5 կարևոր հարց, որ պետք է հաշվի առնել Հայաստանում ընկերություն գրանցելիս

Թարմացված՝

Ընկերության գրանցումը առանցքային քայլ է բիզնեսի ստեղծման ճանապարհին։ Հայաստանում ընկերությունների գրանցման գործընթացում անհրաժեշտ է խորը պատկերացում կազմել իրավական, տնտեսական և վարչական ասպեկտների վերաբերյալ, քանի որ այս հարցերում տեղեկացվածությունը և համապատասխան մասնագետների ներգրավվածությունը գերակշիռ ազդեցություն կարող է ունենալ Ձեր բիզնես գործունեության սահուն և հաջողակ ընթացքի վրա:

Այս հոդվածում մենք կանդրադառնանք Հայաստանում ընկերություն գրանցելիս ուշադրության արժանի հինգ կարևոր հարցերի։

1. Որո՞նք են Հայաստանի Հանրապետությունում տարածված ընկերության տեսակները

Օրենսդիրը նախատեսել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով ստեղծվող իրավաբանական անձանց հետևյալ տեսակները՝

  • Կոոպերատիվներ, որը քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով մասնակիցների նյութական և այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված կամավոր միավորումն է:
  • Ընկերակցություններ, որոնք կարող են ստեղծվել լիակատար ընկերակցության կամ վստահության վրա հիմնված ընկերակցության ձևով:
  • Ընկերություններ, որոնք կարող են ստեղծվել սահմանափակ կամ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության կամ բաժնետիրական ընկերության ձևով: Տնտեսական ընկերություն կարող է ստեղծել մեկ անձ:

Հայաստանում իրավաբանական անձանց ամենատարածված տեսակներն են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՍՊԸ) և բաժնետիրական ընկերությունը, որն էլ իր հերթին կարող է լինել փակ և բաց (ՓԲԸ և ԲԲԸ)։

Սահմանափակ պատասխանատվությամբ և բաժնետիրական ընկերությունների հիմնական տարբերությունը կանոնադրական կապիտալում մասնակցության ձևն է, մասնավորապես՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կանոնադրական կապիտալը բաժանված է բաժնեմասերի, իսկ բաժնետիրական ընկերությունների դեպքում կանոնադրական կապիտալը բաժանված է բաժնետոմսերի: Այս տեսանկյունից բաժնետիրական ընկերությունների դեպքում օրենսդիրը հնարավորություն է սահմանել կանոնադրությամբ նախատեսել տարբեր տեսակի և դասերի բաժնետոմսեր, որոնցով համապատասխանաբար տարբերվում են նաև բաժնետերերին տրվող իրավունքները։

Միաժամանակ, ընկերության ռեեստրը այլ մարմնի կողմից վարելու օրենսդրական պահանջը ևս այս ընկերությունների համար տարբեր է։ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների ռեեստրը վարում է ՀՀ իրավաբանական անձանց ռեգիստրի գործակալությունը, մինչդեռ բաժնետիրական ընկերությունների դեպքում ռեեստրը վարվում է ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից հաշվի օպերատորների միջոցով և գաղտնի է երրորդ անձանց համար։

Սահմանափակ պատասխանատվությամբ և բաժնետիրական ընկերությունների գրանցման առանձնահատկություններին կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ  այստեղ:

Ստացեք գնային առաջարկ ընկերություն գրանցելու համար

Մեր թիմը, լինելով Հայաստանում կորպորատիվ և բիզնես իրավունքի ոլորտում առաջատար իրավաբանական ընկերություններից մեկը, պատրաստ է աջակցել Ձեր բիզնես գաղափարի կյանքի կոչման բոլոր իրավական հարցերում՝ սկսած ընկերության գրանցումից և անհրաժեշտ թույլտվությունների, լիցենզիաների ստացումից մինչև ընթացիկ իրավական սպասարկում։

2. Ի՞նչ հարկման համակարգեր են նախատեսված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ

ՀՀ Հարկային օրենսդրության համաձայն գործում են հարկային ընդհանուր և հատուկ համակարգեր։

Հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում ընկերությունները  հարկվում են

  • ԱԱՀ-ով և/կամ
  • Շահութահարկով։

Ինչ վերաբերում է հարկման հատուկ համակարգին, այն ներառում է

  • շրջանառության հարկի համակարգը և
  • միկրոձեռնարկատիրության համակարգը։

Շրջանառության հարկի համակարգի շրջանակներում կազմակերպությունները հարկվում են ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին փոխարինող շրջանառության հարկով՝ 5% դրույքաչափով, եթե նրանց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 115 միլիոն ՀՀ դրամը, իսկ միկրոձեռնարկատիրության համակարգի շրջանակներում ընկերությունները ազատվում են ԱԱՀ և շահութահարկի վճարումից, եթե տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 միլիոն ՀՀ դրամը։

Հայաստանում առավել տարածված գործարքների հարկմանը կարող եք ծանոթանալ մեր կողմից հրապարակված հետևյալ հոդվածում:

woman holding a pen and a contract form

3. Ինչպե՞ս բացել բանկային հաշիվ ընկերության համար

Բանկային հաշիվ բացելուց առաջ անհրաժեշտ է նախ լավ ուսումնասիրել և ընտրել այնպիսի բանկ, որն ավելի համապատասխան կլինի Ձեր ընկերության կարիքներին և կտրամադրի Ձեր բինզես գործունեությանն անհրաժեշտ ծառայությունները։ Սովորաբար ընկերության համար բանկային հաշիվ բացելիս անհրաժեշտ է ներկայացնել ընկերության գրանցման փաստաթղթերը, ընկերության հասցեն և ընկերության անունից հանդես գալու լիազորություն ունեցող անձանց նույնականացման փաստաթղթերը, ինչպես նաև այլ  լրացուցիչ փաստաթղթեր՝ ըստ բանկի պահանջների։ Այս գործընթացում ընկերության անունից հանդես գալու լիազորություն ունեցող անձի՝ տնօրենի ներկայությունը պարտադիր է։

Հայաստանում բանկային հաշվի բացմանն ու քարտի ստացմանն առնչվող հարցերի պատասխանները կարող եք տեսնել մեր կողմից նախկինում ներկայացված հրապարակմամբ:

4. Ի՞նչ հիմնական պահանջներ են նախատեսված Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ

Ընկերություն հիմնադրելիս անհրաժեշտ է հաշվի առնել աշխատանքային օրենսդրության մի շարք իմպերատիվ պահանջներ։ Առաջին հերթին կարևոր է ճիշտ կազմել աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերը և դրանց մեջ ներառել ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված պարտադիր պայմանները, օրինակ՝ հիմնական աշխատավարձի չափը և այն որոշելու ձևը, աշխատաժամանակի ռեժիմը, աշխատանքը սկսելու ամսաթիվը, պաշտոնի անվանումը և/կամ աշխատանքային գործառույթները, ամենամյա արձակուրդի տեսակը և այլն։

Ինչ վերաբերում է օտարերկրացիների հետ աշխատանքային պայմանագիր կնքելուն, ապա այս դեպքում պահանջվում է ստանալ աշխատանքի թույլտվություն։

Գործատուն պարտավոր է ապահովել անվտանգ աշխատանքային միջավայր և ապահովել աշխատողների առողջության պահպանության նվազագույն պահանջները։ Բացի այդ, օրենսդիրը նախատեսել է այլ երաշխիքներ, ինչպես օրինակ նվազագույն աշխատավարձ, առավելագույն աշխատաժամանակ, իսկ այդ ժամանակը գերազանցելու դեպքում՝ գործատուի կողմից համաչափ փոխհատուցում տրամադրելու պարտականություն, ամենամյա նվազագույն վճարովի արձակուրդ, իսկ որոշ մասնագիտությունների դեպքում՝ նաև լրացուցիչ և երկարացված վճարովի արձակուրդ, և այլն։

Խիստ պահանջներ են նախատեսված նաև աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելու նկատմամբ` սահմանելով աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքերի սպառիչ ցանկ և դրա մասին ծանուցման հստակ ժամկետներ։

5. Ինչպե՞ս ընտրել իրավաբանական և հաշվապահական ընկերություններ

Ձեր ընկերության տեսակին և կարիքներին համապատասխան ճիշտ իրավաբանական և հաշվապահական ընկերությունների հետ համագործացկելը Ձեզ կօգնի հեշտ կողմնորոշվել բիզնես գործունեության շատ բարդություններում և կապահովի Ընկերության բիզնես գործունեության՝ տեղական օրենքների և նորմատիվ իրավական ակտերի պահանջներին մշտական համապատասխանությունը։ Անհրաժեշտ է, որ իրավաբանական ընկերությունը ունենա մեծ փորձ կորպորատիվ և ֆինանսական իրավունքի ոլորտներում, իրազեկ լինի պետական մարմինների կողմից կիրառվող գործարար սովորույթներին, և լավ տիրապետի նաև հարկային իրավահարաբերությունները կարգավորող ակտերին։

Կապվեք մեզ հետ անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար

Որպես կորպորատիվ և բիզնես իրավունքի ոլորտում առաջատար իրավաբանական ընկերություն, պատրաստ ենք աջակցել Ձեր բիզնես գաղափարի կյանքի կոչման բոլոր իրավական հարցերում՝ սկսած ընկերության գրանցումից և անհրաժեշտ թույլտվությունների, լիցենզիաների ստացումից մինչև ընթացիկ իրավական սպասարկում։

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Իրավաբանական Խորհրդատվություն

Մատուցելով |անվճար իրավաբանական խորհրդատվություն| մենք ընձեռում ենք հնարավորություն աջակցելու ձեզ ամենաանհրաժեշտ պահին և ճիշտ որոշում կայացնելու հարցում: Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցել: