Կրկնակի հարկումը Հայաստանում

Թարմացված՝

Կրկնակի հարկումը մեր ժամանակների կարևոր խնդիրներից է։ Ժամանակակից աշխարհի գլոբալիզացիայի արագ տեմպերը հանգեցրել են անդրսահմանային առևտրի, ներդրումների և ֆիզիկական անձանց շարժունակության աճին։ Նման պայմաններում առաջ է գալիս այդ գործունեության արդյունքում ստացված եկամուտների հարկման ձևի, չափի և կարգի որոշման անհրաժեշտություն՝ հաշվի առնելով, որ միևնույն եկամտի հարկումը մի քանի երկրներում (կրկնակի հարկում) բացասաբար  կանդրադառնա իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից իրենց երկրի սահմաններից դուրս գործունեություն իրականացնելու և եկամուտներ ստանալու վրա։ Այլ կերպ ասած, կրկնակի հարկումը կարող է զգալի խոչընդոտ հանդիսանալ միջազգային բիզնես գործունեության և պետությունների միջև տնտեսական համագործակցության համար: Այս առումով կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրերը վճռորոշ դեր են խաղում գլոբալիզացիայի խթանման գործում:

Ու՞մ միջև է կնքվում կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագիրը։

Կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրերը կնքվում են երկու պետությունների միջև երկկողմանի բանակցությունների արդյունքում, և յուրաքանչյուր համաձայնագիր եզակի է իր հատուկ դրույթներով և շրջանակներով: Այսինքն կնքված համաձայանգիրը տարածվում է երկու պայմանավորվող պետությունների ռեզիդենտների վրա, և երրորդ երկրների անձինք չեն կարող օգտվել համաձայնագրով նախատեսված առավելություններից։

Ո՞ր երկրների հետ է Հայաստանի Հանրապետությունը կնքել կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագիր։

Ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետությունը կնքել է կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագիր 51 պետության հետ։ Երկրների ցանկը և նրանց հետ կնքված համապատասխան համաձայնագրերը հասանելի են Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջում։

Լինելով այս ոլորտում առաջատարներից՝ մեր թիմը կարող է արդյունավետ և ճիշտ կառուցել այդ գործարքները և տրամադրել իրավական աջակցություն միջազգային հարկման հարցերում։

Ի՞նչ է սահմանվում կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրով։

Կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրի պայմանները կարող են տարբեր լինել՝ կախված բանակցող երկրներից և նրանց նպատակներից: Որպես կանոն, կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրերը (այսուհետ՝ Համաձայնագիր) ներառում են՝

  • Անձանց շրջանակը, որոնց նկատմամբ կիրառվում է Համաձայնագիրը՝ սահմանելով պայմանավորվող պետությունների ռեզիդենտ համարվող անձանց որոշման չափանիշները;
  • Հարկատեսակները, որոնց վրա տարածվում է Համաձայնագիրը․ հիմնականում տարածվում է Համաձայնագրի կնքման պահին պայմանավորվող պետություններում գործող ուղղակի հարկերի վրա;
  • Եկամուտների տեսակները, որոնց հարկման մասով կիրառելի է Համաձայնագիրը․ այդ եկամուտների տեսակները, ի թիվս այլնի, ներառում են վարձու աշխատանքի դիմաց ստացված եկամուտները, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթը, շահաբաժինները, հեղինակային իրավունքների և արտոնագրերից ստացվող եկամուտները (ռոյալթի), և այլ եկամուտներ, որ պայմանավորվող պետությունների միջև բանակցությունների արդյունքում կորոշվի սահմանել;
  • Համաձայնագրի դրույթների կիրառման ժամանակ ի հայտ եկող վեճերի լուծման ընթացակարգը։

Ինչպե՞ս է կարգավորվում կրկնակի հարկման բացառումը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն։

ՀՀ Հարկային օրենսգրքի 20-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստացված կամ ստացման ենթակա եկամուտները ենթակա են հարկման ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով։ Սակայն, եթե օտարերկրյա պետությունում ՀՀ ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձանցից գանձվել են այդ պետության օրենսդրությանը համապատասխան հարկեր, ապա այդ գումարների չափով, սակայն ոչ ավելի քան ՀՀ Հարկային օրենսգրքով տվյալ հարկատեսակի համար սահմանված դրույքաչափով հաշվարկվող համապատասխան հարկերի գումարները չգերազանցող չափով, նվազեցվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկերի գումարները։

Ինչ վերաբերում է ոչ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետությունում վճարված հարկերին, ապա կարող եք կարդալ մեր  նախորդ հոդվածը։

Դիցուք, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գրանցված իրավաբանական անձի բաժնետերերեից մեկը Հայաստանի Հանրապետության կառավարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիային Միացյալ Թագավորությունում կառավարության միջև կնքված կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրի (այսուհետ՝ «Համաձայնագիր») համաձայն համարվում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձ։ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից ստացված շահաբաժինները կարող են հարկվել ՀՀ-ում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում, սակայն ոչ ավելի քան 10 տոկոսի չափով։ Մեծ Բրիտանիայում ՀՀ ֆիզիկական անձի կողմից ստացված շահաբաժինը 10 տոկոսով հարկվելու դեպքում այն ՀՀ-ում այլևս չի հարկվի հաշվի առնելով, որ ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված շահաբաժնի հարկման դրույքաչափը կազմում է 5 տոկոս։ Մեծ Բրիտանիայում շահաբաժնի հարկի 5 տոկոսից պակաս դրույքաչափ նախատեսված լինելու դեպքում ՀՀ-ում կվճարվեր ՀՀ Հարկային օրեսնգրքի համաձայն 5 տոկոս դրույքաչափով վճարման ենթակա գումարի և Մեծ Բրիտանիայում վչարված հարկի գումարի տարբերության չափով։

Ինչպե՞ս են լուծվում կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրի դրույթների կիրառման ժամանակ առաջացող վեճերը։

Կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրի դրույթների կիրառման ժամանակ երկու պայմանավորվող պետությունների հարկային մարմինների միջև ի հայտ եկած հարկային հարցերով վեճերը լուծվում է փոխհամաձայնեցման ընթացակարգով։ Փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով վեճերի լուծման կարգը և ժամկետները սահմանվում են ՀՀ կառավարության կողմից։

Լինելով այս ոլորտում առաջատարներից՝ մեր թիմը կարող է արդյունավետ և ճիշտ կառուցել այդ գործարքները և տրամադրել իրավական աջակցություն միջազգային հարկման հարցերում։

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Իրավաբանական Խորհրդատվություն

Մատուցելով |անվճար իրավաբանական խորհրդատվություն| մենք ընձեռում ենք հնարավորություն աջակցելու ձեզ ամենաանհրաժեշտ պահին և ճիշտ որոշում կայացնելու հարցում: Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցել: