Ապրանքային նշանի գրանցումը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանը՝ որպես իրավաբանական անձի, ապրանքների, կատարվող աշխատանքների կամ մատուցվող ծառայությունների անհատականացման միջոց, ենթակա է գրանցման և դրա արդյունքում նաև պաշտպանության։

Այս ակնարկի շրջանակում հակիրճ կերպով կներկայացնենք ապրանքային նշանի գրանցման ընթացակարգը, ինչպես նաև գործընթացի հետ կապված ուշադրության արժանի այլ մանրամասներ։

Ինչպե՞ս դիմել ապրանքային նշանի գրանցման համար։

Գրանցման համար անհրաժեշտ է գրավոր կամ էլեկտրոնային եղանակով (www.aipo.am կայքի միջոցով) հայտ ներկայացնել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ (այսուհետ նաև Գրասենյակ)։ Հայտը կարող է ներկայացվել ինչպես անմիջապես հայտատուի, այնպես էլ վերջինիս ներկայացուցչի կողմից։

Ի՞նչ փուլերից է կազմված ապրանքային նշանի գրանցման գործընթացը։

Իրավասու անձի կողմից սահմանված ձևի հայտի ներկայացմանը հաջորդում է հայտի նախնական փորձաքննությունը, որից հետո վերջինս հրապարակվում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում: Հրապարակումից հետո անցկացվում է ըստ էության փորձաքննություն, որն անցկացվում է հայտի հրապարակման օրվանից եռամսյա ժամկետում։ Օրենքով սահմանված մերժման բացարձակ և հարաբերական  հիմքերի բացակայության դեպքում տեղի է ունենում ապրանքային նշանի գրանցում, որի հիման վրա հայտատուին տրվում է վկայական։

Ի՞նչ ժամկետով է գրանցվում ապրանքային նշանը։

Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը 10 տարի է՝ հայտի ներկայացման թվականից հաշված, որը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր անգամ 10 տարի ժամկետով՝ առանց սահմանափակման։

Արդյո՞ք սահմանված է պետական տուրք ապրանքային նշանի հայտարկման, գրանցման և գործընթացի հետ կապված մյուս գործողությունների համար։

Այո, ապրանքային նշանների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար գանձվում են պետական տուրքեր, սակայն գործում է 75% զեղչ՝ ֆիզիկական անձանց և 0-ից մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի համար։ 50% զեղչ գործում է 25-ից 100 աշխատող ունեցող անձանց համար, իսկ 100-ից ավել աշխատող ունեցող իրավաբանական անձանց համար սահմանված տուրքը չի զեղչվում։

Արդյո՞ք հնարավոր է դիմել ապրանքային նշանի գրանցման համար այն փուլում, երբ դեռևս պարզ չէ, թե իրավատերն ինչպիսի ապրանքների/ծառայությունների նույնականացման համար է օգտագործելու ապրանքային նշանը։

Հայտի լրացման պարտադիր պահանջներից է այն ապրանքաներին և/կամ ծառայությունների մատնանշումը, որոնց համար օգտագործվելու է ապրանքային նշանը։ Ապրանքները և ծառայությունները նշելիս հիմք է ընդունվում ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգումը (ԱԾՄԴ)։ Կարևոր է նկատի ունենալ, որ ապրանքային նշանի պաշտպանությունը տարածվում է միայն հայտում նշված դասերում ներառված ապրանքների/ծառայությունների վրա, ինչը նշանակում է, որ հայտում չներառված ապրանքների և ծառայությունների մասով իրավատերը չունի ապրանքային նշանի նկատմամբ որևէ իրավունք։ Դեռ ավելին, հայտում ԱԾՄԴ դասի վերնագիր նշելն ինքնին չի ենթադրում ապրանքային նշանի գրանցումը դասի բոլոր ապրանքների համար, այլ միայն այն ապրանքների համար, որոնք թվարկված են հայտում:

Արդյո՞ք գրանցված ապրանքային նշանի պաշտպանությունը սահմանափակված է որևէ պետության տարածքով։

Ազգային ընթացակարգով ապրանքային նշանի գրանցման դեպքում վերջինիս պաշտպանությունը սահմանափակվում է ՀՀ տարածքով։  Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը 1991թ․ միացել է Մադրիդյան համաձայնագրին` այսօր ֆիզիկական և իրավաբանական անձ հայտատուները կարող են խնդրարկել  ապրանքային նշանի գրանցումը ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև Մադրիդյան համակարգի 129 երկրներում։ Բոլոր դեպքերում կարևոր է նկատի ունենալ, որ ապրանքային նշանի միջազգային գրանցման հայտ կարող է ներկայացվել միայն այն դեպքում, երբ ապրանքային նշանն արդեն իսկ գրանցված կամ առնվազն հայտարկված է Հայաստանի Հանրապետությունում։

Ազգային կամ միջազգային ընթացակարգով ապրանքային նշանի գրանցման կամ այլ գործընթացների մասով իրավաբանական օգնության կարիք ունենալու դեպքում մեր թիմն ուրախ կլինի ձեզ հետ կիսվել իր փորձով։

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Իրավաբանական Խորհրդատվություն

Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցել:

Վերջին հրապարակումները