
Օֆշորային լիցենզիա ունեցող օպերատորների համար խաղային գործունեության տեղափոխումը Հայաստան հազվադեպ է պայմանավորված նոր լիցենզիա ստանալու նպատակով: Խոսքն ավելի շուտ անվտանգ, ծախսարդյունավետ գործառնական բազա կառուցելու, աշխատակազմը տեղափոխելու, տեխնիկական և բեք-օֆիս գործառույթները մեկտեղելու և կայուն կորպորատիվ ռեժիմի ներքո գործելու մասին է: Հայաստանում ընկերության մեկօրյա գրանցումը, հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) ավտոմատ տրամադրումը և բազմալեզու որակյալ մասնագետների առկայությունը երկիրը դարձնում են նպտակահարմար այս դերի համար:
Այս ուղեցույցը ներկայացնում է գործնական որոշումների կայացման հիմնական կետերը՝ ճիշտ իրավական կառուցվածքի ընտրություն, լիցենզիայի անհրաժեշտության պարզաբանում, իրական ծախսեր, բանկային ոլորտի իրողություններ և արտերկրի աշխատակազմի տեղափոխումը կարգավորող աշխատանքային կանոններ:
Լիցենզավորվա՞ծ օպերատոր, թե՞ չկարգավորվող աջակցող սուբյեկտ
Ամենակարևոր որոշումը ձեր կարգավորող կարգավիճակն է, և այս երկու ուղիների միջև ծախսերի տարբերությունը հսկայական է: Եթե ձեր հարթակն օգտագործում է ոչ «.am» դոմեն, և դուք աշխարհագրորեն արգելափակում եք Հայաստանի ռեզիդենտներին, ձեր հայաստանյան գործունեությունը դիտարկվում է որպես արտերկրում կազմակերպված գործունեությանն աջակցում և ամբողջությամբ դուրս է մնում Հայաստանի շահումով խաղերի լիցենզավորման դաշտից։ Սա տեղափոխումների մեծ մասի համար ծախսարդյունավետ տարբերակն է, որը մանրամասն դիտարկվում է iGaming-ի համար Հայաստանում BPO գրասենյակի շահագործման մեր ուղեցույցում:
Որպես այլընտրանք, շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեության հայկական լիարժեք լիցենզիա ունենալն իրավաբանորեն հնարավոր է նույնիսկ այն դեպքում, երբ Հայաստանում շահումով խաղերից ստացված համախառն եկամուտը զրոյական է: Այն կարող է օրինականացնել տեղական գրասենյակը, սակայն էականորեն ավելի թանկ է և ենթադրում է մշտադիտարկման, սերտիֆիկացման և հաշվետվողականության ողջ ծանրությունը: Կարևոր է հասկանալ. լիցենզիա չի պահանջվում պարզապես Հայաստանից գործունեություն իրականացնելու համար, այն պահանջվում է հայկական շուկան թիրախավորելու համար:
Իրավա-կազմակերպական ձևի ընտրություն. ՍՊԸ, ԲԸ կամ մասնաճյուղ
Հասանելի են երեք կորպորատիվ ձևեր, սակայն դրանք հավասարապես հարմար չեն այս նպատակի համար:
- Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՍՊԸ) ստանդարտ ընտրություն է BPO-ի կամ R&D (հետազոտություն և զարգացում) կենտրոնի համար՝ առանձնացված իրավաբանական անձ, սահմանափակ պատասխանատվություն, պարզ կառավարում և ցածր վարչական ծախսեր:
- Բաժնետիրական ընկերությունը (ԲԸ) հարմար է խոշորամասշտաբ գործունեության համար, որը պահանջում է բաժնետիրական կապիտալի բարդ կառուցվածքներ, վենչուրային կապիտալ կամ աշխատակիցների համար բաժնետոմսերով խրախուսման համակարգեր, սակայն ենթադրում է ավելի խիստ կառավարում:
- Օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը կրում է գլխամասային կազմակերպության ամբողջական պատասխանատվությունը և, որպես կանոն, իրավասու չէ ստանալ շահումով խաղերի լիցենզիա, ուստի այն աննպատակահարմար է, եթե երբևէ նախատեսում եք ընտրել լիցենզավորման ուղին:
Պլանավորո՞ւմ եք տեղափոխվել Հայաստան: Մենք կհամապատասխանեցնենք ձեր գործառնական մոդելը ճիշտ իրավական կառուցվածքին և կարգավորող կարգավիճակին նախքան ձեր կողմից վերջնական որոշում կայացնելը: Ամրագրել խորհրդատվություն →
Ինչպես գրանցել խաղային ընկերություն Հայաստանում
Հայաստանում ընկերության գրանցումն ամբողջությամբ էլեկտրոնային է և արագ: Ստանդարտ ՍՊԸ-ն սովորաբար գրանցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (և կարող է գրանցվել անմիջապես, եթե օգտագործվում են նախապես հաստատված տիպային փաստաթղթեր) Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության միջոցով: Համակարգն ավտոմատ կերպով տրամադրում է հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) և սոցիալական ապահովագրության կոդեր, իսկ գրանցումն ինքնին անվճար է: Մեր թիմը կարող է ձեր անունից գրանցել հայկական ՍՊԸ, այդ թվում՝ օտարերկրյա հիմնադիրների համար:
Կանոնադրությունը միակ հիմնադիր փաստաթուղթն է և պետք է ներառի՝
- ընկերության անվանումը,
- գրանցման հասցեն
- կապիտալի կառուցվածքը:
Օտարերկրյա քաղաքացին կարող է հանդես գալ որպես տնօրեն՝ ներկայացնելով անձնագրի նոտարական վավերացմամբ և թարգմանված պատճենը: Օտարերկրյա իրավաբանական անձ հանդիսացող հիմնադիրներին անհրաժեշտ են ապոստիլով վավերացված և նոտարական թարգմանությամբ փաստաթղթեր՝.
- քաղվածք առևտրային ռեգիստրից,
- մայր ընկերության հիմնադիր փաստաթղթերը,
- բաժնետերերի որոշումը,
- նույնականացման տվյալներ:
Եթե կազմակերպությունն իրականացնելու է շահումով խաղերի ոլորտի գործառույթներ, նշանակալից մասնակիցներին (10% և ավել) և պատասխանատու անձանց հավելյալ անհրաժեշտ կլինի դատվածության բացակայության մասին տեղեկանք, ֆինանսական միջոցների ծագման հիմնավորում և ապացույց, որ նրանք զրկված չեն ֆինանսական կամ իրավաբանական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
Որքա՞ն արժե առցանց շահումով խաղերի լիցենզիան Հայաստանում
Եթե, այնուամենայնիվ, որոշեք գնալ լիցենզավորման ուղիով, գումարները զգալի են: Ստորև բերված թվերը վերցված են Պետական տուրքի մասին օրենքից և «Շահումով խաղերի գործունեության կարգավորման մասին» օրենքից, որտեղ բազային տուրքը սահմանված է 1,000 ՀՀ դրամ:
Լիցենզիայի վճարներ և ավանդ
| Հոդված | Գումար |
| Ինտերնետ շահումով խաղեր — տարեկան լիցենզիայի տուրք | 600,000,000 ՀՀ դրամ |
| Պարտադիր բանկային դեպոզիտ | Կրկնակի տարեկան տուրքի չափով (≈ 1.2 միլիարդ ՀՀ դրամ առցանց խաղերի համար) |
| «Խաղադրույքներ ընդունելու իրավունք» — Ինտերնետ շահումով խաղեր | 175,000 բազային տուրք յուրաքանչյուր 100 մլրդ ՀՀ դրամ խաղադրույքի դիմաց, × տարեկան գործակից |
| «Խաղադրույքներ ընդունելու իրավունք» — Տոտալիզատոր | 50,000 բազային տուրք յուրաքանչյուր 50 մլրդ ՀՀ դրամ խաղադրույքի դիմաց, × տարեկան գործակից |
Խաղադրույքներ ընդունելու իրավունքի տուրքն ամեն տարի աճում է որոշակի գործակցով. 2026 թ.՝ 3.0, 2027 թ.՝ 4.0, 2028 թ.՝ 5.0, և այս տուրքերը ենթակա չեն վերադարձման նույնիսկ այն դեպքում, երբ գնված ծավալը չի օգտագործվում:
Ընթացիկ պարտավորություններ
Լիցենզավորված օպերատորները պետք է միացնեն իրենց տեխնիկական համակարգերը պետական Մոնիթորինգային կենտրոնին, ստանան համապատասխանության սերտիֆիկատներ (ներառյալ նվազագույնը 90% RTP), իրականացնեն պարտադիր 21+ տարիքային սահմանափակմամբ KYC, ներկայացնեն ֆինանսական հոսքերի ամսական հաշվետվություններ և անցնեն տարեկան անկախ աուդիտ: Այս համակցված բեռն է հենց պատճառը, որ տեղափոխվող օպերատորների մեծամասնությունը նախընտրում է չկարգավորվող աջակցության տարբերակը, քանի դեռ նրանք մտադիր չեն սպասարկել հայաստանյան խաղացողներին:
Եթե նհրաժեշտ է արագ և գրագետ հիմնադրել ձեր հայկական ՍՊԸ-ն: Մեր կորպորատիվ իրավաբանների թիմն ամբողջությամբ իրականացնում է ընկերության գրանցումը, բանկային հարաբերությունների հաստատումը և աշխատակազմի տեղափոխումը՝ սկզբից մինչև վերջ: Գրանցել ընկերությունը Հայաստանում →
Բանկային հաշվի բացում խաղային ընկերության համար
Բանկային սպասարկումը հաճախ ամենաթերագնահատված խոչընդոտն է: Առցանց խաղերի հետ որևէ առնչություն ունեցող ցանկացած կազմակերպություն (նույնիսկ զուտ BPO) հայտնվում է այնպիսի կատեգորիայում, որտեղ հայկական բանկերը կիրառում են խիստ պատշաճ ուսումնասիրություն (enhanced due diligence), և ոչ բոլոր բանկերը կսպասարկեն ընկերությանը, որի հաճախորդները խաղային օպերատորներ են:
Նախքան որևէ պաշտոնական դիմում ներկայացնելը, նախնական հարցումներ կատարեք երկու կամ երեք բանկերում և պատրաստեք փաստաթղթերի ամբողջական փաթեթ՝
- ֆինանսական միջոցների ծագման հիմնավորում,
- իրական շահառուների (UBO) նույնականացում (20% և ավել վերահսկողություն),
- բիզնես գործունեության հստակ նկարագրություն և տեղեկատվություն կոնտրագենտների, ներառյալ՝ օֆշորային մայր ընկերության վերաբերյալ:
Հաշիվները բացելուց հետո դրանք գտնվում են շարունակական վերահսկողության տակ։ Բանկերը զեկուցում են շեմային գործարքների մասին և կարող են կասեցնել համագործակցությունը, եթե պահանջվող փաստաթղթերը չտրամադրվեն երեքից հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
Միջազգային աշխատակազմի տեղափոխում
Հայաստանի աշխատանքային օրենսգիրքը կարգավորում է տեղափոխված աշխատուժի գործունեությունը, և ժամկետները կարևոր են, քանի որ սպասվում են երկու մոտալուտ փոփոխություններ. «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխությունների փաթեթն ակնկալվում է, որ ուժի մեջ կմտնի 2026 թ. նոյեմբերի 1-ից, իսկ բոլոր աշխատանքային հարաբերությունների թվային գրանցումը կդառնա պարտադիր 2027 թ. հուլիսի 1-ից: Աշխատանքային պայմանագրերը պետք է լինեն գրավոր, պարունակեն պարտադիր պայմանների հստակ սահմանված ցանկ և գրանցվեն պարտադիր workpermit.am պլատֆորմի միջոցով:
Տեղափոխված աշխատակիցների համար արժե ընդգծել երկու կանոն: Աշխատանքային պայմանագրի ժամկետը չպետք է գերազանցի աշխատողի կացության կարգավիճակի վավերականության ժամկետը, և եթե գործատուն չի կարողանում ապահովել այն աշխատանքով, որի համար տրվել էր կացության իրավունքը, գործատուն է հոգում աշխատողի և նրա ընտանիքի հայրենադարձման ծախսերը: Նախքան աշխատակիցների ընդունումը խիստ խորհուրդ է տրվում դիմել աշխատանքային իրավունքի հայ մասնագետի և ներգաղթի հարցերով մասնագետի՝ հաշվի առնելով աշխատակազմի բազմազգ բնույթը:
Հաճախ տրվող հարցեր (ՀՏՀ)
Որքա՞ն ժամանակ է պահանջվում Հայաստանում ընկերություն գրանցելու համար
Ստանդարտ ՍՊԸ-ն սովորաբար գրանցվում է դիմումը ներկայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ նախապես հաստատված տիպային փաստաթղթերի օգտագործման դեպքում գրանցումը կարող է կատարվել անմիջապես: Այն դեպքում, երբ հիմնադիրը իրավաբանական անձ է, այն կարող է տևել մինչև երկու աշխատանքային օր:
Կարո՞ղ է օտարերկրացին լինել հայկական ընկերության 100% սեփականատեր
Այո: Օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձը կարող է լիովին տնօրինել հայկական ՍՊԸ-ն, և օտարերկրյա քաղաքացին կարող է հանդես գալ որպես տնօրեն: Օտարերկրյա իրավաբանական անձ հանդիսացող հիմնադիրները պետք է ներկայացնեն ապոստիլով վավերացված և նոտարական թարգմանությամբ փաստաթղթեր՝ քաղվածք առևտրային ռեգիստրից, մայր ընկերության հիմնադիր փաստաթղթերը, բաժնետերերի որոշումը և նույնականացման տվյալներ:
Արդյո՞ք անհրաժեշտ է շահումով խաղերի լիցենզիա՝ խաղային գործունեությունը Հայաստան տեղափոխելու համար
Ոչ, պարտադիր չէ զուտ Հայաստանից գործունեություն իրականացնելու համար: Լիցենզիա պահանջվում է հայկական շուկան թիրախավորելու համար: Որպես աջակցող սուբյեկտ ոչ «.am» դոմենով և հայաստանյան խաղացողների աշխարհագրական արգելափակմամբ (geoblocked) գործելը գործունեությունը պահում է հայկական շահումով խաղերի լիցենզավորման դաշտից դուրս:
Որքա՞ն արժե առցանց շահումով խաղերի լիցենզիան Հայաստանում
Ինտերնետ շահումով խաղերի տարեկան պետական տուրքը կազմում է 600,000,000 ՀՀ դրամ, գումարած տարեկան տուրքի կրկնապատիկի չափով պարտադիր բանկային դեպոզիտ, ինչպես նաև առանձին, չվերադարձվող տուրք «խաղադրույքներ ընդունելու իրավունքի» համար, որը փոփոխվում է խաղադրույքների ծավալին համամասնորեն և աճում է տարեկան գործակցով մինչև 2028 թ.:
Կբացի՞ արդյոք հայկական բանկը հաշիվ խաղային ոլորտի հետ կապված ընկերության համար
Երբեմն, սակայն ակնկալեք խիստ պատշաճ ուսումնասիրություն (enhanced due diligence): Ոչ բոլոր բանկերը կսպասարկեն ընկերության, որի հաճախորդները խաղային օպերատորներ են, ուստի վաղ փուլում դիմեք երկու կամ երեք բանկ և պատրաստեք փաստաթղթերի ամբողջական փաթեթ, ներառյալ՝ ֆինանսական միջոցների ծագման հիմնավորում, իրական շահառուների (UBO) նույնականացում և կոնտրագենտների վերաբերյալ մանրամասներ: