Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է խաղային գործունեության ոլորտի զգալի աճ։ Ըստ վիճակագրական տվյալների` ՀՀ–ում 2020 թվականին միայն խաղադրույքների մասով եղել է 2 տրլ դրամ շահույթ, 2021 թ.–ին` 3.9 տրլ, 2022 թ.–ին` 5.8 տրլ։
Քանի որ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ներդրողները շարունակում են ընտրել Հայաստանը իրենց ընկերությունները գրանցելու համար, չափազանց կարևոր է անդրադառնալ հենց այս ոլորտի օրենսդրական առանձնահատկություններին և այս գործունեությամբ զբաղվելու իրավական պահանջներին։
Խաղային գործունեության օրենսդրական սահմանումները
ՀՀ-ում խաղային գործունեությանը վերաբերող օրենսդրությունը հիմնականում բաժանվում է երկու ուղղության՝ «շահումով խաղեր» և «վիճակախաղեր»։ Ըստ այդմ, ՀՀ-ում գործում են «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքները, որոնց համաձայն գոյություն ունեն՝
- Շահումով խաղ` ցանկացած մեքենայացված կամ կենդանի խաղ, որը որևէ կերպ ստեղծում է շահման հնարավորություն, կամ որևէ շահումով խաղի մասնակցելու հնարավորության ստեղծումը անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով (օր․՝ պոկեր);
- Վիճակախաղ` հրապարակային միջոցառում, որի ընթացքում կազմակերպիչը մասնակիցների միջև անցկացնում է վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկություն, ընդ որում, շահումները կախված չեն նրա գործողություններից և կամքից, այլ բացառապես արդյունք են պատահականության;
- Տոտալիզատոր` խաղ, որի մասնակիցը կանխագուշակում է խաղային, սպորտային, սոցիալապես նշանակալից իրավիճակի հնարավոր տարբերակը, ընդ որում, շահումը պայմանավորված է կանխագուշակման մասնակի կամ լրիվ համընկնումից տեղի ունեցած փաստով։
Ելնելով վերգրյալից, կարելի է առանձնացել մոլախաղերի մասնակցության երեք կարևորագույն տարր՝ ըստ ՀՀ օրենսդրության, դրանք են՝
- Համաձայնություն, որն անձը տալիս է, կամ համաձայնում է տալ՝ խաղի մեջ մտնելու համար;
- Պատահականություն, որով էլ որոշվում է խաղի ելքը;
- Շահում, այլ կերպ ասած՝ մրցանակ՝ շահումով խաղերի և վիճակախաղերի նպատակը դրամական միջոցների ձեռքբերումն է։
Հեռավար կարգով կազմակերպվող շահումով խաղեր
Նախ և առաջ անհրաժեշտ է նշել, որ ինտերնետ շահումով խաղ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում ինքնուրույն կամ պայմանագրային հիմունքներով խաղացողի համար որևէ շահումով խաղի մասնակցելու հնարավորության ստեղծումը։
Ինտերնետ շահումով խաղերը համարվում են Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպված, եթե ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի սերվերները տեղակայված են Հայաստանի Հանրապետության տարածքում, ունեն Հայաստանի Հանրապետության համապատասխան համացանցային հաղորդակարգի (IP) հասցե, (Internet Protocol Address – համացանցային հաղորդակարգի հասցե) և տեղեկատվական ռեսուրսները գտնվում են «ԱՄ» դոմենային տիրույթում։
Տարիքային սահմանափակումները
Վիճակախաղին մասնակցելու իրավունք ունեն միայն 18 տարեկանը լրացած անձինք, բացառությամբ տոտալիզատորի, որին մասնակցելու իրավունք ունեն միայն 21 տարեկանը լրացած անձինք:
Խաղերի անօրինական կազմակերպման համար պատժամիջոցները
Առանց իրավաբանական անձի պետական գրանցման կամ առանց լիցենզիայի շահումով խաղերի կազմակերպումը համարվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության իրականացում, որի համար ՀՀ օրենսդրությունը նախատեսում է ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատասխանատվություն։
Մասնավորապես, ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի համաձայն՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, այսինքն` առանց պետական հաշվառման կամ գրանցման ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը կամ առանց հատուկ թույլտվության կամ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա կամ առանց ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 15․000-ից 30․000 դրամի չափով:
ՀՀ Քրեական օրենսգրքով էլ նախատեսվում 10․000-ից 30․000 դրամի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Բացի վերոգրյալ սանկցիաներից, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքները վերջիններիս դրույթները խախտելու համար նախատեսում են՝
- նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական,
- տուգանք,
- լիցենզիայի գործողության կասեցում,
- լիցենզիայի գործողության դադարեցում:
Խաղային գործունեության ոլորտի վերահսկող մարմինները
Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների գործունեությունը վերահսկող մարմինը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն է։
Ինչ վերաբերում է այս ոլորտի լիցենզավորման գործընթացին, ապա լիազոր մարմինը ՀՀ Ֆինանսների նախարարությունն է։
Խաղային գործունեություն իրականացնող սուբյեկտների հարկային պարտավորությունները
Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի` շահումներով խաղերի կազմակերպման համար տարեկան պետական տուրքը Ծաղկաձոր քաղաքում կազմում է 180 000 000 ՀՀ դրամ, Սևան քաղաքում` 150 000 000 ՀՀ դրամ, Ջերմուկ քաղաքում` 100 000 000 ՀՀ դրամ, Մեղրի քաղաքում` 35 000 000 ՀՀ դրամ, այլ վայրում` 5 500 000 000 ՀՀ դրամ:
Հիմք ընդունելով տարեկան վճարվող պետական տուրքերի բարձր սահմանաչափերը՝ խաղային գործունեության կազմակերպող անձինք ազատված են գրեթե բոլոր հարկերից։ ՀՀ օրենսդրությամբ վճարվող միակ հարկը շահութահարկն է, որը հաշվարկվում է հարկման բազայի 18 տոկոս դրույքաչափով:
Խաղային գործունեության գովազդում
«Գովազդի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ համապատասխան լիցենզիա չստացած վիճակախաղի, շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչներն իրավունք չունեն իրականացնելու համապատասխան գործունեության գովազդ Հայաստանի Հանրապետությունում:
Արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ վիճակախաղի դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (խաղասրահի, բուքմեյքերային գրասենյակի) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների։
Շահումով խաղեր, ինտերնետ շահումով խաղեր կամ խաղատներ գովազդելիս պետք է տեսանելի լինի «21+» նշագրումը, իսկ խաղարկությունով, ոչ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղ գովազդելիս՝ «18+» նշագրումը:
Վիճակախաղի, շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի կամ խաղատների գովազդի ժամանակ արգելվում է՝
- դրամական միջոցների կամ անչափահասների կերպարների ցուցադրումը,
- որևէ կերպ դիմել անչափահասներին,
- տպավորություն ստեղծել, թե խաղին մասնակցելն ապահովում է պարբերաբար եկամուտ (շահույթ) ստանալու հնարավորությունը կամ աշխատանքի այլընտրանք է,
- տպավորություն ստեղծել, թե եկամուտ (շահույթ) ստանալը երաշխավորված է,
- ներշնչել, որ խաղի միջոցով հնարավոր է հասնել հասարակական, մասնագիտական, մարզական հաջողության։
Այս գովազդը պետք է պարունակի ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալու անթույլատրելիության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն:
Օրենսդրական զարգացումներ
2024 թվականի սկզբին ՀՀ կառավարությունն ընդունել է մոլախաղերին մասնակցելու նոր սահմանափակումները, ըստ որի՝
- շահումով խաղերին չեն կարող մասնակցել 21 տարին չլրացած անձինք, պետբյուջեից ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորման որևէ ծրագրից օգտվող քաղաքացիները, ընտանիքների անապահովության հիմքով իրականացվող ծրագրերի շահառուները,
- ներդրվելու է էլեկտրոնային կառավարման համակարգ, որը ենթադրում է խաղերի կազմակերպիչների տեղեկատվական համակարգերի, ծրագրային միջոցների և տվյալների բազաների միացումը խաղային կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիթորինգային կենտրոնին։ Բացի այդ, բոլոր խաղային արտադրանքները, ինչպես նաև առցանց հարթակները պետք է սերտիֆիկացում անցնեն միջազգային հեղինակավոր լաբորատորիաների կողմից, որը կստուգվի կառավարության կողմից մրցութային կարգով ընտրված օպերատորի կողմից,
- արգելվելու է օտարերկրյա պետություններում կազմակերպված շահումով խաղերին մասնակցելու հնարավորությունը ՀՀ տարածքում,
- նույնականացվելու են խաղացողի բանկային քարտն ու խաղային հաշվեկշիռը։ Ավելին, խաղեր կազմակերպողը խաղացողի բանկային հաշիվը կարող է ստուգել` հարցում անելով համապատասխան բանկին։
Նոր փոփոխությունների արդյունքում, խաղային արտադրանքի, խաղային ապրանքների հետ կապված գործունեությունը, շահում տալու հավանականությունը սպառողների անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից ամբողջությամբ կլինի ստուգելի, իսկ ընկերությունների շրջանառությունները, կատարված խաղադրույքների ծավալը կլինի ստուգելի և կդառնա վերահսկելի, ինչն ազդեցություն կունենա հարկային եկամուտների վրա։
Այս փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն 2024 թ. հուլիսի 1–ից, սակայն հնարավոր է, որ դրանք գործարկվեն 2025 թ. հունվարի 1–ից, որպեսզի կազմակերպչական բոլոր հացերը լուծվեն։
Եթե ցանկանում եք լիարժեք խորհրդատվություն ստանալ ՀՀ-ում խաղային գործունեության ոլորտում Ձեր իրավունքներից, կամ եթե նպատակ ունեք ստանալ խաղային գործունեության լիցենզիա, ապա մեր իրավաբանների թիմը պատրաստ է աջակցել Ձեզ այս ոլորտին առնչվող ցանկացած հարցում։