Ինչպե՞ս ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն

Հաշվի առնելով Հայաստանում կացության թույլտվություն ստանալու և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու շուրջ վերջին ակտիվությունը՝ ԷՄ ԲԻ Լեգալի թիմը պատասխանում է թեմայի շրջանակներում հաճախորդների կողմից ամենահաճախ տրվող հարցերին։

Որո՞նք են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու հիմքերը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ի թիվս այլ բաների, ձեռք է բերվում.

  • քաղաքացիության ճանաչմամբ, որի դեպքում հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող անձի՝ նախկին ՀԽՍՀ քաղաքացի լինելու հանգամանքը
  • ծնունդով, որի դեպքում հաշվի է առնվում անձի ծնողների` ՀՀ քաղաքացիներ լինելու հանգամանքը
  • քաղաքացիություն ստանալով, որի դեպքում հաշվի է առնվում օրենքով սահմանված պահանջներին բավարարելու հանգամանքը

Օրենքով սահմաված հիմնական պահանջները հետևյալն են.

  • Դիմողը 18 տարին լրացած գործունակ անձ է և չունի ՀՀ քաղաքացիություն,
  • անձը վերջին երեք տարում օրենքով սահմանված կարգով մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում,
  • կարող է բացատրվել հայերենով,
  • ծանոթ ՀՀ Սահմանադրությանը:

 

Այս պայմաններից բացառություն է նախատեսված այն անձի համար, ով մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դիմում ներկայացնելը վերջին երկու տարում գրանցված և օրինական ամուսնության մեջ է եղել Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ և այս երկու տարվա ընթացքում օրինականորեն բնակվել է Հայաստանի Հանրապետությունում առնվազն 365 օր կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա։

Ո՞ր մարմնին են ներկայացվում քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը։

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը անձամբ պետք է ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, իսկ օտարերկրյա պետություններում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:

Ի՞նչ ժամկետներում է տրամադրվում ՀՀ քաղաքացիությունը։

Չնայած այս պահին կատարվում են մի շարք բարեփոխումներ՝ ուղղված ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացի ժամկետներ կրճատմանը, այնուամենայնիվ այդ գործընթացը կարող է տևել մոտ մեկ տարի։

Որո՞նք են սահմանված ընթացակարգից բացառությունները։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում վերջերս կատարված փոփոխության արդյունքում` առանց վերը նշված պայմանները բավարարելու, ՀՀ քաղաքացիություն կարող է շնորհվել նաև Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց, ինչպես նաև նրանց, ովքեր նշանակալի ավանդ ունեն տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի ոլորտներում։

Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառում նշանակալի ներդրումը գնահատելու և բնութագրելու չափանիշները հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը դեռ չի ընդունվել և դեռ շրջանառության մեջ է։

Այս նախագծով տնտեսության մեջ նշանակալի ավանդ է համարվելու, ի թիվս այլոց, առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցների անհատույց տրամադրում՝ կրթության կամ գիտության ոլորտում գործունեություն ծավալելու նպատակով ստեղծված հիմնադրամի անձեռնմխելի կապիտալը համալրելու նպատակով, ներդրումներ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում (բաժնետոմսերի ձեռքբերում) առնվազն 150,000 ԱՄՆ դոլարի չափով առնվազն 10 տարի ժամկետով, Հայաստանի Հանրապետությունում 1 մլն և ավելի ՀՀ դրամ կապիտալիզացիայով բարձր և/կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ընկերության ստեղծում, պայմանով, որ հիմնադրի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում և այլն։

Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի բնագավառում նշանակալի ավանդը գնահատելու չափանիշներից կլինեն՝ էական ներդրումը հայ մշակույթի տարածման և զարգացման գործում, երկարամյա ակտիվ համագործակցությունը հայ գործիչների կամ մշակույթի և արվեստի կազմակերպությունների հետ, նշանակալի մասնակցությունը. հայ մշակույթի պահպանումը, հասարակական և բարեգործական գործունեությունը, ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած անձի միջազգային ճանաչումն ու հեղինակությունը, որոնք կարող են օգտագործվել հայ մշակույթի միջազգային դիրքի ամրապնդման և հանրահռչակման համար։

Իսկ Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության ռազմական դրության մեջ գտնվող բժշկական կազմակերպություններում օտարերկրյա բուժաշխատողների կողմից բժշկական օգնության և սպասարկման ապահովումը կդիտարկվի որպես նշանակալի ներդրում առողջապահության ոլորտում։

Այնուամենայնիվ այս նախագիծը դեռևս ընդունված չէ, և նկարագրված չափանիշները վերջնական տարբերակում գուցե փոփոխված լինեն։

Մեր թիմը սիրով կաջակցի Ձեզ այս գործընթացի բոլոր փուլերում և ցանկացած հարցով։

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Իրավաբանական Խորհրդատվություն

Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցել:

Վերջին հրապարակումները