացի վերոգրյալից կան նաև մի շարք այլ հարցեր, որոնք պետք է հաշվի առնել նախքան Հայաստանում ընկերություն ստեղծելը (ի՞նչ հարկման համակարգեր են նախատեսված ՀՀ օրենսդրությամբ, ինրպե՞ս բացել բանկային հաշիվ, ինչպե՞ս ընտրել իրավաբանական և հաշվապահական ընկերություններ և այլն)։

Ինչպիսի՞ հարկային արտոնություններ են նախատեսված Հայաստանի օրենսդրությամբ

Հայաստանում 2024 թ․ դեկտեմբերի 4-ից ուժի մեջ մտնող օրենսդրական բարեփոխումները նոր խթաններ են ապահովում բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար՝ ստեղծելով հավասար մրցակցային պայմաններ։ Սկսած 2025 թ․ հունվարի 1-ից, բոլոր համապատասխան տեխնոլոգիական ընկերությունները՝ անկախ չափերից, կօգտվեն միասնական աջակցության գործիքներից։

Հիմնական դրույթներ

  • Աշխատուժի խրախուսում: Նոր աշխատողների և օտարերկրյա մասնագետների աշխատավարձերի եկամտային հարկի 60%-ի փոխհատուցում 2025-ին՝ աշխատուժի ընդլայնման նպաստավոր պայմաններ ստեղծելով:
  • Նորարարության աջակցություն: Նորարարությունների և գիտահետազոտական ծրագրերի վրա կենտրոնացած ընկերությունները կստանան պետական աջակցություն՝ վերապատրաստման ծախսերի 50%-ի չափով և շրջանառության հարկի 1%-ով նվազեցված դրույքաչափով։
  • Շահութահարկի բարեփոխված դրույթներ: Բարձր տեխնոլոգիական ծախսերը կբացառվեն հարկային բեռի թեթևացումով՝ խթանելով ներդրումները։

 

Այս լայնածավալ բարեփոխումները Հայաստանը դարձնում են իդեալական միջավայր նորարար ստարտափներ հիմնելու կամ արդեն կայացած բիզնեսները ընդլայնելու համար։ Չափերի տարանջատման վերացումն ապահովում է, որ թե՛ սկսնակ, թե՛ փորձառու ընկերությունները օգտվեն նոր հնարավորություններից։ Կայուն և աճին միտված միջավայրն ապահովում է ներդրումային գրավչությունը և ընկերություններին հնարավորություն տալիս ներգրավել լավագույն մասնագետներին։ Այժմ լավագույն ժամանակն է տեխնոլոգիական ոլորտում ընկերություն հիմնելու կամ ընդլայնելու համար Հայաստանում։

Ինչպիսի՞ պահանջներ են նախատեսված աշխատանքային օրենսդրությամբ

Գլխավոր հարցերից մեկը, որին հատկապես վերջին շրջանում, ռելոկացիայով պայմանավորված, բախվում են ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները օտարերկրացուն աշխատանքի ընդունելն է։ Մասնավորապես՝ օտարերկրացի աշխատողին աշխատանքի վերցնելու համար Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված է աշխատանքի թույլտվության ձեռքբերման պահանջ, որի համաձայն՝ գործատուներն օտարերկրացիների հետ աշխատանքային պայմանագիր կամ ծառայությունների մատուցման պայմանագիր կարող են կնքել, եթե վերջինս ունի աշխատանքի թույլտվություն։

Օտարերկրյա աշխատող ներգրավելու համար աշխատանքի թույլտվության վերաբերյալ դիմումը ներկայացնում է գործատուն՝ լրացնելով համապատասխան դիմումը միգրացիայի ոլորտում լիազորված պետական մարմնի կողմից անցկացվող միասնական էլեկտրոնային հարթակում (Work permit): Աշխատանքի թույլտվության ստանալով՝ աշխատողը լուծում է նաև Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու հետ կապված խնդիրը։ Մասնավորապես՝ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն ժամանակավոր կացության կարգավիճակ տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարի և ավել ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ, իսկ այդպիսի հանգամանքներից մեկը հանդիսանում է աշխատանքի թույլտվությունը։ 

Նշենք նաև, որ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքը նախատեսում է հիմքեր՝ առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար, օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների և դրանց ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքի անդամները, կինեմատոգրաֆիայի, թատրոնի, համերգային շրջագայությունների նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող կատարողները, արտիստները և այլն։ Իսկ համաձայն ԵԱՏՄ կարգավորումների՝ անդամ պետությունների քաղաքացիներն ազատված են ԵԱՏՄ տարածքում աշխատանքի թույլտվություն ստանալու պարտավորությունից և իրենց համար գործում է պարզեցված ընթացակարգ։

Բացի վերոգրյալից, ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարվել և 2023 թվականի հուլիսից ուժի մեջ են մտել խոշորածավալ փոփոխություններ, որոնցից առավել կարևորներին մենք անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակման շրջանակներում, երբ այդ փոփոխությունները դեռևս ընդունման փուլում էին։

Ինչպե՞ս պաշտպանել ՏՏ ոլորտի ընկերության կողմից ստեղծված պրոդուկտները այլ անձանց անբարեխիղճ օգտագործումից

ՏՏ ոլորտի ընկերությունների բիզնեսի հաջողությունը մեծապես պայմանավորված է իրենց կողմից ստեղծված պրոդուկտների՝ այլ անձանց ապօրինի օգտագործումից պաշտպանությամբ։ Հայաստանում այդ պրոդուկտները պաշտպանվում են մտավոր սեփականության իրավունքներով։ Հայաստանյան օրենսդրության հիմնական առավելությունն այն է, որ այն հնարավորություն է տալիս իրականացնել նշված պրոդուկտների պաշտպանությունը՝ օգտագործելով մտավոր սեփականության միանգամից չորս օբյեկտների համար նախատեսված իրավական կառուցակարգեր։ Մասնավորապես՝ Հայաստանում համակարգչային ծրագրերը, ալգորիթմները և ծրագրային ապահովումները կարող են պաշտպանվել․

  • որպես հեղինակային իրավունքի օբյեկտ՝ հեղինակային իրավունքներով,
  • որպես գյուտ՝ արտոնագրային իրավունքներով,
  • որպես չբացահայտված տեղեկատվություն,
  • ապրանքային նշանով։

Նշված չորս գործիքակազմերով իրավական պաշտպանության իրականացման առանձնահատկություններին ևս անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակման շրջանակներում։

Ի՞նչ երաշխիքներ են նախատեսված օտարերկրյա ներդրողների համար Հայաստանում

Հայաստանի օրենսդրության համաձայն՝ օտարերկրյա ներդրող են համարվում, ի թիվս այլ սուբյեկտների, ցանկացած օտարերկրյա իրավաբանական անձինք, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Օտարերկրյա ներդրման իրականացման ձևերից է նաև Հայաստանում ՏՏ ոլորտի ընկերություն ստեղծելը կամ այդպիսի ընկերությունում մասնակցություն ձեռք բերելը։

Որպես օտարերկրյա ներդրող հարկ է իմանալ, որ Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված են օտարերկրյա ներդրումների պաշտպանության մի շարք երաշխիքներ։ Օրինակ՝ օտարերկրյա ներդրումները կարգավորող` Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության դեպքում ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է ներդրումների իրականացման պահին գործող օրենսդրությունը:

Հաջորդիվ, օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետությունում ազգայնացման ենթակա չեն: Պետական մարմինները չեն կարող նաև բռնագրավել օտարերկրյա ներդրումները: Առգրավումը որպես բացառիկ միջոց թույլատրվում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտակարգ դրության պայմաններում` դատարանի վճռով և լրիվ փոխհատուցմամբ: Օտարերկրյա ներդրումների հետ կապված հարցերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ մեր նախորդ հրապարակման շրջանակներում։ 

Ի՞նչ երաշխիքներ են նախատեսված բաժնետիրական ընկերության սեփական կապիտալ ներդրումների իրականացման համար

Հայաստանի օրենսդրությամբ, բացի օտարերկրյա ներդրումների պաշտպանության համար նախատեսված իրավական երաշխիքներից, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի՝ 2024 թվականի մայիսին ուժի մեջ մտած փոփոխություններով պաշտպանության մեխանիզմներ են նախատեսվել բաժնետիրական ընկերության սեփական կապիտալ ներդրումների (այդ թվում՝ օտարերկրյա ներդրումների) իրականացման համար։ Մասնավորապես՝ օրենքը նախատեսում է, որ նման դեպքերում ներդրողի և բաժնետիրական ընկերության միջև կնքվում է սեյֆ պայմանագիր, որը ։ Այս պայմանագրի հիման վրա ներդրումը ընկերության սեփական կապիտալ իրականացվում է դրամական միջոցներով, իսկ ընկերությունը պարտավորվում է ապագայում թողարկել և ներդրողին վաճառել պայմանագրով սահմանված քանակի, տեսակի և դասի բաժնետոմսեր:

Սեյֆ պայմանագիրն ուժի մեջ է մտնում դրա կնքման պահից։ Այս պայմանագրի հիման վրա բաժնետոմսերի թողարկման և ներդրողի օգտին տեղաբաշխման դեպքում Ընկերության այլ բաժնետերերի կամ Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքը չի կիրառվում: ՍԵՅՖ պայմանագրով սահմանվում են նաև պայմաններ, որոնց վրա հասնելու դեպքում ներդրողի կողմից ՍԵՅՖ պայմանագրի հիման վրա ներդրված գումարին հավասար գումարը ենթակա է ներդրողին վերադարձման, որի դեպքում Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացում և լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխում չեն կատարվում: ՍԵՅՖ պայմանագրով կարող է նաև սահմանվել, որ ներդրված դրամական միջոցների վերադարձման դեպքում Ընկերությունը պարտավոր է ներդրողին վճարել դրանց նկատմամբ տոկոսներ:

Այսպիսով, Հայաստանում IT ոլորտում բիզնես գործունեության իրականացումը իրենից ենթադրում է իրար հաջորդող մի շարք փուլերի տրամաբանական հաջորդականություն, որոնց առանձնահատկություններին տիրապետելու դեպքում միայն հնարավոր է ճիշտ կազմակերպել աշխատանքը, գտնել հնարավոր ամենաարդյունավետ լուծումները և կայացնել ամենաօպտիմալ որոշումները։ Մեր իրավաբանական թիմը պատրաստ է Ձեզ աջակցել վերոթվարկյալ փուլերից յուրաքանչյուրում՝ ապահովելով բարձրակարգ իրավաբանական խորհրդատվություն՝ հիմնված տարիների պրակտիկ փորձի վրա։

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Իրավաբանական Խորհրդատվություն

Մատուցելով |անվճար իրավաբանական խորհրդատվություն| մենք ընձեռում ենք հնարավորություն աջակցելու ձեզ ամենաանհրաժեշտ պահին և ճիշտ որոշում կայացնելու հարցում: Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցել:

Վերջին հրապարակումները

Հայաստանում ՏՏ աութսորսինգի ուղեցույց. Տեղական ծառայություններ

Հայաստանում ՏՏ աութսորսինգի ուղեցույց. Տեղական ծառայություններ

Բացահայտեք ՏՏ աութսորսինգի տեսակները, վերջինիս առավելությունները, Հայաստանում ՏՏ ոլորտից աութսորս անելու հնարավորությունը, ինչպես նաև Հայաստանում ծրագրային ապահովման մշակողներին աութսորս անելու արժեքը։