Հեղինակային իրավունքի պաշտպանությունը Հայաստանում

Հեղինակային իրավունքի պաշտպանությունը Հայաստանում հիմնված է հեղինակի ստեղծագործության ինքնատիպության վրա։ Տաղանդավոր հեղինակների ստեղծագործական ապահովությունը խթանելու նպատակով, շատ երկրներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունը հեղինակներին սեփական ստեղծագործությունները վերահսկելու հատուկ իրավունքներ են տալիս, որոնք հայտնի են հեղինակային իրավունք անվանումով։

Արդյոք ՀՀ օրենսդրության համաձայն կարո՞ղ եք պաշտպանել Ձեր գաղափարները՝ որպես հեղինակային իրավունքի օբյեկտ։

Հեղինակային իրավունքը պահպանում է ինչպես ազգային, այնպես էլ օտարերկրյա հեղինակների գաղափարի արտահայտման ձևը, քանի որ հենց այդ արտահայտությունն է, որ ստեղծագործությունը ինքնատիպ է դարձնում։

Հեղինակային իրավունքով կարող են պաշտպանվել Ձեր` որպես հեղինակի գիտության, գրականության և արվեստի ինչպես հրապարակված, այնպես էլ չհրապարակված ստեղծագործությունները։

Հեղինակային իրավունքի օբյեկտներ են՝

ա) գրական, գիտական ստեղծագործությունները, ինչպես նաև համակարգչային ծրագրերը.

բ)գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, դիզայնի և կերպարվեստի այլ ստեղծագործությունները.

գ)քաղաքաշինական, ճարտարապետական, այգեպուրակային արվեստի ստեղծագործությունները և դրանց լուծումները ինչպես ամբողջությամբ, այնպես էլ առանձին մասերը, տեսալսողական ստեղծագործությունները (կինո-հեռուստաֆիլմերը, անիմացիոն և մուլտիպլիկացիոն կինոնկարները, կարճ երաժշտական տեսահոլովակները, գովազդային, փաստագրական, փաստավավերագրական և այլ ֆիլմերը  և այլն։

Հեղինակային իրավունքը տարածվում է նաև ածանցյալ ստեղծագործությունների վրա, մասնավորապես՝

— այլ ստեղծագործությունների թարգմանությունները, ադապտացիաները, փոխադրումները, դաշնավորումներն ու վերադաշնավորումները, մշակումներն ու վերամշակումները, բեմականացումներ և այլն։

Պարտադի՞ր է, հեղինակի ստեղծագործության ինքնատիպ, արժեքավոր և օգտակար լինելը՝  ՀՀ-ում պաշտպանություն ստանալու համար։

Ոչ։ Հեղինակային իրավունքի պաշտպանության միակ և գլխավոր պայմանը հեղինակի ստեղծագործության ինքնատիպությունն է։ Կարևոր նախապայմանը մեկ այլ ստեղծագործության կրկնությունը չլինելն է։

Մեր թիմը ուրախ կլինի օգնել Ձեզ՝ պաշտպանելու Ձեր հեղինակային իրավունքները։

Կա՞ արդյոք տարբերակիչ հատկանիշ, որը հուշում է հեղինակային իրավունքի մասին, արդյոք պարտադի՞ր է այդ նշանի կիրառումը։

Ստեղծագործությունների վրա կարող է դրվել C նշանը, նշվել հեղինակի անուն, ազգանունը և տարեթիվ։ Քանի որ C նշանը միայն հիշեցում է, պարտադիր չէ այն տեղադրել ստեղծագործության վրա, որպեսզի դրանք համարվեն պահպանված հեղինակային իրավունքով։

Ի՞նչ գործողություններ կարող են ՀՀ-ում արգելվել կամ թույլատրվել հեղինակի կողմից։

Հեղինակը կարող է իր ստեղծագործության նկատմամբ արգելել կամ թույլատրել հետևյալ գործողությունները․

  • Վերարտադրություն (օրինակ՝ ձայնագրություն)
  • Օրինակների տարածում
  • Հրապարակային կատարում
  • Թարգմանություն այլ լեզուներով և այլն

Ուստի, գրքի պատճենահանումը, յուրաքանչյուր ստեղծագործության թարգմանությունը, հրապարակային կատարում՝ առանց հեղինակի թույլտվության, համարվում են հեղինակային իրավունքների խախտում։

Ինչպե՞ս կարող եք վերականգնել Ձեր խախտված հեղինակային իրավունքները։

Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերն իր իրավունքները պաշտպանելու նպատակով կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել դատարան:

Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերն իր իրավունքները պաշտպանելու նպատակով, դատական կարգով, իր իրավունքները խախտողից կարող է պահանջել՝

ա) իր իրավունքների ճանաչում.

բ) մինչև իրավախախտումը գոյություն ունեցող դրության վերականգնում և իրավունքը խախտող կամ խախտման վտանգ պարունակող գործողությունների կասեցում.

գ) նմանակված օրինակների, դրանց պատրաստման համար օգտագործվող նյութերի ու սարքավորումների բռնագրավում կամ ոչնչացում.

դ) վնասի հատուցում (ներառյալ՝ բաց թողնված օգուտը)` օրենքով սահմանված կարգով:

ե) հոնորարի կամ վարձատրության կրկնակի չափով փոխհատուցում, որը իրավատերը կստանար, եթե իրավախախտողը թույլտվություն ունենար հեղինակային իրավունքի օբյեկտի օգտագործման համար, կամ փաստացի խախտման վնասին համարժեք վնասների հատուցում, ներառյալ՝ բաց թողնված օգուտը.

զ) դատական վճռի հրապարակումը Հայաստանի Հանրապետությունում գործող զանգվածային լրատվության միջոցներով՝ դատարանի կողմից նախատեսված չափով և մասով, իրավախախտողի միջոցների հաշվին.

Ի՞նչ ժամկետով են գործում հեղինակի հեղինակային իրավունքները։

Հայաստանի Հանրապետությունում և մի շարք այլ երկրներներում հեղինակային իրավունքը պահպանվում է հեղինակի մահից հետո 70 տարվա ընթացքում։

Հեղինակի մահից հետո նրա գույքային իրավունքները անցնում են հեղինակի ժառանգներին։ Նրանք դառնում են մահացած հեղինակի ստեղծագործությունների իրավատերերը։ Վերջիններս շարունակում են վարձատրություն (հոնորար) ստանալ ստեղծագործության վերարտադրման, թարգմանության, վերամշակման, հրապարակային կատարման, տարածման համար։

Ինչպե՞ս է ծագում հեղինակային իրավունքը և արդյո՞ք այն ենթակա է գրանցման։

Ամբողջ աշխարհում ընդունված սկզբունքն այն է, որ հեղինակային իրավունքն ավտոմատ կերպով ծագում է  հենց ստեղծագործության ստեղծման փաստով և կախված չէ որևէ այլ ձևականությունից: Այս առումով հեղինակային իրավունքն էականորեն տարբերվում է մտավոր սեփականության այլ իրավունքներից, ինչպիսիք են գյուտերը և ապրանքային նշանները, որոնց պահպանման համար գրանցումը պարտադիր է։  Հեղինակային իրավունքի ծագման համար չի պահանջվում ստեղծագործության գրանցում կամ որևէ այլ ձևականություն: Առանց իրավատիրոջ թույլտվության պատրաստված կամ տարածված իրավունքի օբյեկտի օրինակները համարվում են կեղծ կամ նմանակված (կոնտրաֆակտ)։

Արդյո՞ք հեղինակային իրավունքները փոխանցելի են։

Հեղինակը կարող է իր գույքային իրավունքները վաճառել ստեղծագործության ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց՝ վարձատրության դիմաց։

Իրավունքների փոխանցումը կատարող է կատարվել 2 տարբերակով՝ իրավունքները զիջելու և լիցենզավորելու տարբերակով։

Հեղինակային իրավունքի զիջումը ենթադրում է, որ hեղինակը որևէ գործողություն թույլատրելու կամ արգելելու իրավունքը զիջում է այլ անձի, զիջումը սեփականության իրավունքի փոխանցում է, այն անձը, ում զիջվել են բոլոր իրավունքները, դառնում է ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքների նոր տիրապետողը, սեփականատերը։

Լիցենզավորումը նշանակում է, որ հեղինակը մնում է իր գույքային իրավունքների սեփականատեր, բայց թույլ է տալիս իրավունքները գնողին լիցենզառուին իրականացնելու այս իրավունքներից բխող որոշակի գործողություններ՝ սահմանափակ ժամանակահատվածով և որոշակի նպատակով։ Օրինակ, վեպի հեղինակը կարող է լիցենզային պայմանագրով փոխանցել վեպի նկատմամբ իր տարածման իրավունքը։

Կա արդյոք որևէ մարմին ՀՀ-ում, որն իրակացնում է հեղինակային իրավունքների պաշտպանություն։

Այո։ Այն դեպքում, երբ Հայաստանում օգտագործվում է տեղական կամ արտերկրյա հեղինակների երաժշտական, դրամատիկական, երաժշտա-դրամատիկական, գրական  ստեղծագործությունները (այսուհետ` «Ստեղծագործություններ»), «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» ՀԿ-ն իրավունք ունի դիմելու ստեղծագործություններն օգտագործող ընկերություններին և հօգուտ Հեղինակների գանձել վերջիններիս համար օրենքով նախատեսված հեղինակային վարձատրությունը:

Այսպիսով, հեղինակային իրավունքների խնդիրն է՝ պահպանել հեղինակների անձնական և գույքային շահերը, համակողմանի խթանել գիտության, գրականության, արվեստի բնագավառում ստեղծագործական գործունեությունը։

Մեր թիմը ուրախ կլինի օգնել Ձեզ՝ պաշտպանելու Ձեր հեղինակային իրավունքները։

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Խորհրդատվություն

Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ խորհրդատվական ծառայություններ մատուցել:

Վերջին հրապարակումները