Մտավոր սեփականությունն ու հեղինակային իրավունքները ՀՀ ՏՏ ընկերությունների համար

Հայաստանը դասվում է աշխարհի այն երկրների շարքին, որտեղ իրականացվում են ՏՏ ոլորտի ընկերություններին պետական աջակցության խոշորամասշտաբ ծրագրեր: Սակայն միայն այսքանը բավարար չէ ՏՏ ոլորտում հաջողության հասնելու համար: ՏՏ ոլորտի ընկերությունների հաջողությունը մեծապես պայմանավորված է նաև մտավոր սեփականության մասին օրենքով մշակվող համակարգչային ծրագրերի, ալգորիթմների և ծրագրային ապահովումների՝ այլ անձանց անբարեխիղճ օգտագործումից պաշտպանությամբ։ 

ՏՏ ոլորտի ընկերությունների կողմից ստեղծված պրոդուկտները պաշտպանվում են մտավոր սեփականության իրավունքներով։ Հայաստանյան օրենսդրության հիմնական առավելությունն այն է, որ այն հնարավորություն է տալիս իրականացնել նշված պրոդուկտների պաշտպանությունը՝ օգտագործելով մտավոր սեփականության միանգամից չորս օբյեկտների համար նախատեսված իրավական կառուցակարգեր։ Մասնավորապես՝ Հայաստանում համակարգչային ծրագրերը, ալգորիթմները և ծրագրային ապահովումները կարող են պաշտպանվել․

  • որպես հեղինակային իրավունքի օբյեկտ՝ հեղինակային իրավունքներով,
  • որպես գյուտ՝ արտոնագրային իրավունքներով,
  • որպես չբացահայտված տեղեկատվություն,
  • ապրանքային նշանով։

Ստորև կանդրադառնանք պաշտպանության այս եղանակներից յուրաքանչյուրին և կփորձենք վեր հանել դրանց հիմնական առանձնահատկությունները։

Համակարգչային ծրագրի պաշտպանությունը՝ որպես հեղինակային իրավունքի օբյեկտ

Հեղինակային իրավունքով պաշտպանության պայմանները

«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ համակարգչային ծրագիր է համարվում ցանկացած ձևով արտահայտված ծրագիրը, ներառյալ` դրա ստեղծման համար անհրաժեշտ նախապատրաստական նյութերը: Համակարգչային ծրագիրը պահպանվում է հեղինակային իրավունքով, եթե դա յուրօրինակ է և հեղինակի մտավոր ստեղծագործական աշխատանքի արդյունք է: 

Չնայած նման բարդ ձևակերպմանը, Հայաստանում իրավակիրառ պրակտիկան այն ուղղությամբ է գնում, որ եթե համակարագչային ծրագիրը չի ստեղծվել մեկ այլ համակարգչային ծրագրի օբյեկտիվ կոդի արտատպման արդյունքում, ապա այն կհամարվի հեղինակային իրավունքի օբյեկտ։

Հեղինակային իրավունքի ծագման պահը

«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը նախատեսում է, որ համակարգչային ծրագրի նկատմամբ հեղինակային իրավունքը ծագում է այդ ծրագրի ստեղծման փաստի ուժով։ Ստեղծագործությունը համարվում է ստեղծված, եթե այն արտահայտված է ընկալելու հնարավորություն թույլատրող որևէ օբյեկտիվ ձևով և կախված չէ այդ իրավունքի պաշտոնական հաստատագրումից, ստեղծագործության գրանցումից և որևէ այլ գործողության կատարումից:

Թեև հեղինակային իրավունքների ծագման հարցը բավականին պարզեցված է, այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հագամանքը, որ հեղինակային իրավունքները չեն գրանցվում և տեսանելի չեն երրորդ անձանց համար՝ կարող են խնդիրներ առաջանալ հեղինակային իրավունքների պաշտպանության հարցում։ Նման խնդիրներից խուսափելու, իսկ խնդրի առաջացման դեպքում իր՝ հեղինակային իրավունքների իրավատեր հանդիսանալու փաստը հիմնավորելու համար՝ անձը հեղինակային իրավունքի մասին ծանուցելու նպատակով կարող է օգտագործել հեղինակային իրավունքի պահպանության նշանը, որը զետեղվում է համակարգչային ծրագրի ելքային տեքստի վրա և կազմված է․

  • շրջանագծի մեջ վերցված լատինական «C» տառից,
  • բացառիկ գույքային իրավունքները տիրապետող անձի անունից կամ անվանումից,
  • համակարգչային ծրագրի հրապարակման տարեթվից։

Copyright logotype example

Հեղինակային իրավունքի գործողության ժամկետը

Հեղինակային իրավունքները բաժանվում են երկու խմբի՝ գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ։ Համկարգչային ծրագրի նկատմամբ անձնական ոչ գույքային իրավունքները պատկանում են միայն հեղինակին և գործում են անժամկետ։ 

Հեղինակային գույքային իրավունքները գործում են հեղինակի կյանքի ընթացքում և շարունակում են գործել նրա մահից, իսկ համահեղինակության դեպքում՝ համահեղինակներից վերջինի մահից հետո` 70 տարի։ Նշված ժամկետը հաշվարկվում է հեղինակային իրավունքի օբյեկտի ստեղծմանը հաջորդող տարվա հունվարի մեկից:

Համակարգչային ծրագրի հեղինակի բացառիկ իրավունքները

Համակարգչային ծրագրի հեղինակը բացառիկ իրավունք ունի կատարելու կամ թույլատրելու հետևյալ գործողությունները․

  • համակարգչային ծրագրի մշտական կամ ժամանակավոր վերարտադրությունը ցանկացած միջոցներով և ձևով, մասամբ կամ ամբողջությամբ,
  • համակարգչային ծրագրի թարգմանությունները, մշակումները, հարմարեցումները կամ ցանկացած այլ փոփոխությունները և դրանց արդյունքների վերարտադրումը՝ առանց խախտելու իր թույլտվությամբ այդ փոփոխությունները կատարող անձի իրավունքները,
  • ցանկացած ձևով համակարգչային ծրագրի բնօրինակի կամ օրինակների տարածումը, ներառյալ` վարձույթով տալը և փոխատվությունը։

Համակարգչային ծրագրի ազատ վերարտադրումը և ապաբանաքաղումը (դեկոմպիլյացիա)

Համակարգչային ծրագիրն առանց հեղինակի համաձայնության վերարտադրել և ապաբանքաղել կարող են միայն համակարգչային ծրագիրը օրինական, այսինքն՝ հեղինակի համաձայնությամբ, օգտագործողները։ Վերջիններս առանց հեղինակի համաձայնության և հավելյալ վարձատրության իրավունք ունեն եզակի օրինակով դա վերարտադրել կամ վերափոխել, եթե այդ օրինակը կամ վերափոխումն անհրաժեշտ է՝

  • օգտագործողի տեխնիկական միջոցների զուգակցությամբ օգտագործման համար, բացառապես այն նպատակով և ծավալով, որոնց համար նախատեսված է ծրագիրը, ներառյալ՝ դրանում առկա ակնհայտ սխալների ուղղման համար, կամ
  • օրինական ճանապարհով ձեռք բերված համակարգչային ծրագիրը կամ օրինակը փոխարինելու համար՝ դրա կորստյան, ոչնչացման կամ ոչ պիտանի լինելու դեպքում:

Օգտագործողն առանց հեղինակի համաձայնության և հավելյալ վարձատրության իրավունք ունի ապաբանաքաղել (վերարտադրել և վերափոխել ծրագրի օբյեկտային կոդը ելքային տեքստի) կամ այլ անձանց հանձնարարել այդ գործողությունների իրականացումը, եթե դրանք անհրաժեշտ են ինքնուրույն ստեղծված համակարգչային ծրագիրն այլ ծրագրերի հետ փոխգործողության ունակության հասնելու նպատակով անհրաժեշտ տեղեկատվություն ձեռք բերելու համար, եթե առկա են հետևյալ պայմանները`

  • օրինական օգտագործողի կամ նրա հանձնարարությամբ գործող անձանց համար փոխգործողության ունակության հասնելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը նախօրոք մատչելի չէր այլ աղբյուրներից,
  • նշված գործողությունները սահմանափակված են ապաբանաքաղվող ծրագրի մասերով, որոնք անհրաժեշտ են փոխգործողության ունակության հասնելու համար:

 

Համակարգչային ալգորիթմի և ծրագրային ապահովման պաշտպանությունը՝ որպես գյուտ

2021 թվականի հուլիսին Հայաստանում ուժի մեջ է մտել «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքը, որով Հայաստանը դարձել է աշխարհում երկրորդ պետությունը (ԱՄՆ-ից հետո), որը հնարավորություն է ընձեռում որպես գյուտ գրանցել համակարգչային ալգորիթմը և ծրագրային ապահովումը։

«Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ գյուտն իրենից ներկայացնում է ցանկացած բնագավառի տեխնիկական լուծում, որը վերաբերում է արտադրանքին (մասնավորապես սարքին, նյութին, կենսատեխնոլոգիական արգասիքին) կամ եղանակին (նյութական միջոցների օգնությամբ նյութական օբյեկտի վրա գործողությունների իրականացման գործընթացին), այդ թվում` արտադրանքի կամ եղանակի կիրառմանը որոշակի նշանակությամբ: Համակարգչային ալգորիթմին և ծրագրային ապահովմանը վերաբերող գյուտերը ենթակա են պահպանության, եթե տվյալ գյուտը վերաբերում է եղանակին։ Գյուտը պահպանվում է, եթե այն նոր է, ունի գյուտարարական մակարդակ (կամ ուղղակիորեն չի բխում տեխնիկայի մակարդակից) և արդյունաբերորեն կիրառելի է։

Արտոնագրային իրավունքի ծագման պահը

«Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համակարգչային ալգորիթմի և ծրագրային ապահովման նկատմամբ արտոնագրային իրավունքը ծագում է համապատասխան պետական գրանցամատյանում այն որպես գյուտ գրանցելու պահից։ Ի տարբերություն հեղինակային իրավունքների՝ արտոնագրային իրավունքների մասին երրորդ անձանց ծանուցելու անհրաժեշտություն չկա, քանի որ արտոնագրային իրավունքները պետական գրանցում են ստանում։

Արտոնագրային իրավունքների գործողության ժամկետը

Գյուտի նկատմամբ գույքային իրավունքների գործողության ժամկետը կախված է այն հանգամանքից, թե դրա համար ինչ տեսակի արտոնագիր է տրված։ Եթե տրված է գյուտի արտոնագիր, ապա այդ իրավունքները գործում են 20 տարի ժամկետով, իսկ եթե տրված է գյուտի կարճաժամկետ արտոնագիր՝ 10 տարի ժոմկետով։ Նշված ժամկետները հաշվարկվում են գյուտի գրանցման հայտը ներկայացնելու օրվանից։

 

Գյուտի գրանցման կարգը և ժամկետները

Գյուտի պետական գրանցման հայտը ներկայացվում և արտոնագիրը տրվում է այն անձին, ում անունով խնդրարկվում է արտոնագիրը։ Հայտը ներառում է․

  • դիմում` արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու մասին.
  • գյուտի նկարագրությունը.
  • գյուտի հավակնության սահմանումը, որը ներառում է առնվազն մեկ անկախ կետ.
  • գծագրեր և այլ նյութեր՝ գյուտի էությունը հասկանալու անհրաժեշտության դեպքում.
  • գյուտի համառոտ շարադրանքը (ռեֆերատ):
Հայտին կցվում են`
  • լիազորագիր, եթե այն ներկայացվել է արտոնագրային հավատարմատարի կամ ներկայացուցչի միջոցով,
  • hայտի փաստաթղթերի հայերեն թարգմանությունը, եթե hայտը ներկայացվել է այլ լեզվով,
  • օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը (պետական տուրքի չափը կարող է տարբեր լինել կախված տարբեր հանգամանքներից):

Հայտի և դրա առարկա հանդիսացող գյուտի համապատասխանությունը օրենքով սահմանված պահանջներին ստուգելու համար պետական լիազոր մարմինն իրականացնում է հայտի ձևական, նախանական և ըստ էության փորձաքննություններ։ Հայտի ձևական փորձաքննությունն իրականացվում է հայտը ստանաուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, այնուհետև եռամսյա ժամկետում իրականացվում է նախնական փորձաքննություն։

Եթե պետական լիազոր մարմինը համարում է, որ հայտը բավարարում է ձևական պահանջներին, ապա գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտի դեպքում որոշում է կայացնում կարճաժամկետ արտոնագիր տալու կամ կարճաժամկետ արտոնագիր տալը մերժելու մասին, իսկ գյուտի արտոնագիր ստանալու հայտի դեպքում՝ հայտի հրապարակման մասին։

Հայտի հրապարակման մասին որոշման կայացման դեպքում պետական լիազոր մարմինը հրապարակում է հայտը` այն ներկայացնելու թվականից հաշված՝ 18 ամիս լրանալուց հետո: Հայտատուի դիմումի համաձայն՝ 10,000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման պայմանով, հայտը կարող է հրապարակվել մինչև նշված տասնութամսյա ժամկետը լրանալը, բայց ոչ շուտ, քան մինչև հայտը ներկայացնելու թվականից երեք ամիս լրանալը։

Հայտի հրապարակումից հետո հայտատուի կամ ցանկացած երրորդ անձի ներկայացրած գրավոր դիմումի հիման վրա, որը պետք է ներկայացվի 5 տարվա ընթացքում՝ սկսած հայտի ներկայացման թվականից, անցկացվում է գյուտի ըստ էության փորձաքննություն: Նշված դիմումը համարվում է ներկայացված 120,000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման դեպքում։

Գյուտի ըստ էության փորձաքննության արդյունքներով պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում արտոնագիր տալու կամ արտոնագիր տալը մերժելու մասին: Արտոնագիր տալու մասին կայացված որոշումը պետական լիազոր մարմինն ուղարկում է հայտատուին։ Արտոնագիր ստանալու համար՝ հայտատուն նշված որոշումը ստանալուց հետո 3 ամսվա ընթացքում պարտավոր է վճարել 15,000 ՀՀ դրամ։

Համակարգչային ծրագրի, ալգորիթմի և ծրագրային ապահովման պաշտպանությունը՝ որպես չբացահայտված տեղեկատվություն

Չբացահայտված տեղեկատվություն համարվելու պայմանները

ՀՀ օրենսդրությամբ չբացահայտված տեղեկատվություն է համարվում տեխնիկական, կազմակերպչական կամ առևտրային տեղեկատվությունը` ներառյալ արտադրության գաղտնիքները (նոու-հաու)։ Համակարգչային ծրագիրը, ալգորիթմը և ծրագրային ապահովումը ամենալավը կարող են տեղավորվել «առևտրային տեղեկատվություն» հասկացության ներքո, եթե միաժամանակ առկա են հետևյալ պայմանները․

  • երրորդ անձանց անհայտ լինելու ուժով դրանք ունեն իրական կամ հնարավոր առևտրային արժեք, 
  • չկա օրինական հիմքերով դրանք ազատորեն ստանալու հնարավորություն,
  • տեղեկատվություն ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրանց գաղտնիության պահպանման համար:

Չբացահայտված տեղեկատվության նկատմամբ իրավունքի ծագման պահը

Չբացահայտված տեղեկատվությունն ապօրինի օգտագործումից պահպանելու իրավունքը ծագում է դրա ստեղծման պահից և անկախ այդ տեղեկատվության նկատմամբ որևէ ձևականություն կատարելուց (գրանցելուց, վկայական ստանալուց և այլն):

Իրավունքի գործողության ժամկետը

Չբացահայտված տեղեկատվության պահպանության իրավունքը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են այն պայմանները, որոնց ուժով տեխնիկական, կազմակերպչական կամ առևտրային տեղեկատվությունը համարվում է չբացահայտված տեղեկատվություն։

Չբացահայտված տեղեկատվությանը տիրապետող անձի իրավունքները

Չբացահայտված տեղեկատվությանը տիրապետող անձն իրավունք ունի․

  • արգելել առանց իր համաձայնության չբացահայտված տեղեկատվության օգտագործումն այլ անձանց կողմից,
  • չբացահայտված տեղեկատվությունն ապօրինի հիմքերով ստացած, տարածած կամ օգտագործած անձից պահանջել հատուցել դրա ապօրինի օգտագործմամբ պատճառված վնասները, ինչպես նաև պահանջել անհապաղ դադարեցնել դրա օգտագործումը,
  • չբացահայտված տեղեկատվության բովանդակությունը կազմող տեղեկություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն լիցենզային պայմանագրով հանձնել այլ անձի։

Չբավահայտված տեղեկատվության պաշտպանության եղանակները

Չբացահայտված տեղեկատվությունը կարող է պաշտպանվել ինչպես տեխնիկական, այնպես էլ իրավական եղանակներով։ Տեխնիկական եղանակների շարքում կարող ենք առանձնացնել, օրինակ՝ աշխատողների աշխատանքային էլեկտրոնային հասցեներին հասանելիությունը միայն աշխատվայրի համակարգիչներից, այդ համակարգիչներից ինֆորմացիայի պատճենահանման արգելքը և այլն։

Չբացահայտված տեղեկատվության պաշտպանության իրավական հիմնական եղանակը գաղտնիության համաձայնագրերի կնքումն է այդ տեղեկատվության հետ առնչվող աշխատակիցների և այն կոնտրագենտների հետ, ում փոխանցվում է այդ տեղեկատվությունը։ Որպես կանոն, այս պայմանագրերով չբացահայտված տեղեկատվության ապօրինի օգտագործման համար նախատեսվում է բարձր չափով տուգանք և պայմանագրի ու դրանով ստանձնած պարտավորությունների գործողության երկար ժամկետ։

Չբացահայտված տեղեկատվության ազատ օգտագործումը

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1165-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսում է, որ անձն իրավունք ունի օգտագործել չբացահայտված տեղեկատվությունը առանց համապատասխան չբացահայտված տեղեկատվության տիրապետողի համաձայնության ու վերջինիս հանդեպ պատասխանատվություն չի կրում դրա օգտագործման համար, եթե չբացահայտված տեղեկատվության բովանդակություն ունեցող տեղեկություններն ստացել է ինքնուրույն և օրինաչափ ձևով։

Համակարգչային ծրագրի, ալգորիթմի և ծրագրային ապահովման պաշտպանությունը ապրանքային նշանով

ՀՀ օրենսդրությամբ համակարգչային ծրագիրը, ալգորիթմը և ծրագրային ապահովումը համարվում են քաղաքացիական իրավունքի օբյեկտներ՝ ապրանքներ։ Հետևաբար՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ով մշակել է այդ ծրագիրը, ալգորիթմը և ծրագրային ապահովումը, կարող է այդ ապրանքները այլ անձի ապրանքներից տարբերելու, ինչպես նաև իր ապրանքները գովազդելու ու շուկայում հայտնի դարձնելու համար օգտագործել որևէ նիշ՝ ապրանքային նշան։

Ապրանքային նշանի իրավական պահպանությունը

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է՝

  1. Հայաստանի օրենքով սահմանված կարգով դրա պետական գրանցման հիման վրա,
  2. Ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու հիման վրա,
  3. Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի կամ այդ համաձայնագրի արձանագրության համաձայն` միջազգային գրանցման հիման վրա,
  4. Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին պայմանագրով սահմանված կարգով դրա գրանցման հիման վրա,

Ապրանքային նշանի իրավական պահպանությունը տարածվում է այն ապրանքների և (կամ) ծառայությունների վրա, որոնց համար գրանցվել է ապրանքային նշանը։

Ապրանքային նշանի գրանցումը

Ապրանքային նշանի գրանցման համար ներկայացվում է ՀՀ կառավարության սահմանած ձևի հայտ: Հայտը պարտադիր պետք է ներկայացվի հայերեն, իսկ հայտին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև այլ լեզվով, սակայն պետք է ներկայացվեն նաև դրանց հայերեն թարգմանությունները: Հայտին կցվում է նաև 70,000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման անդորրագիր` հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար:

Հայտը ստանալուց հետո 4 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը սահմանում է հայտի ներկայացման թվականը, որից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է հայտի նախնական փորձաքննություն: Նախնական փորձաքննությունը հաջողությամբ ավարտվելուց հետո պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտի հրապարակման և ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին, որը տևում է 3 ամիս: Ըստ էության փորձաքննությունն հաջողությամբ ավարտվելուց հետո պետական լիազոր մարմինը ծանուցում է հայտատուին ապրանքային նշանի գրանցման հնարավորության մասին: Ապրանքային նշանի գրանցման մասին որոշում կայացվելու համար հայտատուն նշված ծանուցումը ստանալուց հետո 3 ամսվա ընթացքում պետք է վճարի 50,000 ՀՀ դրամի չափով պետական տուրք: Նշված ժամկետում վճարումը չկատարելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված:

Ֆիզիկական անձանց, ինչպես նաև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձանց համար նշված պետական տուրքերի չափը նվազեցվում է 75 տոկոսով, իսկ  իսկ 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձանց համար` 50 տոկոսով:

Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների գործողության ժամկետը

Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը 10 տարի է՝ հայտի ներկայացման թվականից հաշված, որը կարող է բազմակի երկարաձգվել յուրաքանչյուր անգամ 10 տարի ժամկետով: Դրա համար անհրաժեշտ է  ապրանքային նշանի գրանցման գործողության ընթացիկ ժամկետի վերջին տարվա ընթացքում ներկայացնել երկարաձգման դիմում: Դիմումին կցվում է 120,000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման անդորրագիր, իսկ եթե ապրանքային նշանը գրանցվել է մեկից ավեի դասերի համար, ապա յուրաքանչյուր դասի համար վճարվում է ևս 10,000 ՀՀ դրամ պետական տուրք:

Իրավաբանների մեր թիմն ուրախ կլինի աջակցել Ձեր համակարգչային ծրագրերի, ալգորիթմների և ծրագրային ապահովումների արդյունավետ պաշտպանության հարցում` գործի դնելով Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավոր մեխանիզմները:

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Խորհրդատվություն

Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ խորհրդատվական ծառայություններ մատուցել:

Վերջին հրապարակումները