Ինչպե՞ս ձեռք բերել կացության կարգավիճակ ՀՀ-ում

Թարմացված՝

Օտարերկրացիների՝ ՀՀ մուտք գործելու, ՀՀ տարածքում գտնվելու և բնակվելու, ՀՀ տարածքով տարանցիկ երթևեկելու, ՀՀ-ից ելքի, ինչպես նաև օտարերկրացիների հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով։

Օտարերկրացի են համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհամարվող այն անձինք, ովքեր ունեն այլ պետության քաղաքացիություն (օտարերկրյա քաղաքացիներ) կամ չունեն որևէ պետության քաղաքացիություն (քաղաքացիություն չունեցող անձինք):

Ընդհանուր կանոնի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում  օտարերկրացիներն ունեն ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ։ Հայաստանում կացության կարգավիճակն օտարերկրյա քաղաքացուն (քաղաքացիություն չունեցող անձին) հնարավորություն է տալիս մուտք գործել Հայաստան, կացության քարտում նշված ժամկետում մնալ ՀՀ տարածքում, զբաղվել ձեռնարկատիրությամբ և այլն։

Այս ակնարկի շրջանակում կպատասխանենք ՀՀ-ում օտարերկրացիների կացության կարգավիճակի վերաբերյալ Ձեր կողմից ամենից հաճախ տրվող հարցերին։

Օտարերկրացիների համար ի՞նչ կացության կարգավիճակներ են նախատեսված ՀՀ-ում։

ՀՀ-ում օտարերկրացիների գտնվելու և բնակվելու համար սահմանված է կացության երեք կարգավիճակ՝ ժամանակավոր, մշտական և հատուկ։ Նշված կացության կարգավիճակները հաստատող փաստաթղթերն են համապատասխանաբար`

  • ժամանակավոր կացության քարտը,
  • մշտական կացության քարտը,
  • հատուկ անձնագիրը։

Ի՞նչ է Ժամանակավոր կացության կարգավիճակը

ժամանակավոր կացության կարգավիճակը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի թույլտվությունն է, որն օտարերկրացուն իրավունք է տալիս բնակվելու Հայաստանի Հանրապետության տարածքում որոշակի ժամկետով։

Ո՞ր դեպքում է օտարերկրացուն տրամադրվում ժամանակավոր կացության կարգավիճակ և ի՞նչ ժամկետով։

Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունի ՀՀ տարածքում մեկ տարի և ավելի ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանք։ Այդպիսի հանգամանքներ են օրինակ՝ ուսումը, աշխատանքի թույլտվության առկայությունը,  ՀՀ քաղաքացու կամ ՀՀ մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը կամ մերձավոր ազգականը (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) լինելը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, ազգությամբ հայ լինելը և այլն։

Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչև 1 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի կարգավիճակի ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ:

Ի՞նչ է մշտական կացության կարգավիճակը

Մշտական կացության կարգավիճակը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի թույլտվությունն է, որն օտարերկրացուն իրավունք է տալիս մշտապես բնակվելու Հայաստանի Հանրապետության տարածքում։

Ո՞ր դեպքում է օտարերկրացուն տրամադրվում մշտական կացության կարգավիճակ և ի՞նչ ժամկետով։

Մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա`

  • ապացուցում է ՀՀ-ում իր մերձավոր ազգականների (ծնող, ամուսին, եղբայր, քույր, զավակ, տատ, պապ, թոռ) առկայությունը,
  • ՀՀ-ում ապահովված է բնակարանով և գոյության միջոցներով,
  • մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է ՀՀ-ում,

կամ

  • ՀՀ-ում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն,

կամ

  • ազգությամբ հայ է:

Մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով`յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ։

Ի՞նչ է հատուկ կացության կարգավիճակը

Հատուկ կացության կարգավիճակը ՀՀ վարչապետի թույլտվությունն է, որն օտարերկրացուն իրավունք է տալիս բնակվելու ՀՀ տարածքում՝ այդ կարգավիճակը հավաստող փաստաթղթի վավերականության ժամկետներում։

Ո՞ր դեպքում է օտարերկրացուն տրամադրվում հատուկ կացության կարգավիճակ և ի՞նչ ժամկետով։

Հատուկ կացության կարգավիճակը շնորհվում է ՀՀ վարչապետի կարգադրությամբ ծագումով հայ օտարերկրացիներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական և մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացիների։
Նրանց, ում շնորհվում է հատուկ կացության կարգավիճակ, տրվում է ՀՀ հատուկ անձնագիր, որով կարելի է ազատ մուտք գործել ՀՀ տարածք և բնակվել այնտեղ առանց մուտքի վիզայի։

ՀՀ տարածքում հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներն ունեն ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, բացառությամբ ընտրական իրավունքի։ Նրանց վրա չի տարածվում ՀՀ զինված ուժերում ծառայելու պարտականությունը։
Հայոց Ցեղասպանությունը վերապրածներին ՀՀ հատուկ անձնագիրը տրվում է անվճար՝ պարզեցված կարգով։

Հատուկ կացության կարգավիճակը տրվում է 10 տարի ժամկետով։

Որքա՞ն է կազմում պետական տուրքը և ի՞նչպես պետք է այն վճարել

ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար գանձվում է պետական տուրք։

  • Ժամանակավոր կացության քարտի տրամադրման (երկարաձգման) համար նախատեսված  պետական տուրքը կազմում է 105,000 ՀՀ դրամ,
  • մշտական կացության քարտի տրամադրման համար՝ 140,000 ՀՀ դրամ,
  • հատուկ անձնագրի համար՝ 150,000 ՀՀ դրամ։

 

Կացության կարգավիճակի համար նախատեսված պետական տուրքը հնարավոր է վճարել պետական վճարումների E-Payments համակարգի միջոցով, բանկերում կամ տեղում՝ վճարային տերմինալների միջոցով։

Ո՞րքան ժամանակ է նախատեսված կացության կարգավիճակի դիմումի քննարկման համար

Ժամանակավոր և Մշտական կացության կարգավիճակի դիմումը քննարկվում է այն ներկայացնելու օրվանից երկամսյա ժամկետում։ Հատուկ կացության կարգավիճակ ստանալու դիմումը քննարկվում է 3-4 ամսվա ընթացքում։

Կացության կարգավիճակ ստանալու համար օտարերկրացին ո՞ր մարմին պետք է դիմի և ինչպիսի՞ ժամկետներում է որոշում կայացվում։

ՀՀ-ում օտարերկրացուն ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ ստանալու համար օրենքով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, որն էլ իր հերթին 30-օրյա ժամկետում որոշում է կայացնում կացության կարգավիճակի տրամադրման կամ մերժման վերաբերյալ։ Հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ՀՀ տարածքում ներկայացվում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, սակայն որոշում կայացնում է ՀՀ վարչապետը։

Արդյո՞ք ԵԱՏՄ քաղաքացիների համար սահմանված է միևնույն ընթացակարգը։

ԵԱՏՄ անդամ պետությունների այն քաղաքացիները, որոնք ՀՀ-ում իրականացնում են աշխատանքային գործունեություն (ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները),  ազատված են որևէ թույլտվական փաստաթուղթ ստանալու պահանջից աշխատանքային պայմանագրի գործունեության ամբողջ ժամկետի համար։ ՀՀ տարածքում իրենց բնակության օրինականությունը հաստատելու նպատակով վերջիններս կարող են ստանալ բնակության օրինականությունը հաստատող տեղեկանք։ Տեղեկանքը կարող է ստացվել էլեկտրոնային եղանակով՝ https://workpermit.am/ կայքի միջոցով։

Արդյո՞ք հնարավոր է ՀՀ-ում ձեռք բերել կացության կարգավիճակ ներդրում կատարելով

Թեև բիզնեսում ներդրում կատարելը ՀՀ-ում կացության կարգավիճակի ստացման դասական ձև չի համարվում, այնուամենայնիվ այն հնարավոր է ձեռք բերել նաև նման եղանակով։ Ներդրողները, ովքեր պատրաստ են Հայաստանի Հանրապետությունում սկսել նոր բիզնես կամ ներդրում կատարել արդեն իսկ գործող ընկերությունում, հնարավորություն ունեն ստանալու կացության կարգավիճակ: Դրան նպաստելու ամենադյուրին եղանակներից է ընկերության կամ անհատ ձեռնարկատիրոջ (ԱՁ) գրանցումը, ինչը կարող է ոչ միայն համարվել տնտեսության զարգացման աղբյուր, այլև ստեղծել նոր աշխատատեղեր և ավելացնել երկրի տնտեսական ակտիվությունը:

Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստանալու կամ նկարագրված գործընթացների վերաբերյալ այլ հարցեր ունենալու դեպքում մեր թիմն ուրախ կլինի Ձեզ հետ կիսվել այս ոլորտում կուտակված փորձառությամբ և գիտելիքներով։

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Իրավաբանական Խորհրդատվություն

Մատուցելով |անվճար իրավաբանական խորհրդատվություն| մենք ընձեռում ենք հնարավորություն աջակցելու ձեզ ամենաանհրաժեշտ պահին և ճիշտ որոշում կայացնելու հարցում: Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցել: