Ամենը կորպորատիվ արժեթղթերի մասին՝ ՀՀ օրենսդրության համաձայն

Թարմացված՝

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ արժեթուղթը սահմանված ձևի և պարտադիր վավերապայմանների պահպանմամբ գույքային իրավունքները հավաստող փաստաթուղթ է, որի իրականացումը կամ փոխանցումը հնարավոր է միայն այն ներկայացնելիս, ինչպես օրինակ  պարտատոմսը, չեկը, հասարակ մուրհակը կամ այլ արժեթղթեր: Ըստ թողարկողի կարող ենք առանձնացնել կորպորատիվ արժեթղթերը, որոնք  բաժնետոմսեր կամ ֆինանսական պարտքային գործիքներն են, որոնք թողարկվում են ընկերությունների կողմից տարբեր նպատակներով պայմանավորված միջոցներ հայթայթելու համար: Ըստ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի թողարկող է համարվում այն անձը, որն արժեթուղթ է թողարկում (թողարկել) կամ իր անունից արժեթուղթ թողարկելու առաջարկություն է անում:

Ի՞նչ կորպորատիվ արժեթղթերի տեսակներ կան։

Կորպորատիվ արժեթղթերի տեսակներից են պարտատոմսը և բաժնետոմսը, որոնք ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 153-րդ հոդվածի համաձայն ինվեստիցիոն (ներդրումային) արժեթղթեր են:

Ի՞նչ է պարտատոմսը ՀՀ օրենսդրության տեսանկյունից։

Պարտատոմսը այն արժեթուղթն է, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը` դրանում նախատեսված ժամկետում պարտատոմս թողարկած անձից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը կամ գույքային այլ համարժեքը: Պարտատոմսը դրա տիրապետողին իրավունք է տալիս նաև ստանալ պարտատոմսի անվանական արժեքից տոկոս կամ այլ գույքային իրավունքներ:

Պարտատոմսն արժեթուղթ է, որով ծագում են փոխառության հարաբերություններ արժեթուղթը տիրապետողի (փոխատու) և այն թողարկող անձի (փոխառու) միջև:

Պարտապանները թողարկում են պարտատոմսեր ֆինանսական միջոցներ ներգրավելու այն ներդրողներից, ովքեր պատրաստ են նրանց գումար տալ որոշակի ժամկետով:

Այսպիսով, պարտատոմսը պարտքային պարտավորությունը հավաստող վկայական է, որը ներառում է թողարկողի հետևյալ պարտավորությունները`

  1. սահմանված ժամկետը լրանալուց հետո պարտատոմսում նշված գումարը պարտատոմսը տիրապետողին վերադարձնելու մասին,
  2. անվանական արժեքի նկատմամբ պարտատոմսում ամրագրված եկամուտը որոշակի տոկոսի կամ այլ գույքային համարժեքի տեսքով պարտատոմսը տիրապետողին վճարելու մասին:

Ո՞ր ընկերությունները կարող են թողարկել պարտատոմսեր։

Պարտատոմսեր կարող են թողարկվել յուրաքանչյուր տեսակի ընկերության կողմից, ինչպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, այնպես էլ բաց և փակ բաժնետիրական ընկերությունների կողմից: Արժեթղթերի թողարկման վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանափակում նախատեսվում է միայն բաժնետոմսերի առնչությամբ, ըստ որի վերջիններս կարող են թողարկվել միայն բաժնետիրական ընկերությունների կողմից:

Ինչպե՞ս են թողարկվում կորպարտիվ արժեթղթերը։

Արժեթղթերը ձեռք են բերվում թողարկողի կողմից արված առաջարկի հիման վրա: Համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 8-րդ կետի առաջարկ է համարվում անձանց ուղղված ցանկացած ձևի հաղորդակցությունը, որն արժեթուղթը վաճառելու առաջարկ կամ արժեթուղթը գնելու առաջարկ անելու հրավեր է պարունակում:

Արժեթղթերի առաջարկը և ըստ այդմ թողարկումը կարող է լինել հրապարակային և ոչ հրապարակային թողարկում: Արժեթղթերի հրապարակային առաջարկ է համարվում որակավորված ներդրող չհանդիսացող (ՀՀ օրենսդրությունը որակավորված ներդրող հասկացությունը բացահայտում է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով, ինչպիսիսք են օրինակ ներդրումային ընկերությունները, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության համայնքները, Կենտրոնական բանկը, օտարերկրյա պետությունները, օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինները, օտարերկրյա պետությունների կենտրոնական բանկերը) 100-ից ավելի անձանց կամ անորոշ թվով անձանց ուղղված արժեթղթերի առաջարկը:

Հաշվի առնելով ներդրողների պաշտպանության միջոցների բավարար մակարդակի հաստատման կարևորությունը և ներդրողների կողմից ներդրումային որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվության ստացումը երաշխավորելը` ՀՀ օրենսդրությունը ավելի խստորեն կարգավորում է արժեթղթերի հրապարակային առաջարկը: Արժեթղթերի հրապարակային առաջարկը և տեղաբաշխումն իրականացվում է օրենքի և ՀՀ ԿԲ Կանոնակարգ 4/04-ի համաձայն:

Նախքան հրապարակային առաջարկի հիմնական կարգավորումներին անցնելը, հարկ է նշել, որ օրենքի 4-րդ հոդվածը նախատեսում է այն դեպքերը, երբ հրապարակային առաջարկի դրույթները չեն կիրառվում իսկ 6-րդ հոդվածը նախատեսում է այն դեպքերը, երբ ազդագրի հրապարակումը պարտադիր չէ:

Ազդագիրը գրանցվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից, հրապարակվում է համացանցում հասանելի է ներդրողներին, որոնք և ծանոթանալով ազդագրին` կարող են որոշում կայացնել արժեթուղթը ձեռք բերելու համար:

Պարտատոմս ձեռք բերելիս պետք է ուշադրություն դարձնել թողարկողի գործառնական համբավին, ֆինանսական վիճակին, շրջանառության ժամկետին, արժեկտրոնային տոկոսադրույքին, արժեկտրոնների վճարման պարբերականությանը, երկրորդային շուկայում իրացվելիության հնարավորություններին:

Մեր իրավաբանների թիմը պատրաստ է աջակցել Ձեզ տրամադրել`

  • Խորհրդատվություն բիզնեսի ճիշտ իրավական ձևի ընտրության վերաբերյալ
  • Խորհրդատվություն կորպորատիվ կառուցվածքի վերաբերյալ
  • Բիզնեսի վերակազմավորման մոդելների առաջարկ
  • Խորհրդատվություն բաժնետոմսերի համախմբման և առանձնացման գործընթացների վերաբերյալ
  • Խորհրդատվություն կորպորատիվ կառավարման և ընդհանրապես կառավարման վերաբերյալ (ESOPs, բաժնետերերի համաձայնագրի նախապատրաստում և այլն)

Ի՞նչ գործոններ են հաշվի առնվում հրապարակային առաջարկ անելիս։

Մինչև հրապարակային առաջարկի որոշում կայացնելը պետք է հաշվի առնել հետևյալը՝

  • հրապարակային առաջարկը պահանջելու է ժամանակի ներդրում և որոշակի դրամական միջոցներ,
  • ընկերությունը ստանձնելու է նոր պարտավորություններ՝ գրանցման, հաշվետվությունների ներկայացման և ամենակարևորը տեղեկատվության բացահայտման համար, որն ապագայում պահանջելու է կառավարչական ժամանակ և հագեցնելու է լրացուցիչ ծախսերի,
  • Ընկերությունը (դրա ղեկավարները) կարող են կրել պատասխանատվություն, եթե ստանձնած պարտավորությունները ժամանակին չկատարվեն,
  • Ընկերության մասին տեղեկատվությունը հասանելի կդառնա լայն հանրության համար (ներառյալ մրցակիցներին),

բաժնետոմսերի դեպքում՝ ընկերությունը կարող է կորցնել որոշակի կառավարման ճկունությունը, հատկապես, երբ բաժնետերերը պետք է հաստատեն ընկերության որոշակի գործողությունները։

Արդյոք պարտատոմսը կարո՞ղ է փոխանցվել այլ անձի։

Այո, պարտատոմսը փոխանցելի արժեթուղթ է: Այսինքն, դրա նկատմամբ սեփականության իրավունքը հեշտությամբ կարելի է փոխանցել, ինչը տարբերում է պարտատոմսը բանկային ավանդից: Պարտատոմսերը և բաժնետոմսերը թողարկվում և տեղաբաշխվում են ոչ փաստաթղային ձևով իսկ դրանց նկատմամբ սեփականության իրավունքը հավասատվում է ՀՀ կենտոնական դեպոզիտարիայի միասնական՝ DEPAND համակարգում արժեթղթերի հաշիվ բացելով և այդ արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքը արժեթղթերի հաշվում գրանցելով: Ցուցակված պարտատոմսերի դեպքում երկորդային շուկայում պարտատոմսերը վաճառվում են արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների բրոքերների միջոցով:

Ի՞նչ տարբերակիչ հատկություններ ունի պարտատոմսը։

Պարտատոմսը, ի տարբերություն բաժնետոմսի իր սեփականատիրոջը չի տրամադրում թողարկողի կառավարմանը մասնակցության իրավունք:

Բաժնետոմսերի բնորոշումը ըստ հայկական իրավունքի։

Բաժնետոմսը արժեթուղթ է, որը թողարկում է բաժնետիրական ընկերությունն իր ստեղծման, վերակազմավորման, ինչպես նաև կանոնադրական կապիտալի ավելացման դեպքերում` դրամական միջոցների հավաքագրման նպատակով: Այսինքն բաժնետոմսը բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդրված բաժնեմասի վկայությունն է: Բաժնետոմսեր թողարկելու իրավունք ունեն միայն բաժնետիրական ընկերությունները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն բաժնետոմս է համարվում այն արժեթուղթը, հավաստում է դրա տիրոջ (բաժնետիրոջ) բաժնետիրական ընկերության շահույթից շահութաբաժնի ձևով մաս ստանալու, բաժնետիրական ընկերության գործերի կառավարմանը մասնակցելու և նրա լուծարումից հետո մնացած գույքից մաս ստանալու իրավունքը:

Բաժնետոմսը շրջանառության կոնկրետ ժամկետ չունեցող արժեթուղթ է, որը, հավաստելով բաժնետիրական ընկերության սեփականությանը մասնակցելու փաստը, իր սեփականատիրոջը տալիս է մի շարք իրավունքներ, առավելություններ և լիազորություններ: Բաժնետոմսերը գոյություն են ունենում այնքան ժամանակ, որքան գոյություն կունենա այն թողարկած բաժնետիրական ընկերությունը, նման արժեթղթերի գործողության ժամկետը սովորաբար չի սահմանափակվում:

Բաժնետոմսին բնորոշ է հետևյալ առանձնահատկությունները`

  1. այն կարող է թողարկել միայն բաժնետիրական ընկերությունների կողմից: Թողարկումը կարող է կատարվել բորսայում (եթե հրապարակային ցուցակված ընկերություն է) կամ բորսայից դուրս:
  2. սեփականության տիտղոսագիր է, այսինքն բաժնետոմսի տերը բաժնետիրական ընկերության համատեր է, դրանից բխող իրավունքներով, մասնակցում է ընկերության կառավարմանը
  3. չունի գոյության (մարման) ժամկետ, այսինքն բաժնետիրոջ իրավունքները պահպանվում են այնքան ժամանակ, որքան գոյություն ունի ընկերությունը (ի տարբերություն, օրինակ՝ պարտատոմսի): Սակայն սա չի ենթադրում, որ բաժնետոմսն այդքան ժամանակ կմնա միևնույն սեփականատիրոջ ձեռքում. բաժնետերը կարող է օտարել իրեն պատկանող բաժնետոմսը բորսային, եթե ցուցակված բաժնետոմսեր են կամ արտաբորսային շուկայում,
  4. անբաժանելի է, բացառությամբ օրենքով նախաստեսված դեպքերի. այսինքն դրա համատեղ տիրապետումը չի նշանակում սեփականության իրավունքի բաժանում, այլ նրանք բոլորը ներկայանում են որպես մեկ սեփականատեր: Եթե մեկ բաժնետոմսերը սեփականության իրավունքով պատկանում է մի քանի բաժնետիրոջ ապա նրանց համար բացվում է համատեղ արժեթղթերի հաշիվ որում էլ գրանցում են բաժնետոմսերը:
  5. բնորոշ է սահմանափակ պատասխանատվություն, քանի որ բաժնետերը պատասխանատու չէ բաժնետիրական ընկերության, իսկ ընկերությունն էլ բաժնետիրոջ պարտավորությունների համար, իսկ ընկերության սննկացման դեպքում բաժնետերը կորցնում է այնքան միջոց, որքան ներդրել էր բաժնետոմսը ձեռք բերելիս,
  6. մեկ բաժնետոմսը որպես կանոն տալիս է մեկ ձայնի իրավունք,սակայն Ընկերության կանոնադրությամբ կարող է սահմանվել առանձին դասի բաժնետոմսերի համաձ ձայնի այլ իրավունք
  7. բաժնետոմսերը կարող են միաձուլվել (կոնսոլիդացվել, այսինքն Ընկերության երկու կամ ավելի բաժնետոմսերը փոխարկվում են նույն տեսակի կամ դասի մեկ նոր բաժնետոմսի) և տրոհվել (բաժանվել): Բաժնետոմսերն ըստ որոշակի հատկանիշների դասակարգվում են հետևյալ կերպ`
  • Ըստ քվեարկման իրավունքի` ձայնի իրավունքով և առանց ձայնի իրավունքի (արտոնյալ),
  • Ըստ տեսակի՝ հասարակ և արտոնյալ
  • Ըստ դասերի Թողարկողի կողմից կարող են թողարկվել և տեղաբաշխվել նաև տարբեր դասերի բաժնետոմսեր. Ընկերության որոշակի դասի յուրաքանչյուր հասարակ (սովորական) բաժնետոմս տալիս է իր սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջը միևնույն իրավունքներ, որոնք սահմանվում են ընկերության կանոնադրությամբ:
  • ըստ իրավունքների ծավալի` հասարակ (սովորական) և արտոնյալ:

Բաժնետոմսերի ի՞նչ տեսակներ գոյություն ունեն։

Բաժնետոմսերը, կախված իրենց սեփականատերերին տրվող իրավունքների ծավալից, բաժանվում են` հասարակի և արտոնյալի: Ըստ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի Ընկերությունը կարող է թողարկել ոչ փաստաթղթային ձևի մեկ կամ մի քանի դասի հասարակ (սովորական) և արտոնյալ բաժնետոմսեր: Ընկերության թողարկած արտոնյալ բաժնետոմսերի ընդհանուր անվանական արժեքը չպետք է գերազանցի Ընկերության կանոնադրական կապիտալի 25 տոկոսը: Ընկերությունների կազմակերպաիրավական տեսակների մասին կարող եք ավելի մանրամասն կարդալ այստեղ։

Հասարակ (սովորական) բաժնետոմսի սեփականատերը սույն օրենքի և կանոնադրության համաձայն իրավունք ունի`

  • մասնակցելու ժողովին՝ վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով,
  • մասնակցել Ընկերության կառավարմանը.
  • ստանալ շահութաբաժիններ` Ընկերության գործունեությունից առաջացած շահույթից.
  • առաջնահերթ կարգով ձեռք բերել Ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերը, եթե սույն օրենքով և կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ.
  • ստանալ Ընկերության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն` գաղտնի փաստաթղթերից բացի, այդ թվում` կանոնադրությամբ սահմանված կարգով ծանոթանալ հաշվապահական հաշվեկշիռներին, հաշվետվություններին, Ընկերության արտադրատնտեսական գործունեությանը.
  • ժողովներում իր իրավունքները ներկայացնելու համար լիազորել երրորդ անձի.
  • հանդես գալ առաջարկություններով ժողովներում.
  • ժողովներում քվեարկել իրեն պատկանող բաժնետոմսերի ձայների չափով.
  • դիմել դատարան` ժողովի կողմից ընդունված և գործող օրենքներին ու այլ իրավական ակտերին հակասող որոշումների բողոքարկման նպատակով.
  • Ընկերության լուծարման դեպքում ստանալ Ընկերության գույքի իր հասանելիք մասը.
  • ունենալ կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներ:

Համապատասխան դասի հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատիրոջը չի կարող տրամադրվել նրան պատկանող տվյալ դասի հասարակ (սովորական) բաժնետոմսերի քանակից չբխող լրացուցիչ ձայնի իրավունք:

Հասարակ (սովորական) բաժնետոմսերի դիմաց շահութաբաժինների վճարումներն Ընկերության կողմից չեն երաշխավորվում ի տարբերություն արտոնյալ բաժնետոմսերի:

Որո՞նք են արտոնյալ բաժնետոմսերը։

Արտոնյալ բաժնետոմսերի սեփականատեր բաժնետերերն ընկերության բաժնետերերի ժողովում որպես կանոն ձայնի իրավունք չեն ստանում: Այս բաժնետոմսերի արտոնությունը կայանում է նրանում, որ ընկերության կանոնադրությամբ և թողարկման պայմաններով սահմանվում է բաժնետոմսերի դիմաց վճարվող շահութաբաժինը, ինչպես նաև լուծարային արժեքը` դրամական տեսքով կամ անվանական արժեքի նկատմամբ, որպես տոկոսադրույք:

Այսպես, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 38-րդ հոդվածի համաձայն՝

Ընկերությունն իրավունք ունի տեղաբաշխել հաստատագրված կամ փոփոխական շահութաբաժնով, կուտակման, փոխարկելի և այլ արտոնյալ բաժնետոմսեր, եթե դա նախատեսված է կանոնադրությամբ:

Արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը չունեն ձայնի իրավունք ժողովում, եթե արտոնյալ բաժնետոմսերի որոշակի դասերի համար սույն օրենքով և կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ: Կանոնադրությամբ արտոնյալ բաժնետոմսերի սեփականատիրոջը կարող է տրամադրվել մեկ կամ մի քանի ձայնի իրավունք

Ընկերության որոշակի դասի արտոնյալ բաժնետոմսերն իրենց սեփականատեր բաժնետերերին տրամադրում են միևնույն իրավունքները:

  1. Կանոնադրությամբ պետք է սահմանվի Ընկերության կողմից տեղաբաշխվող և հայտարարված յուրաքանչյուր դասի արտոնյալ բաժնետոմսի դիմաց վճարվող շահութաբաժինը և լուծարային արժեքը (որը վճարվում է Ընկերության լուծարման ժամանակ): Արտոնյալ բաժնետոմսի դիմաց վճարվող շահութաբաժնի չափը և լուծարային արժեքը սահմանվում են դրամական տեսքով կամ որպես տոկոսադրույք` այդ բաժնետոմսի անվանական արժեքի նկատմամբ: Արտոնյալ բաժնետոմսերի դիմաց վճարվող շահութաբաժնի չափը և լուծարային արժեքը համարվում են սահմանված նաև այն դեպքում, եթե կանոնադրությամբ նախատեսված է դրանց որոշման կարգը:

Եթե Կանոնադրությամբ չի նախատեսված արտոնյալ բաժնետոմսերի դիմաց վճարվող շահութաբաժնի չափը, ապա դրանց սեփականատերերը հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատերերի հետ, իսկ հասարակ (սովորական) բաժնետոմսերի դասերի առկայության դեպքում ամենաբարձր չափով շահութաբաժիններ ստանալու իրավունք վերապահող բաժնետոմսերի դասի սեփականատերերի հետ շահութաբաժիններ ստանալու հավասար իրավունք ունեն:

ՀՀ օրենսդրության համաձայն առանձին դեպքերում արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը կարող են օգտվել կառավարման իրավունքից, մասնավորապես, եթե բաժնետերերի ընդհանուր ժողովում քննարկվում են ընկերության վերակազմակերպման և լուծարման կամ ընկերության կանոնադրության մեջ այնպիսի փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցեր, որոնք սահմանափակում կամ փոփոխում են այդ դասի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի իրավունքները, ներառյալ նաև` այլ դասերի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց վճարվող շահութաբաժինների և (կամ) լուծարային արժեքի սահմանումը կամ ավելացումը, ինչպես նաև այլ դասի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերին շահութաբաժինների և (կամ) լուծարային արժեքի վճարման հերթականության արտոնությունների տրամադրումը: Արտոնյալ բաժնետոմսի տերը ձայնի իրավունք է ստանում նաև այն դեպքերում, երբ բաժնետերերի տարեկան ժողովում ընդունվում է սահմանված շահութաբաժինների չվճարման կամ ոչ լրիվ վճարման, կամ տվյալ դասի արտոնյալ բաժնետոմսերի հասարակ բաժնետոմսերի փոխարկման մասին որոշում:

Երեք հաջորդական տարիների ընթացքում արտոնյալ բաժնետոմսերին հասանելիք շահութաբաժնի չվճարումը կարող է ընկերությունը դատական կարգով լուծարելու հիմք հանդիսանալ:

Արդյոք աշխատակիցներին կարո՞ղ են տրամադրվել բաժնետոմսեր և ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Այո, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքը թույլ է տալիս ընկերությանը բաժնետոմսեր/բաժնետոմսերի օպցիոններ տրամադրել ընկերության աշխատակիցներին: Այս թեմայի առնչությամբ ավելի մանրամասն պատկերացում կազմելու համար կարող եք անցնել այս հղումով, որտեղ մեր թիմը ներկայացրել է աշխատակիցների բաժնետիրացման առանձնահատկությունները:

Բաժնետոմսերի ինչպիսի՞ դասեր գոյություն ունեն` ըստ ՀՀ օրենսդրության և որո՞նք են դրանցով տրամադրվող իրավունքները:

ՀՀ օրենսդրության համաձայն բաժնետոմսերը կարող են լինել հասարակ և արտոնյալ: Յուրաքանչյուր տեսակի բաժնետոմս կարող է ունենալ տարբեր դասեր: Ընդ որում այդ դասերը կարող են սահմանվել ընկերության կանոնադրությամբ` յուրաքանչյուր դասի համար սահմանելով համապատասխան իրավունքներ: Օրինակ` աշխատակիցներին տրամադրվող բաժնետոմսերը կարող են լինել Բ դասի, որի դեպքում ընկերությունը կարող է աշխատակիցների և բաժնետերերին տրամադրել համապատասխան իրավունքներ:

Փոխակերպվող/հիբրիդային արժեթղթեր: Մեզանին ֆինանսավորում։

Մեզանին ֆինանսավորումը պարտքային գործիք է, որն իր բնույթով նախատեսում է հետագայում կապիտալում մասնակցության փոխարկվելու հնարավորություն: Այսինքն, ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերը ՀՀ-ում գրանցված կազմակերպություններին կարող են արտարժույթով տրամադրել մեզանին ֆինանսավորում, սակայն, քանի որ կապիտալ ներդրումները և կապիտալի գնանշումը` «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն իրականացվում են միայն ՀՀ դրամով, մեզանին ֆինանսավորումը կապիտալի փոխարկման պահին պետք է գնանշվի ՀՀ դրամով:

Մեր իրավաբանների թիմը պատրաստ է աջակցել Ձեզ տրամադրել`

  • Խորհրդատվություն բիզնեսի ճիշտ իրավական ձևի ընտրության վերաբերյալ
  • Խորհրդատվություն կորպորատիվ կառուցվածքի վերաբերյալ
  • Բիզնեսի վերակազմավորման մոդելների առաջարկ
  • Խորհրդատվություն բաժնետոմսերի համախմբման և առանձնացման գործընթացների վերաբերյալ
  • Խորհրդատվություն կորպորատիվ կառավարման և ընդհանրապես կառավարման վերաբերյալ (ESOPs, բաժնետերերի համաձայնագրի նախապատրաստում և այլն)

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Իրավաբանական Խորհրդատվություն

Մատուցելով |անվճար իրավաբանական խորհրդատվություն| մենք ընձեռում ենք հնարավորություն աջակցելու ձեզ ամենաանհրաժեշտ պահին և ճիշտ որոշում կայացնելու հարցում: Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցել: