10 հարց և պատասխան ՀՀ-ում աշխատակիցների բաժնետիրացման վերաբերյալ

Ժամանակակից աշխարհում տարածված պրակտիկա է աշխատակիցների բաժնետիրացումը, որն ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում դեռևս նոր պրակտիկա է կորպորատիվ իրավունքի ոլորտում:

Մինչ 2021 թվականի փոփոխությունները «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքը սահմանում էր, որ «Ընկերության աշխատակիցներին կանոնադրությամբ սահմանված կարգով կարող են տրամադրվել աշխատակցի բաժնետոմսեր, որոնք կարող են լինել հասարակ կամ արտոնյալ: Աշխատակցի բաժնետոմսերը տեղաբաշխվում են Ընկերության աշխատակիցների միջև` այդ նպատակի համար աշխատակիցների բաժնետիրացման հատուկ հիմնադրամի միջոցների հաշվին` Ընկերության կողմից իր բաժնետերերից հետ գնած բաժնետոմսերից»: Այս մեխանիզմը ճկուն չէր և ՀՀ-ում մեծ կիրառելություն չունեցավ: 2021 թվականի օրենսդրական փոփոխություններից հետո այս ինստիտուտի կիրառումը դարձավ ավելի կարգավորված` թույլ տալով Ընկերությունների աշխատակիցների հատուկ հիմնադրամի փոխարեն բաժնետոմսերի լրացուցիչ տեղաբաշխման միջոցով աշխատակիցներին տրամադրել բաժնետոմսեր, ավելին, ներդրվեց նաև ֆինանսական ածանցյալ գործիքների տրամադրման իրավական հնարավորությունը:

Այս հոդվածի շրջանակներում կուսումնասիրենք աշխատակիցների բաժնետիրացման հիմնական առանցքային կարգավորումները ՀՀ օրենսդրության լույսի ներքո:

Ի՞նչ է իրենից ներկայացնում աշխատակիցների բաժնետիրացումը և ի՞նչ ձևերով է այն իրականացվում:

Տասնամյակներ շարունակ բազմաթիվ ընկերություններ փորձել են կիրառել աշխատակիցների խրախուսման տարբեր մեթոդներ՝ մեծացնելու նրանց ներգրավվածությունը ընկերության գործերին, երկարաժամկետ հաջողություններ գրանցելու, ինչպես նաև ընկերության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Ընկերությունների կողմից օգտագործվող քաղաքականություններից մեկը ESOP-ն է (Employee Stock Option Plan կամ Employee Stock Ownership Plan), որը թարգմանաբար նշանակում է Աշխատողների բաժնետոմսերի օպցիոն ծրագիր կամ Աշխատողների բաժնետոմսերի սեփականության ծրագիր։ Այս երկու հասկացությունների միջև տարբերությունն այն է, որ առաջին դեպքում ընկերությունը աշխատողին տալիս է բաժնետոմսերի օպցիոն, իսկ երկրորդ դեպքում փոխանցում է ընկերության բաժնետոմսերի որևէ մասի նկատմամբ սեփականության իրավունքը։

Ընդհանուր առմամբ աշխատողների բաժնետիրացման ծրագիր հասկացությանը կարելի է տալ հետևյալ բնորոշումը. Այն հանդիսանում է ընկերության (կորպորացիայի) կողմից ընդունված քաղաքականություն (կանոնակարգ, ծրագիր, ներքին այլ ակտ), որի համաձայն վերջինս իր աշխատողների (ներառյալ՝ իր կառավարման մարմիններում ընդգրկված անձանց) համար նախատեսում է համապատասխան հատուցումներ՝ ընկերության (կորպորացիայի) կամ վերջինիս մայր կազմակերպության սեփական կապիտալի գործիքներով (բաժնետոմսեր, օպցիոններ, սեփական կապիտալի այլ գործիքներ)։

Ընդ որում, ՀՀ օրենսդրության շրջանակներում ընկերությունը պետք է լինի բաժնետիրական, իսկ եթե ընկերությունը գնում է աշխատակիցների բաժնետիրացման քայլի, պետք է նաև հաշվի առնի որ ընկերությունում 49 բաժնետեր ունենալուց հետո պետք է վերակազմավորվի բաց բաժնետիրական ընկերության: Ընդ որում, աշխատակցի բաժնետոմսի նկատմամբ սեփականության իրավունքը պետք է գրանցվի արժեթղթերի հաշվառման համակարգում` ռեեստրում:

Ի՞նչ առավելություններ կունենան աշխատողը և գործատուն, եթե ներգրավվեն Ընկերության աշխատակիցների բաժնետիրացման ծրագրին:

Աշխատողի համար հիմնական առավելությունն ավելի ցածր գնով ընկերության բաժնետեր դառնալու հնարավորությունն է։ Բաժնետոմսերի սեփականության իրավունքը ձեռք բերելուց հետո աշխատողն ունի ընտրություն՝

— Կա՛մ նա վաճառում է իր բաժնետոմսերն ամբողջությամբ կամ մասնակի,

-Կա՛մ նա պահպանում է իր բոլոր բաժնետոմսերի կամ դրանց մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը առանց այն օտարելու, որպեսզի մնա ընկերության բաժնետեր դրան հարակից բոլոր իրավունքներով (շահաբաժիններ ստանալու իրավունք, ընդհանուր ժողովներում քվեարկելու իրավունք և այլն):

Այս պրակտիկան թույլ է տալիս աշխատակիցներին, ի թիվս այլնի, օգտվել ընկերության մասին ավելի շատ տեղեկատվությունից՝ որպես բաժնետեր: Աշխատակիցները կարող են մասնակցել ընկերության որոշումների կայացմանը, սակայն բաժնետիրացման ծրագրով կարող է սահմանափակվել որոշակի հարցերում աշխատակից-բաժնետիրոջ քվեարկելու իրավունքը:

Մյուս կողմից, աշխատակիցների բաժնետիրացումը թույլ է տալիս գործատուին մոտիվացնել և պահպանել իր աշխատակիցներին՝ նրանց ներգրավելով ընկերության շահույթի ստացման գործընթացում: Ընկերությունը ցույց է տալիս իր վստահությունն իր աշխատակիցների նկատմամբ և այդպիսով կարող է նպաստել արտադրողականության աճին:

Ինչպե՞ս կարող են մեր իրավաբանները օգնել Ձեզ աշխատակիցների բաժնետիրացման հարցում:

Մեր փորձառու իրավաբանների թիմը պատրաստ է տրամադրել խորհրդատվություն աշխատակիցների բաժնետիրացման գրեթե բոլոր ասպեկտների վերաբերյալ՝ սկսած ծրագրի նախագծումից մինչև վերջինիս իրականացում:

Ի՞նչ պայմաններ պետք է բովանդակի աշխատակիցների բաժնետիրացման ծրագիրը:

Համաձայն ՀՀ օրենսդրության, աշխատակիցների բաժնետիրացման ծրագիրը պետք է ներառի հետևյալ դրույթները՝

  • Աշխատակիցների դասակարգում՝ ո՞ր աշխատողներն են իրավասու ստանալ բաժնետոմսեր կամ բաժնետոմսերի օպցիոններ: Դասակարգումը կարող է հիմնված լինել աշխատողի պաշտոնի, աշխատավարձի հիման վրա: Ծրագիրը մոտիվացիոն գործիք է, ուստի աշխատողի համար պետք է պարզ լինի, թե որոնք են մասնակցության չափանիշները:
  • Բաժնետոմսերի կամ օպցիոնների տրամադրում՝ ծրագիրը պետք է մանրամասն նախատեսի բաժնետոմսերի կամ օպցիոնների ձեռքբերման, օգտագործման, փոխանցման և վաճառքի/հետգնման գործընթացները։
  • Սեփականաշնորհում կամ զիջում՝ որո՞նք են սեփականաշնորհման գործընթացն ու պահանջները, սեփականության իրավունքի հաշվարկման մեխանիզմը, որը ՀՀ օրենսդրությամբ չի կարող ավելի, քան 3 տարի լինել:
  • Գնագոյացում՝ ո՞րն է բաժնետոմսերի/օպցիոնների գնահատման մեխանիզմը:
  • Աշխատողի իրավունքներն ու պարտականությունները բաժնետոմսերի կամ օպցիոնների զիջման ժամկետից հետո։
  • Աշխատողի իրավունքներն ու պարտականությունները ընկերությունից հեռանալու դեպքում։

Աշխատակիցների բաժնետիրացման ծրագիրը մշակվում և հաստատվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից:

Ի՞նչ է օպցիոնը, ո՞րն է օպցիոնի և բաժնետոմսի տարբերությունը, ո՞րն է «վեսթինգ» ժամանակահատվածը:

Ի տարբերություն բաժնետոմսի` ՀՀ օրենսդրության  տրամաբանությամբ բաժնետոմսի օպցիոնը կոնկրետ նշված ժամանակահատվածում որոշակի գնով արժեթղթերի գնման կամ վաճառքի իրավունքն է: Այդ ժամանակահատվածը կոչվում է «վեսթինգ» ժամանակահատված, որի ընթացքում աշխատակիցը ձեռք է բերում բաժնետոմսի նկատմամբ սեփականության իրավունք: Հիմնականում այդ ժամանակահատվածը տատանվում է 3-ից 5 տարվա սահմաններում: Բաժնետոմսի օպցիոնի դեպքում աշխատակիցը դեռևս չունի սեփականության իրավունք բաժնետոմսի նկատմամբ:

Ինչպիսի՞ այլ օրենսդրական պահանջներ կան աշխատակիցների բաժնետիրացման իրականացման համար:

Նախ, Օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Աշխատակիցների միջև տեղաբաշխված և ածանցյալ ֆինանսական գործիքների վերջնահաշվարկի արդյունքով տրամադրվող բաժնետոմսերի գումարային անվանական արժեքը չպետք է գերազանցի կանոնադրական կապիտալի, իսկ այդ բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակը՝ Ընկերության քվեարկող բաժնետոմսերով տրամադրվող ձայների 25 տոկոսը»։

Ընդ որում, հարկ է նշել, որ ՀՀ օրենսդրությունը նախատեսում է հասարակ բաժնետոմսերի  տարբեր դասերի հնարավորություն, ուստի ընկերությունը կարող է աշխատակիցներին տրամադրել առանձին դասի բաժնետոմսեր:

Երկրորդ, Օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Աշխատակիցների բաժնետոմսերը կամ ածանցյալ ֆինանսական գործիքները տեղաբաշխվում (տրամադրվում) են աշխատակիցների միջև վերջիններիս գրավոր համաձայնությամբ: Աշխատակցի բաժնետոմսերը կամ ածանցյալ ֆինանսական գործիքները կարող են տրամադրվել առանց վճարի, իսկ բաժնետոմսերի դիմաց վճարվող գումարը կարող է ընկերության համապատասխան տեսակի կամ դասի բաժնետոմսերի անվանական արժեքից ցածր լինել»։

Երրորդ, Օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասի տրամաբանությունից ելնելով, կարող ենք նշել, որ բաժնետոմսի աշխատակից-սեփականատերերին տրվում են նույն իրավունքներն, ինչպիսիք սահմանված են Օրենքով և կանոնադրությամբ` դրանց համապատասխանող տեսակի կամ դասի բաժնետոմսերի սեփականատերերի համար։ Այսինքն, բացի Օրենքի 41-րդ հոդվածի սահմանափակումներից, բաժնետեր-աշխատակիցներն ունեն նույն իրավունքներն, ինչ ընկերության յուրաքանչյուր տեսակի կամ դասի բաժնետոմսի սեփականտերերը՝ Օրենքին և ընկերության կանոնադրությանը համապատասխան։ Դրանից է բխում նաև այն, որ օրենսդրական կարգավորումների համաձայն՝ աշխատակցի բաժնետոմսերի անվանական արժեքը չպետք է տարբերվի Ընկերության համապատասխան տեսակի կամ դասի բաժնետոմսերի անվանական արժեքից:

Արդյոք գոյություն ունի՞ աշխատակիցների կողմից բաժնետոմսերի օտարման արգելք:

Այո, օրենքը սահմանափակել է բաժնետոսմերի նկատմամբ աշխատողների սեփականության իրավունքի ժամկետը: Դա նշանակում է, որ Օրենքն ընկերությանն իրավունք է վերապահում՝ սահմանափակելու աշխատակիցների կողմից բաժնետոմսերի կամ օպցիոնների փոխանցումը երրորդ անձանց, բայց ոչ ավելի, քան 3 տարի՝ սկսած տվյալ բաժնետիրոջը բաժնետոմսերի կամ ածանցյալ ֆինանսական գործիքների տեղաբաշխման (տրամադրման) օրվանից:

Արդյոք ընկերությունը կարո՞ղ է հետ գնել աշխատակցին տեղաբաշխված բաժնետոմսերը:

Աշխատակցի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման դեպքում Ընկերությունն իրավունք ունի, բայց պարտավորված չէ հետգնելու աշխատակցի բաժնետոմսերը դրանց շուկայական արժեքով, սակայն անվանական արժեքից ոչ պակաս գնով: Ընկերությանն այսպիսի իրավունք չի վերապահվում այն դեպքում, երբ աշխատանքային հարբերությունները դադարում են աշխատակցի՝ կենսաթոշակի անցնելու հիմքով:

Ի՞նչ հարկային հետևանքներ են առաջանում աշխատակիցների բաժնետիրացման դեպքում:

Թեպետ Օրենքով նախատեսվել են ծրագրին առնչվող ավելի մանրամասն կարգավորումներ, սակայն աշխատակիցների բաժնետիրացումից բխող հարկային հետևանքները այդքան էլ հստակ չեն: Այնուամենայնիվ հստակ է, որ ծրագրի շրջանակներում աշխատողների կողմից ստացվող հատուցումը, որպես ստացվող եկամտի տեսակ, պետք է դասել ոչ թե որպես եկամտային հարկի հարկման բազայի մեջ, այլ եկամտային հարկի հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտների շարքին։

Ես, որպես ընկերության աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի մասնակցի ժառանգ, ունե՞մ արդյոք իրավունք այդ բաժնետոմսի նկատմամբ:

Օրենքը ընկերության աշխատակցի մահվան դեպքում, որին շնորհվել էր ընկերության բաժնետմոսերի/օպցիոնների նկատմամբ սեփականության իրավունքը, իրավունք է վերապահում նրա ժառանգ(ներ)ին ընկերությունից պահանջել կամ հետգնել այդ բաժնետոմսերը շուկայական արժեքով, բայց ոչ պակաս, քան անվանական արժեքը կամ փոխանակել այդ բաժնետոմսերը ընկերության այլ բաժնետոմսերի հետ, այդպիսի հնարավորությունը նախատեսվում է ընկերության կանոնադրությամբ:

Ինչպե՞ս կարող են մեր իրավաբանները օգնել Ձեզ աշխատակիցների բաժնետիրացման հարցում:

Մեր փորձառու իրավաբանների թիմը պատրաստ է տրամադրել խորհրդատվություն աշխատակիցների բաժնետիրացման գրեթե բոլոր ասպեկտների վերաբերյալ՝ սկսած ծրագրի նախագծումից մինչև վերջինիս իրականացում:Այս գործընթացը ավելի արագ, անխափան և արդյունավետ կերպով իրականացնելու համար մեր թիմը պատրաստ է`

  • քննարկել աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի իրագործելիությունը,
  • իրականացնել աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի նախագծումը,
  • տրամադրել խորհրդատվություն աշխատակիցների բաժնետիրացման հարկային հետևանքների մասին,
  • տրամադրել իրավաբանական աջակցություն բաժնետոմսերի օտարման գործարքների վերաբերյալ,
  • տրամադրել իրավաբանական խորհրդատվություն աշխատակիցների բաժնետիրացման հարկային հետևանքների վերաբերյալ,
  • կազմել բոլոր անհրաժեշտ իրավական փաստաթղթերը և այլն:

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Խորհրդատվություն

Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ խորհրդատվական ծառայություններ մատուցել:

Վերջին հրապարակումները