Ինչպե՞ս ստանալ ՀՀ-ում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին տեղեկանքը

ԷՄ ԲԻ Լեգալի թիմը պատասխանում է ՀՀ-ում ոչ ռեզիդենտ հանդիսացող անձանց վճարած հարկերի տեղեկանքին վերաբերվող հարցերին։

Ի՞նչ է Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին տեղեկանքը:

Գործող կարգավորումների համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի կամ եկամտային հարկի մասին տեղեկանքը տրվում  է Հարկային օրենսգրքով սահմանված ոչ ռեզիդենտ կազմակերպություններին և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց` օտարերկրյա հարկային մարմին ներկայացնելու նպատակով:

Ու՞մ կարող է անհրաժեշտ լինել տեղեկանքը:

Տեղեկանքը կարող է անհրաժեշտ լինել ՀՀ Հարկային օրենսգրքի իմաստով ոչ ռեզիդենտ համարվող կազմակերպություններին և ֆիզիկական անձանց:

Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպություն է համարվում այն կազմակերպությունը, որի գտնվելու վայրը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, իսկ ոչ ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, ով հարկային տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել է 183 օրից քիչ:

Վերջիններս ՀՀ-ում իրենց վճարած հարկերի մասին տեղեկանքը կարող են ներկայացնել իրենց ռեզիդենտության պետություն` այդ երկրում իրենց համաշխարհային եկամուտները հայտարարագրելիս այդ եկամուտների մասով վճարված հարկերը հաշվի առնելու և կրկնակի չհարկվելու նպատակով, եթե ՀՀ Կառավարության և տվյալ ռեզիդենտության պետության Կառավարության միջև առկա է եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիա (այսուհետ՝ Կրկնակի հարկումը բացառող Կոնվենցիա) կամ նման հնարավորություն նախատեսված է այդ երկրի ներքին օրենսդրությամբ։

Երկրների ցանկը, որոնց հետ ՀՀ Կառավարությունը կնքել է Կրկնակի հարկումը բացառող Կոնվենցիա, կարող եք տեսնել հետևյալ հղումով՝ https://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsTLDoubleTaxationAvoidance:

Ու՞մ դիմել տեղեկանքի ստացման համար:

Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի կամ եկամտային հարկի մասին տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել ՀՀ համապատասխան հարկային մարմնին։

Արդյոք տեղեկանքի ստացման համար անհրաժե՞շտ է ոչ ռեզիդենտի ֆիզիկական ներկայությունը:

Ոչ, տեղեկանքը ստանալու համար դիմում կարող է ներկայացնել նաև ոչ ռեզիդենտի կողմից լիազորված անձը: Այդ պարագայում ոչ ռեզիդենտի ներկայությունը ՀՀ-ում պարտադիր չէ:

Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր տեղեկանքի ստացման համար:

Տեղեկանքի ստացման համար անհրաժեշտ է դիմում և ՀՀ օրենսդրությամբ պահանջվող այլ փաստաթղթեր, որոնց կազմման և ներկայացման գործում մեր թիմն ուրախ կլինի աջակցել և տրամադրել իրավաբանական խորհրդատվություն և ամբողջ գործընթացի աջակցություն և ուղեկցում:

Ինչպե՞ս իմանալ ռեզիդենտ եք, թե ոչ:

ՀՀ օրենսդրական կարգավորումների համաձայն` ֆիզիկական անձը որպես կանոն համարվում է ՀՀ ռեզիդենտ, եթե օրացույցային տարվա ընթացքում (տվյալ տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում) 183 և ավելի օր գտնվել է ՀՀ-ում կամ վերջինիս կենսական շահերի կենտրոնը գտնվում է ՀՀ-ում։

Ի՞նչ անել, եթե դարձել եք ՀՀ-ում հարկային ռեզիդենտ։  

Այն դեպքում, երբ դարձել եք ՀՀ հարկային օրենսդրության դրույթների համաձայն ՀՀ ռեզիդենտ, անհրաժեշտ է ներկայացնել հայտարարագիր համապատասխան տարվա ընթացքում Ձեր այլ երկրներից ստացված եկամուտների մասին, ինչպես նաև այդ եկամուտների մասով վճարված հարկերի վերաբերյալ տեղեկանք համապատասխան ձևով (առկայության դեպքում), որպեսզի այդ եկամուտներից ՀՀ-ում կրկնակի հարկեր չառաջանան։

Ունենալով մեծ փորձ այս ոլորտում՝ մեր թիմը պատրաստ է տրամադրել իրավական աջակցություն ինչպես ՀՀ-ում ոչ ռեզիդենտի կողմից վճարված հարկերի մասին տեղեկանք ստանալու, այնպես էլ 2022 թվականի հաշվետու ժամանակաշրջանի համար ՀՀ ռեզիդենտների եկամուտների հայտարարագրման ողջ պրոցեսը ճիշտ կազմակերպելու և հետագա ընթացքում դժվարություններից խուսափելու համար։

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Իրավաբանական Խորհրդատվություն

Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցել:

Վերջին հրապարակումները