8 հարց և պատասխան երկքաղաքացիության մասին

Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման հիմքերը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դիմումների ձևանմուշների լրացման կարգը և այլ հարցեր սահմանված են «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով, իսկ ինչպե՞ս է տեղի ունենում երկրորդ քաղաքացիության ձեռքբերման ընթացակարգը, ի՞նչ պարտավորեցնող դրույթներ ունի երկրորդ քաղաքացիության ստացումը, ինչպիսի՞ հարկային պարտավորություններ կարող եք ունենալ որպես երկքաղաքացի։ Այս և այլ կարևոր հարցերին կանդրադառնանք սույն հոդվածի շրջանակներում:

Ո՞ր դեպքում է անձը համարվում երկքաղաքացի:

Երկքաղաքացի է համարվում այն անձը, որն ունի մեկից ավելի պետությունների քաղաքացիություն։

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի, ունի նաև այլ պետության (երկրների) քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Սույն նորմը տարածվում է նաև 1995 թվականի հունվարի մեկից հետո, առանց սահմանված կարգի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից միակողմանի հրաժարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:

Ինչպիսի՞  իրավունքներ ու պարտականություններ ունեն երկքաղաքացիները։

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի:

Արդյո՞ք այլ պետության քաղաքացիություն ստանալու դեպքում անձն ունի պարտավորություն այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնին։

Այո։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ստանալու դեպքում պարտավոր է այդ մասին ՀՀ կառավարության սահմանած կարգով, մեկամսյա ժամկետում, հայտնել ՀՀ ոստիկանության ԱՎ վարչություն կամ ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներին, իսկ օտարերկրյա պետություններում` գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին:

Արդյո՞ք անձի կողմից այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում այդ մասին ՀՀ կառավարության սահմանած կարգով, մեկամսյա ժամկետում չհայտնելը առաջացնում է որևէ պատասխանատվություն։

Ոչ։ Օրենսդրությամբ սահմանված կարգով երկքաղաքացու կողմից իրավասու մարմնին նշված տեղեկատվությունը չհայտնելը չի առաջացնում որևէ պատասխանատվություն։

Ինչպե՞ս է կարգավորվում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության անցնելը, եթե տվյալ անձը հանդիսանում է նաև այլ պետության քաղաքացի:

ՀՀ երկքաղաքացին հանդիսանում է նաև Հայաստանի Հանրապետության զինապարտ և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության Հայաստանի զինված ուժերում, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային ծառայություն: Երկքաղաքացին չի ազատվում զորահավաքից և վարժական հավաքից:

Այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում արդյոք անձը ունի՞ պարտավորություն հրաժարվելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից։

Հայաստանի Հանրապետությունը ընդունում է երկքաղաքացիությունը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը և/կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է միայն ՀՀ Նախագահի հրամանագրով: Անձը դիմումը անձամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, իսկ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ: 

Այլ երկրի քաղաքացիություն ունենալու դեպքում ի՞նչ ընթացակարգով պետք է դիմել ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար։

Եթե ունեք այլ երկրի քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիության դիմելու ընթացակարգը չի փոխվում։ Դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ մեր կայքէջում տեղադրված քաղաքացիության վերաբերյալ հոդվածում` https://mblegal.am/hy/how-to-obtain-citizenship-of-the-republic-of-armenia/։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման հիմքով ի՞նչ հարկային պարտականություններ են առաջանում տվյալ անձի համար։

Հայաստանի Հանրապետության տարածքում միայն քաղաքացիության ձեռքբերման հիմքով անձինք որևէ հարկային պարտավորություններ չեն ստանձնում։ Հայաստանի Հանրապետությունում հարկման հիմքում դրվում է անձի ռեզիդենտությունը։

ՀՀ ռեզիդենտ են համարվում (այսուհետ` ռեզիդենտ ֆիզիկական անձինք) այն անձինք, ովքեր․

  • հարկային տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել են 183 օր և ավելի
  • ում կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում

 

Քաղաքացիության ստացման բարդ և շփոթեցնող գործընթացը հեշտացնելու նպատակով մեր Ընկերությունը ուրախ կլինի տրամադրել Ձեզ խորհրդատվություն հետևյալ հարցերով․ քաղաքացիության հարցերի վերաբերյալ խորհրդատվության, պետական մարմինների բացասական որոշումների բողոքարկում, քաղաքացիության դիմումների պատրաստումներ։

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Իրավաբանական Խորհրդատվություն

Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցել:

Վերջին հրապարակումները