Աշխատանքի թույլտվության տրամադրումը օտարերկրացիներին ՀՀ-ում

Թարմացված՝

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում գործում է գործատուի կողմից օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվության ձեռքբերման պահանջ։

Օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2016թ. մայիսի 12-ի թիվ 493-ի որոշմամբ։ Գործատուներն օտարերկրացիների հետ աշխատանքային պայմանագիր կամ ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր) կարող են կնքել, եթե վերջինս ունի աշխատանքի թույլտվություն։

Ովքե՞ր կարող են դիմել աշխատանքի թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետությունում։

Աշխատանքի թույլտվություն ստանալու համար կարող են դիմել ինչպես ՀՀ-ում օրինական կերպով գտնվող, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող օտարերկրացիները, ում մասնագիտական և անձնական որակները համապատասխանում են գործատուի կողմից առաջարկվող աշխատանքի պահանջներին։

Արդյո՞ք աշխատանքային թույլտվությունը հիմք է հանդիսանում կացության կարգավիճակ ստանալու համար։

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն ժամանակավոր կացության կարգավիճակ տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարի և ավել ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ, այդպիսի հանգամանքներից մեկը հանդիսանում է աշխատանքի թույլտվությունը, որը թույլ է տալիս օտարերկրացուն ձեռք բերել ժամանակավոր կացության կարգավիճակ և աշխատել Հայաստանի Հանրապետությունում։

Ո՞վ է դիմում ներկայացնում և ի՞նչ ընթացակարգով է իրականացվում աշխատանքի թույլտվություն ստանալը:

Օտարերկրյա աշխատող ներգրավելու համար աշխատանքի թույլտվության վերաբերյալ դիմումը ներկայացնում է գործատուն՝ լրացնելով համապատասխան դիմումը միգրացիայի ոլորտում լիազորված պետական մարմնի կողմից անցկացվող միասնական էլեկտրոնային հարթակում (Work permit):

Մինչև աշխատանքի թույլտվություն ստանալու համար դիմում ներկայացնելը, գործատուն պետք է տեղեկացնի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ՝ «Նախարարություն») թափուր հաստիքի մասին:

Վերը նկարագրված գործընթացն իրականացնում է գործատուն, և բոլոր փուլերը հաջողությամբ ավարտելուց հետո վերջինս օտարերկրացու հետ կնքում է աշխատանքային պայմանագիր (ծառայությունների մատուցում):

Ովքե՞ր կարող են աշխատել ՀՀ-ում առանց աշխատանքային թույլտվության։

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքը նախատեսում է հիմքեր՝ առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար, օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների և դրանց ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքի անդամները, կինեմատոգրաֆիայի, թատրոնի, համերգային շրջագայությունների նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող կատարողները, արտիստները և այլն։ 

Արդյո՞ք կարող են ԵԱՏՄ քաղաքացիները ՀՀ-ում աշխատել առանց աշխատանքի թույլտվության։

Համաձայն ԵԱՏՄ կարգավորումների՝ անդամ պետությունների քաղաքացիներն ազատված են ԵԱՏՄ տարածքում աշխատանքի թույլտվություն ստանալու պարտավորությունից և իրենց համար գործում է պարզեցված ընթացակարգ։  Քաղաքացիները գրանցելով իրենց աշխատանքային պայմանագիրը ինտերնետային (առցանց) հաշվառման համակարգում, առանց լրացուցիչ փաստաթղթերի հնարավորություն են ունենում ստանալու բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք՝ ՀՀ-ում օրինական հիմունքներով բնակվելու։

Ո՞ր դեպքում է աշխատանքի թույլտվություն տրամադրելը մերժվում։

  • Հայաստանի աշխատաշուկայի վիճակը նախարարության վերլուծության հիման վրա թույլ չի տալիս այդ աշխատանքը,
  • Տվյալ աշխատանքը կատարելու համար ՀՀ օրենքներով պահանջվում է ՀՀ քաղաքացիություն,
  • Պահանջվող տեղեկատվությունը կամ փաստաթղթերը կեղծված են,
  • Գործատուն, որի մոտ պետք է աշխատի տվյալ օտարերկրացին, նախկինում խախտել է օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու պահանջները,
  • Գոյություն ունեն ՀՀ պետական անվտանգությանն սպառնացող պատճառներ:

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Իրավաբանական Խորհրդատվություն

Մատուցելով |անվճար իրավաբանական խորհրդատվություն| մենք ընձեռում ենք հնարավորություն աջակցելու ձեզ ամենաանհրաժեշտ պահին և ճիշտ որոշում կայացնելու հարցում: Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցել: