Ինչպե՞ս հաշվառվել անհատ ձեռնարկատեր (ԱՁ) Հայաստանում

Թարմացված՝

Ինչպես արդեն նշել ենք մեր նախկին հրապարակումներում, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար անձն իրավունք ունի ստեղծել տնտեսական ընկերություններ, ինչպիսիք են ՍՊԸ-ները, բաժնետիրական ընկերությունները կամ լինել դրանց մասնակիցը: Այնուամենայնիվ, անձը կարող է ծավալել ձեռնարկատիրական գործունեություն առանց իրավաբանական անձ կազմավորելու` հաշվառվելով որպես անհատ ձեռնարկատեր (այսուհետ սույն հոդվածում նաև` ԱՁ):

Այս հոդվածի շրջանակներում կանդրադառնանք Հայաստանում որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու հիմնական պահանջներին և օրենսդրական կարգավորումներին:

Անհատ ձեռնարկատեր լինելու հիմքը օրենքով սահմանված կարգով պետական հաշվառում ունենալն է, որի արդյունքում անձը հնարավորություն է ստանում զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ՝ առանց իրավաբանական անձ ստեղծելու: Անձը անհատ ձեռնարկատեր հաշվառվելու պահից իրավունք ունի առանց իրավաբանական անձ կազմավորելու զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Ո՞վ կարող է լինել անհատ ձեռնարկատեր

Որպես անհատ ձեռնարկատեր կարող է հաշվառվել ցանկացած գործունակ ֆիզիկական անձ` ՀՀ քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ: ԱՁ-ն իրավունք ունի զբաղվելու գործունեության ցանկացած տեսակով, որը արգելված չէ ՀՀ օրենսդրությամբ:

Ի՞նչ առավելություններ կունենամ, եթե ձեռնարկատիրական գործունեություն ծավալեմ` հաշվառվելով որպես ԱՁ

Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման առավելություններն այն են, որ հաշվառման գործընթացն իրականացվում է ավելի արագ` փաստաթղթային նվազագույն պահանջներով: Անհատ ձեռնարկատերը չունի հաշվեկշիռ, չունի կանոնադրական կապիտալ (ուստի նաև չի բաշխում շահաբաժին), կանոնադրություն, ինչպես նաև գույքային առանձանացվածություն, որը նշանակում է, որ ԱՁ-ն, այսինքն ֆիզիկական անձն իր պարավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով:

Եթե դուք որոշել եք ծավալել ձեռնարկատիրական գործունեություն որպես անհատ ձեռնարկատեր, ապա մեր փորձառու իրավաբանների թիմը կարող է ձեզ աջակցել հետևյալ հարցերում`

  • Անհատ ձեռնարկատեր գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում,
  • Անհատ ձեռնարկատեր գրանցելու համար անհրաժեշտ ներկայացուցչություն ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում,
  • Անհրաժեշտության դեպքում անհատ ձեռնարկատիրոջ գրանցում էլեկտրոնային եղանակով,
  • Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանման գործընթացի կազմակերպում:

 

Որո՞նք են անհատ ձեռնարկատեր լինելու բացասական կողմերը

Անհատ ձեռնարկատեր լինելու միակ թերությունն այն է, որ վերջինս իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա, օրենքին համապատասխան, բռնագանձում չի տարածվում:

Որո՞նք են ԱՁ-ի և ՍՊԸ-ի հիմնական տարբերությունները

Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձին միշտ հետաքրքրում է, թե ինչ կարգավիճակով է առավել նպաստավոր դրա իրականացումը․ գրանցվել որպես ԱՁ, թե՞ հիմնադրել ՍՊԸ:

  • Պատասխանատվության շրջանակը և գույքը

ԱՁ-ի դեպքում ֆիզիկական անձն իր ողջ գույքով է պատասխանատվություն կրում ԱՁ-ի պարտավորությունների համար, մինչդեռ ՍՊԸ-ի հիմնադիրները որևէ անձնական պատասխանատվություն չեն կրում ՍՊԸ-ի պարտականությունների համար, և նրանց պատասխանատվությունը փաստացի սահամանափակվում է միայն ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում իրենց ներդրման չափով:

ՍՊԸ-ն որպես սեփականություն ունի առանձնացված գույք ի տարբերություն ԱՁ-ի, և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով և պատասխանատու չէ իր մասնակիցների պարտավորությունների համար:

  • Հարկում

Հարկման համակարգերի առումով որևէ տարբերություն չկա, թե անձը ձեռնարկատիրական գործունեություն կիրականացնի ԱՁ-ի, թե ՍՊԸ-ի միջոցով:

  • Հաշվապահական հաշվառում

Հաշվապահական հաշվառման առումով ԱՁ-ն համեմատաբար ավելի պարզ է, իսկ փաստաթղթավորման ծավալը` ավելի քիչ:

Եթե մի քանի անձինք նպատակ ունեն իրականացնել համատեղ ձեռնարկատիրական գործունեություն, այդ դեպքում անհրաժեշտ է գրանցել իրավաբանական անձ՝ ՍՊԸ կամ բաժնետիրական ընկերություն (փակ կամ բաց` կախված հիմնադիրների քանակից):

անհատ ձեռնարկատեր

Որտե՞ղ է իրականացվում անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը

Հաշվառման համար հնարավոր է դիմել ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով՝ լիազորագրի հիման վրա ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում (այսուհետ` Գործակալություն):

Ի՞նչ ժամկետներում է կատարվում հաշվառումը

Որպես անհատ ձեռնարկատեր` անձի հաշվառումն իրականացվում է անմիջապես անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահին: Այսինքն գրանցումն իրականացվում է համապատասխան փաստաթղթերը Գործակալություն ներկայացնելու օրը:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ պետական հաշվառում կատարելու համար

Պետական հաշվառման համար անհատ ձեռնարկատերը Գործակալություն է ներկայացնում

  • Անձնագիր, իսկ օտարերկրյա պետության քաղաքացիության դեպքում` նաև անձնագրի նոտարական կարգով վավերացված թարգմանությունը,
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
  • դիմում անհատ ձեռնարկատեր գրանցելու վերաբերյալ,
  • լիազորված անձի կողմից դիմում ներկայացվելու դեպքում` նաև լիազորագիրը:

Կարո՞ղ եմ արդյոք հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր հեռավար եղանակով

Այո, ԱՁ-ի գրանցումը կարող է իրականացվել նաև էլեկտրոնային եղանակով` միայն էլեկտրոնային  ստորագրություն ունենալու պարագայում:

Արդյոք անձի` որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը կարող է մերժվել

Այո, անձի որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը մերժվում է, եթե`

  • նա արդեն հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր.
  • նրա ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկատվությունը ամբողջական չեն.
  • նա օրենքով սահմանված կարգով զրկվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, և դատվածությունը մարված կամ վերացված չէ:

Անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելը

Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը կամ դիմում ներկայացնելու համար լիազորված անձը Գործակալություն է ներկայացնում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված փաստաթղթերը, որից հետո կատարվում է անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելու գործընթացը:

Եթե դուք որոշել եք ծավալել ձեռնարկատիրական գործունեություն որպես անհատ ձեռնարկատեր, ապա մեր փորձառու իրավաբանների թիմը կարող է ձեզ աջակցել հետևյալ հարցերում`

  • Անհատ ձեռնարկատեր գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում,
  • Անհատ ձեռնարկատեր գրանցելու համար անհրաժեշտ ներկայացուցչություն ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում,
  • Անհրաժեշտության դեպքում անհատ ձեռնարկատիրոջ գրանցում էլեկտրոնային եղանակով,
  • Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանման գործընթացի կազմակերպում:

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Իրավաբանական Խորհրդատվություն

Մատուցելով |անվճար իրավաբանական խորհրդատվություն| մենք ընձեռում ենք հնարավորություն աջակցելու ձեզ ամենաանհրաժեշտ պահին և ճիշտ որոշում կայացնելու հարցում: Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցել: