Ի՞նչ է հարկավոր իմանալ որպես օտարերկրյա ներդրող Հայաստանում. Կարգավորումների շրջանակ

Թարմացված՝

Նախքան օտարերկրյա ներդրող դառնալն անհրաժեշտ է ծանոթանալ տվյալ երկրի ներդրումային քաղաքականությանը, գործարար պրակտիկային, օտարերկրյա ներդողների երաշխիքներին։ Այս հոդվածի շրջանակերում կանդրադառնանք ՀՀ-ում օտարերկրյա ներդրողների երաշխիքները սահմանող իրավական դաշտին, որը յուրաքանչյուր ներդրողի կօգնի ճիշտ գնահատել իր ռիսկերը։

Հաշվի առնելով արդի մարտահրավերները` Հայաստանի ներդրումային քաղաքականության հիմնական նպատակն է բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրի ստեղծումը, նորմատիվ-իրավական դաշտի թափանցիկության բարձրացումը, երկրի մրցակցային առավելությունների բացահայտումը, շուկայական ենթակառուցվածքների զարգացումը օտարերկրյա ներդրումների ծավալների ավելացման նպատակով:

Այժմ ՀՀ կառավարության կողմից շրջանառվում է ՀՀ Ներդրումային քաղաքականության ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը, որը նախատեսում է նաև պետական աջակցություն ներդրումային ծրագրերի համար։

Ներդրումային քաղաքականության իրականացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունը կիրառում է «բաց դռների» քաղաքականության, ներդրումային գործունեության ազատականացման, օտարերկրյա ներդրումների ազգային ռեժիմի սահմանման, միջազգային լավագույն փորձին համահունչ ներդրումների պաշտպանության սկզբունքները:

Գոյություն ուենեն օտարերկրյա ներդրումների կարգավորումների ինչպես միջազգային, այնպես էլ ազգային շրջանակ:

Օտարերկրյա ներդրումներին առնչվող միջազգային կարգավորումների շրջանակ

Օտարերկրյա ներդրումների անհրաժեշտությունը հաշվի առնելով` կարևոր է դառնում վերջինիս առնչվող միջազգային իրավական կարգավորումների ուսումնասիրությունը: Գոյություն ունեն ներդրումային դաշտին առնչվող ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ միջազգային համաձայնագրեր (international multinational treaties with investment provisions (TIPs) and bilateral investments treaties (BITs)): Հայաստանն անդամակցում է 40-ից ավելի բազմակողմ և 8-ից ավելի երկկողմ միջազգային համաձայնագրերի:  Բազմակողմ համաձայնագրերից կարող ենք առանձնացնել հատկապես Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Չինաստանի, Վրաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների հետ կնքված, իսկ երկկողմ համաձայնագրերից` Հայաստան-Սինգապուր ծառայությունների և ներդրումների առևտրի համաձայնագիրը, ԵԱՏՄ մասին համաձայնագիրը և այլն: Վերջիններիս հնարավոր է ծանոթանալ այստեղ։  Ավելի մանրամասն ներկայացնենք երկկողմ ներդրումային համաձայնագրերից մի քանիսը.

Հայաստան-ԱՄՆ երկկողմանի ներդրումային համաձայնագիրը, որը ստորագրվել է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև 1992 թվականին և ուժի մեջ է 1996 թվականից, պաշտպանում է ԱՄՆ ներդրումները Հայաստանում: Վերջինիս նպատակն է պաշտպանել օտարերկրյա ներդրումները, խրախուսել շուկայական ուղղվածություն ունեցող ներքին քաղաքականության ընդունումը, որը վերաբերում է մասնավոր ներդրումներին բաց, թափանցիկ և ոչ խտրական ձևով, և աջակցում է այս նպատակներին համահունչ միջազգային իրավունքի չափանիշների մշակմանը: Համաձայնագիրը նաև ուղիներ է տրամադրում ներդրումային վեճերի լուծման համար: Որպես միջազգային համաձայնագիր՝ վերջինս փոխարինում է հայկական իրավունքին:

Այս համաձայնագիրը ներառում է միջազգային ներդրումային իրավունքի հետևյալ ստանդարտները`

  • Ազգային վերաբերմունքը, որի համաձայն` երկրները պետք է վերաբերեն ներդրվող գույքին այնպես, ինչպես վերաբերում են իրենց իսկ սեփականին,
  • Առավել բարենպաստ ազգի վերաբերմունքը, ըստ որի` համաձայնագրի անդամները պետք է բարենպաստ սակագնային և կարգավորիչ վերաբերմունք ցուցաբերեն ցանկացած անդամի` արտադրանքի նկատմամբ «նման ապրանքների» ներմուծման կամ արտահանման պահին,
  • Արդար վերաբերմունք, սա նշանակում է, որ յուրաքանչյուր կողմ միշտ պետք է ապահովի ներդրումների նկատմամբ արդար վերաբերմունքը, դրանց լիարժեք պաշտպանությունն ու անվտանգությունը, և ոչ մի դեպքում չպետք է նվազ բարենպաստ վերաբերմունք ցուցաբերի, քան պահանջվում է միջազգային իրավունքով,
  • Անհիմն, կամայական կամ խտրական միջոցների արգելքը նախատեսում է, որ կողմերից ոչ մեկը չպետք է որևէ կերպ խաթարի ներդրումների կառավարումը, վարումը, շահագործումը և վաճառքը կամ այլ ձևով տնօրինումը:
  • “Հովանոցի դրութ”, որով պետությունը համաձայնում է կատարել օտարերկրյա ներդրողների հանդեպ ունեցած իր բոլոր պարտավորությունները:

Ի հավելումն այս երաշխիքների, համաձայնագիրը սահմանում է նաև ուղեցույցներ կողմերից որևէ մեկի հետ կապված վեճերի կարգավորման համար:

Նման ստանդարտներ նախատեսված են նաև Ֆրանսիայի, Կանադայի, Միացյալ Թագավորության և այլ երկրների հետ համաձայնագրերում։

ՀՀ-ում օտարերկրյա ներդրողների իրավունքների պաշտպանության համար գործում է «Օտարերյա ներդրումների մասին» օրենքը (այսուհետ` Օրենք)։

Ո՞վ է համարվում օտարերկրյա ներդրող Օրենքի իմաստով:

Օտարերկրյա ներդրող է համարվում`

  • օտարերկրյա պետություն;
  • ցանկացած օտարերկրյա իրավաբանական անձ;
  • օտարերկրյա քաղաքացի;
  • քաղաքացիություն չունեցող անձ;
  • Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի;
  • միջազգային կազմակերպություն,

որն իր գտնվելու վայրի օրենսդրությանը համապատասխան ներդրում է կատարում Հայաստանի Հանրապետությունում:

Ինչպիսի՞ ներդրում կարող է իրականացնել օտարերկրյա ներդրողը:

Վերոնշյալ կատեգորիայի անձանց կողմից կարող է ներդրվել գույքի ցանկացած տեսակ, ներառյալ` ֆինանսական միջոցներ և մտավոր արժեքներ: Այդպիսի գույքն օտարերկրյա ներդրողի կողմից պետք է անմիջականորեն ներդրվի ՀՀ տարածքում իրականացվող ձեռնարկատիրական կամ այլ գործունեության ոլորտում, որի վերջնանպատակը պետք է լինի շահույթի ստացումը կամ այլ օգտակար արդյունքի հասնելը:

Ինչպիսի՞ երաշխիքներ են նախատեսվում օտարերկրյա ներդրողների համար:

Արդյոք օտարերկրյա ներդրումներն ունե՞ն նույնպիսի իրավական ռեժիմ

Օտարերկրյա ներդրումների և դրանց հետ կապված իրավական ռեժիմը Հայաստանի Հանրապետությունում չի կարող նվազ բարենպաստ լինել, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքի, գույքային իրավունքների և ներդրման գործունեության ռեժիմը: Այսինքն, օտարերկրյա ներդրողների շահույթը, օրինական ճանապարհով ստացված միջոցները, իրենց բանկային հաշիվները ինքնուրույն տնօրինելը, օտարերկրյա ներդրումների հետ կապված միջոցների հայրենադարձումը և արտարժույթի ազատ փոխարկումը երաշխավորված են:  Օտարերկրյա ներդրողների համար կարող են սահմանվել արտոնություններ` ելնելով սոցիալական և տնտեսական զարգացման կարևորագույն բնագավառներից: Բացի այդ, կարող է տեղի ունենալ հակառակ պրոցեսը, այսինքն` ազգային անվտանգությունից ելնելով` օտարերկրյա ներդրողների գործունեությունը կարող է սահմանափակվել կամ արգելվել:

Ի՞նչ է տեղի ունենում օրենսդրական փոփոխությունների դեպքում

ՀՀ օրենսդրությունը սահմանել է նաև օտերերկրյա ներդրողների համար նաև այլ երաշխիք, մասնավորապես սահմանելով, որ օրենդրությանն փոփոխության դեպքում ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է ներդրումների իրականացման պահին գործող օրենսդրությունը (grandfather clause):

Օտարերկրյա ներդրումները կարո՞ղ են ազգայնացվել կամ բռնագրավվել

Օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետությունում ազգայնացման ենթակա չեն: Ավելին, պետական մարմինները չեն կարող նաև բռնագրավել օտարերկրյա ներդրումները:

Եթե ՀՀ պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից օրենսդրությանը հակասող գործողությունների հետևանքով օտարերկրյա ներդրողներին պատճառվի վնաս, նրանք կունենա՞ն դրանց փոխհատուցման իրավունք:

Այո, Օրենքով սահմանվում է, որ Օտարերկրյա ներդրողներն ունեն նյութական և բարոյական վնասների, ներառյալ բաց թողնված օգուտի դատական կարգով փոխհատուցման իրավունք:

Եթե օտարերկրյա ներդրող եմ, կարո՞ղ եմ օգտվել արդյոք հարկային արտոնություններից:

Հայաստանը աշխարհում ամենափոքր հարկային բեռ ունեցող երկրներից է, որն առաջարկում է ճկուն հարկային համակարգ փոքր, միջին և մեծ ներդրումների համար:

Հարկային համակարգի գրավչության տեսանկյունից Հայաստանի Հանրապետության հարկերի վճարման դյուրինությամբ 189 երկրների շարքում 100 հնարավորից 81.5 միավորով զբաղեցնում է 52-րդ հորիզոնականը։

Doing Business 2020 զեկույցում  նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը հարկերի վճարումն ավելի դյուրացրեց ավելացված արժեքի հարկի վերադարձը՝ կիրառելով այն նաև կապիտալ ներդրումների նկատմամբ (ծանոթաեք այստեղ, էջ 88):

Արդյոք ՀՀ-ում կա՞ն այնպիսի տարածքներ, որտեղ օտարերկրյա ներդրողն ՀՀ այլ տարածքի համեմատ կունենա արտոնություններ:

Այո, այդ տարածքները կոչվում են ազատ տնտեսական գոտիներ (ԱՏԳ), որոնք շրջաններ են, որտեղ գործարար և առևտրային օրենքները տարբեր են երկրի մնացած մասերից։ Հայաստանում ԱՏԳ-ները եզակի հնարավորություն են ընձեռում ձեռնարկատերերին` տնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում բիզնես հիմնելու, ավելի ցածր սակագներ վճարելու, արտադրելու և արտահանելու համար։

Ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալելու թույլտվություն ստացած ընկերությունները կարող են օգտվել շահութահարկի, ԱԱՀ-ի, մաքսատուրքի, գույքահարկի արտոնություններից:

Ներդրողների հետ վեճերի կանխարգելման և ներդրողների բողոքներին արձագանքնելու ի՞նչ մեխանիզմներ կան:

Օտարերկրյա ներդրումների հետ կապված բոլոր վեճերը, որոնք ծագում են ՀՀ-ի և օտարերկրյա ներդրողի միջև, ենթակա են քննության ՀՀ դատարաններում: www.doingbusiness.org կայքում առկա տվյալների համաձայն՝ դատական ընթացակարգերի միջին տևողությունը կազմում է մինչև 570 օր, թեև հաշվի առնելով մեր պրակտիկան կարող ենք փաստել, որ երկու տարին դատարաններում վարույթի մոտավոր նվազագույն տևողությունն է։ Ուստի, փոխադարձ համաձայնության  դեպքում կողմերը կարող են որոշել վեճերը լուծել առևտրային արբիտրաժի մեջոցով կամ արտերկրում, կամ ՀՀ-ում: Բացի նշված տարբերակներից կողմերը կարող են դիմել նաև Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի արբիտրաժին: Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը (International Centre for Settlement of Investment Disputes), ինքնավար միջազգային հաստատություն է, որը մտնում է Համաշխարհային բանկի կազմակերպությունների խմբի մեջ, որոնք Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված հաստատություններ են։ ՆՎԿՄԿ-ի նպատակը միջազգային ներդրումային վեճերում դատական գործընթացների և կողմերի հաշտության իրավական հնարավորությունների ապահովումն է։ Ներդրումային վեճերից կարող ենք առանձնացնել հատկապես Բորկովսկին և Ռասիա ՖԶԵ-ն ընդդեմ Հայաստանի 2018 թվականի դատական գործը: Ներկայացված պահանջը բխում էր ՀՀ Կառավարության կողմից կոնցեսիոն պայմանագրերի ենթադրյալ խախտումից, որոնք տրամադրվել էին հայցվորներին՝ դիմելով այլ ընկերությունների ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար: Դատարանը որոշում է կայացրել հօգուտ ՀՀ-ի` մեկնաբանելով, որ պետության կողմից օտարերկրյա ներդրողների իրավունքների խախտումներ թույլ չեն տրվել:

ՀՀ-ում օտարերկրյա ներդրումները կարո՞ղ են իրականացվել արտարժույթով:

Գործող կարգավորումների համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական անձանց կանոնադրական և բաժնեհավաք կապիտալում դրամական (փողային) ներդրումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Հայաստանը փոքր, սակայն օտարերկրյա ներդրողների համար բարենմպաստ երկիր է: Եթե Դուք որոշել եք ներդրումներ կատարել Հայաստանի Հարապետությունում, ապա մեր իրավաբանների թիմը պատրաստակամ է Ձեզ տրամադրելու իրավական խորհրդատվություն`

  • մինչ ներդրումային փուլը ձեզ անհրաժեշտ իրավական կարծիք տրամադրելու հարցում՝ նշելով ձեր իսկ բիզնեսին վերաբերող ռիսկերը և հնարավորությունները
  • ներդրումների ընթացքում առաջացող իրավական ռիսկերից խուսափելու հարցում,
  • հարկային արտոնություններից օգտվելու գործընթացում ,
  • ՀՀ-ում գոյություն ունեցող ազատ տնտեսական գոտիների ընտրության հարցում:

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Իրավաբանական Խորհրդատվություն

Մատուցելով |անվճար իրավաբանական խորհրդատվություն| մենք ընձեռում ենք հնարավորություն աջակցելու ձեզ ամենաանհրաժեշտ պահին և ճիշտ որոշում կայացնելու հարցում: Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցել: