Ինչպե՞ս ձեռք բերել կացության կարգավիճակ ՀՀ-ում

Ընդհանուր կանոնի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում  օտարերկրացիներն ունեն ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ։ Հայաստանում կացության կարգավիճակն օտարերկրյա քաղաքացուն (քաղաքացիություն չունեցող անձին) հնարավորություն է տալիս մուտք գործել Հայաստան, կացության քարտում նշված ժամկետում մնալ ՀՀ տարածքում, զբաղվել ձեռնարկատիրությամբ և այլն։

Այս ակնարկի շրջանակում կպատասխանենք ՀՀ-ում օտարերկրացիների կացության կարգավիճակի վերաբերյալ Ձեր կողմից ամենից հաճախ տրվող հարցերին։

Օտարերկրացիների համար ի՞նչ կացության կարգավիճակներ են նախատեսված ՀՀ-ում։

ՀՀ-ում օտարերկրացիների գտնվելու և բնակվելու համար սահմանված է կացության երեք կարգավիճակ՝ ժամանակավոր, մշտական և հատուկ։ Նշված կացության կարգավիճակները հաստատող փաստաթղթերն են համապատասխանաբար`ժամանակավոր կացության քարտը, մշտական կացության քարտը և հատուկ անձնագիրը։

Ո՞ր դեպքում է օտարերկրացուն տրամադրվում ժամանակավոր կացության կարգավիճակ և ի՞նչ ժամկետով։

Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունի ՀՀ տարածքում մեկ տարի և ավելի ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանք։ Այդպիսի հանգամանքներ են օրինակ՝ ուսումը, աշխատանքի թույլտվության առկայությունը,  ՀՀ քաղաքացու կամ ՀՀ մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը կամ մերձավոր ազգականը (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) լինելը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, ազգությամբ հայ լինելը և այլն։

Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչև 1 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Ո՞ր դեպքում է օտարերկրացուն տրամադրվում մշտական կացության կարգավիճակ և ի՞նչ ժամկետով։

Մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա`

  • ապացուցում է ՀՀ-ում իր մերձավոր ազգականների (ծնող, ամուսին, եղբայր, քույր, զավակ, տատ, պապ, թոռ) առկայությունը,
  • ՀՀ-ում ապահովված է բնակարանով և գոյության միջոցներով,
  • մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է ՀՀ-ում,

կամ

  • ՀՀ-ում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն,

կամ

  • ազգությամբ հայ է:

Մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով`յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ։

Ո՞ր դեպքում է օտարերկրացուն տրամադրվում հատուկ կացության կարգավիճակ և ի՞նչ ժամկետով։

Հատուկ կացության կարգավիճակ տրվում է ազգությամբ հայ օտարերկրացիներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացիների:

Այն տրվում է 10 տարի ժամկետով և կարող է տրվել մեկից ավելի անգամ:

Կացության կարգավիճակ ստանալու համար օտարերկրացին ո՞ր մարմին պետք է դիմի և ինչպիսի՞ ժամկետներում է որոշում կայացվում։

ՀՀ-ում օտարերկրացուն ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ ստանալու համար օրենքով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, որն էլ իր հերթին 30-օրյա ժամկետում որոշում է կայացնում կացության կարգավիճակի տրամադրման կամ մերժման վերաբերյալ։ Հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ՀՀ տարածքում ներկայացվում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, սակայն որոշում կայացնում է ՀՀ վարչապետը։

Արդյո՞ք ԵԱՏՄ քաղաքացիների համար սահմանված է միևնույն ընթացակարգը։

ԵԱՏՄ անդամ պետությունների այն քաղաքացիները, որոնք ՀՀ-ում իրականացնում են աշխատանքային գործունեություն (ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները),  ազատված են որևէ թույլտվական փաստաթուղթ ստանալու պահանջից աշխատանքային պայմանագրի գործունեության ամբողջ ժամկետի համար։ ՀՀ տարածքում իրենց բնակության օրինականությունը հաստատելու նպատակով վերջիններս կարող են ստանալ բնակության օրինականությունը հաստատող տեղեկանք։ Տեղեկանքը կարող է ստացվել էլեկտրոնային եղանակով՝ https://workpermit.am/ կայքի միջոցով։

Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստանալու կամ նկարագրված գործընթացների վերաբերյալ այլ հարցեր ունենալու դեպքում մեր թիմն ուրախ կլինի Ձեզ հետ կիսվել այս ոլորտում կուտակված փորձառությամբ և գիտելիքներով։

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Խորհրդատվություն

Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ խորհրդատվական ծառայություններ մատուցել:

Վերջին հրապարակումները