Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ անկանխիկ վճարումների պահանջի մասին

Թարմացված՝

2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ «Օրենք»), որով սահմանվում է մի շարք գործարքներով վճարումն անկանխիկ եղանակով կատարելու պարտադիր պահանջ։ Այս պահանջը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների/գույքի օտարման, ապրանքների/գույքի օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքների դիմաց վճարումների, ինչպես նաև աշխատավարձերի, կրթաթոշակների, կենսաթոշակների, նպաստների, փոխառությունների, ներկայացուցչական ծախuերի վճարման վրա։

Ո՞ր վճարումն է համարվում անկանխիկ եղանակով վճարում:

Վճարումը համարվում է անկանխիկ, եթե այն իրականացվում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով շահառուի (վճար ստացողի) բանկային հաշվին փոխանցելով, կամ վճարողի բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվից շահառուի (վճար ստացողի) էլեկտրոնային փողի հաշվին փոխանցում կատարելով։

Արդյո՞ք այս պահանջը տարածվում է ֆիզիկական անձանց միջև գործարքների դիմաց վճարումների վրա:

Այո։ Այս պահին գործող կարգավորումների համաձայն՝ ֆիզիկական անձանց միջև 300,000 ՀՀ դրամը գերազանցող փոխառությունների տրամադրումը և ստացումը, ինչպես նաև 500,000 ՀՀ դրամը գերազանցող այն գործարքների դիմաց վճարումը, որոնց արդյունքում ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, պետք է կատարվեն անկանխիկ եղանակով։ Այդպիսի գործարքներ են, օրինակ՝ ավտոմեքենայի կամ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, բաժնետոմսերի և բաժնեմասերի օտարման պայմանագիրը, և այլն։

Արդյո՞ք նախատեսվում են հավելյալ սահմանափակումներ ֆիզիկական անձանց միջև գործարքների մասով:

Այո։ 2023 թվականի հուլիսի 1-ից սկսած անկանխիկ եղանակով պետք է իրականացվի ՀՀ տարածքում ֆիզիկական անձանց միջև ցանկացած գործարքի դիմաց 300,000 ՀՀ դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը։

Արդյո՞ք նախատեսված է նմանատիպ սահմանափակում ֆիզիկական անձանց մասնակցությամբ այլ գործարքների դեպքում:

Այո։ ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 300,000 ՀՀ դրամը գերազանցող ապրանքների օտարման, գույքի օտարման, ապրանքների օգտագործման, գույքի օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, պասիվ եկամուտների վճարման, փոխառությունների տրամադրման և ստացման գործարքների, եթե դրանց մի կողմը ֆիզիկական անձ է, դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով։

Արդյո՞ք նախատեսված պահանջը գործում է ՀՀ բոլոր բնակավայրերում:

Ոչ։ Օրենքի կարգավորումները դեռևս ամբողջությամբ գործողության մեջ չեն մտել և Հայաստանի տարբեր բնակավայրերի համար ուժի մեջ են մտնելու տարբեր փուլերով։

Տվյալ պահին անկանխիկ եղանակով վճարման պահանջը տարածվում է Երևան քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների, նոտարների կողմից աշխատավարձերի, կրթաթոշակների, ներկայացուցչական ծախuերի դիմաց կատարվող վճարումների, գործուղման նպատակով կատարվող վճարումների, պետական գնումների հետ կապված վճարումների, բժշկական կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների (այդ թվում՝ բարձրագույն ուսումնական) կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարումների վրա։

Վերոնշյալ գործարքների դիմաց վճարումը անկանխիկ եղանակով կատարելու պահանջը ՀՀ մարզերի վարչական կենտրոններում գործունեություն իրականացնող անձանց համար կգործի 2023 թվականի հուլիսի 1-ից, իսկ ՀՀ այլ բնակավայրերում՝ 2024 թվականի հուլիսի 1-ից։

Ո՞ր գործարքների դեպքում վճարումը պետք է կատարվի բացառապես անկանխիկ եղանակով՝ անկախ գումարի չափից և գործարքի կատարման վայրից:

Միևնույն ժամանակ, անկախ գումարի չափից 2022 թվականի հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով կատարվում են այն վճարումները, որոնք կապված են հետևյալ գործարքների հետ․

  • Փաստաբանական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ֆինանսական, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ խորհրդատվական ծառայությունների մատուցում,
  • Նոտարական ծառայությունների մատուցում,
  • ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների միջև իրականացվող ցանկացած գործարք, ինչպես նաև օտարերկրյա կազմակերպությունների և ՀՀ անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց միջև իրականացվող ցանկացած գործարք,
  • Բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկեր և փոխառություններ,
  • Ապահովագրական հատուցումները,
  • Պետական կամ համայնքային բյուջեներից և այդ բյուջեներ կատարվող ցանկացած վճարում,
  • Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց գործունեության հետ կապված բոլոր գործառնությունները։

 

Ինչպիսի՞ հակազդող կարգավորումներ են նախատեսված վերոնշյալ պահանջների շրջանցումը կանխելու համար:

Վերոնշյալ պահանջներից խուսափելու նպատակով գործարքների մասնատումը Օրենքի իմաստով դիտվում է մեկ միասնական գործարք, և դրա վրա տարածվելու են Օրենքի դրույթները, ներառյալ դրանք խախտելու հետևանքով առաջացող պատասխանատվությունը։

Միևնույն ժամանակ, Օրենքն արգելում է կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին, նոտարներին և փաստաբաններին ապրանքների/գույքի օտարման, ապրանքների/գույքի օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքներում կամ գործարքների առաջարկներում անկանխիկ եղանակով վճարման դեպքում առաջարկելու և (կամ) ստանալու ավելի բարձր գին, քան առաջարկում և/կամ ստանում են կանխիկ ձևով վճարման դեպքում։

Ո՞ր մարմիններն են վերահսկողություն իրականացնում Օրենքի պահանջների պահպանման վերաբերյալ:

Օրենքի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ Բացառություն են կազմում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված, գրանցված և/կամ վերահսկվող անձինք, որոնց նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ Կենտրոնական բանկը, և աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտում սահմանված պահանջների պահպանումը, որտեղ վերահսկող մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն է։

Ինչպիսի՞ պատասխանատվություն է նախատեսված Օրենքի պահանջները խախտելու համար:

Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, նոտարների և փաստաբանների միջև գործարքների դեպքում անկանխիկ եղանակով վճարում կատարելու պահանջները խախտելն առաջացնում է պատասխանատվություն գործարքի բոլոր կողմերի համար։ Սակայն հատկանշական է, որ գործարքի մի կողմում ֆիզիկական անձ լինելու դեպքում պատասխանատվություն է առաջանում միայն կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, փաստաբանի և նոտարի համար, որոնց նկատմամբ պատասխանատվությունը նախատեսվում է ՀՀ Հարկային օրենսգքով։

Իսկ ֆիզիկական անձանց կողմից Օրենքի պահանջները խախտելու դեպքում առաջանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված պատասխանատվություն։

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Իրավաբանական Խորհրդատվություն

Մատուցելով |անվճար իրավաբանական խորհրդատվություն| մենք ընձեռում ենք հնարավորություն աջակցելու ձեզ ամենաանհրաժեշտ պահին և ճիշտ որոշում կայացնելու հարցում: Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցել: