Ինչպե՞ս փակել ԱՁ-ն կամ ընկերությունը Հայաստանում

Ի՞նչ անել, եթե անհատ ձեռնարկատեր եք կամ գրանցել եք ընկերություն, հիմնադրամ կամ հասարակական կազմակերպություն և որոշել եք դադարեցնել Ձեր գործունեությունը: Մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել ենք որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու, առևտրային ընկերությունների գրանցման միջոցով բիզնես գործունեություն ծավալելու օրենսդրական առանձնահատկություններին:

Այս հոդվածի շրջանակներում ավելի լայն պատկերացում կկազմենք, թե ինչպես փակել ԱՁ, ինչպես նաև հանդիսանալով առևտրային կամ ոչ առևտրային ընկերություն գրանցած անձ (անձինք) ՀՀ օրենսդրության շրջանակներում դադարեցնել բիզնես գործունեությունը:

Առաջին հերթին հարկ է նշել, որ ի տարբերություն ՀՀ օրենսդրության շրջանակներում գրանցված ընկերությունների գործունեության դադարեցման, անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանումն ավելի պարզ և պակաս փաստաթղթաշրջանառություն ենթադրող գործընթաց է: 

Անհատ ձեռնարկատիրոջ լուծարման գործընթացը

Ո՞վ կարող է դիմել անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելու համար: 

Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելու գործընթացի համար ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (այսուհետ` «Գործակալություն») կարող է դիմել ինչպես անհատ ձեռնարկատերն անձամբ, այնպես էլ նրա կողմից լիազորված անձը: 

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելու համար:

Գործակալություն են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում,
  • լիազորված անձի կողմից դիմում ներկայացնելու դեպքում ներկայացվում է նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ:

Արդյոք կա՞ն լրացուցիչ պահանջներ անհատ ձեռնարկատիրոջ լուծարման դեպքում, եթե վերջինս ունի աշխատակիցներ: 

Այո: Եթե Անհատ ձեռնարկատերը հաշվառվել է մինչև 2013 թվականը, ապա վերջինիս լուծարման դեպքում գործակալություն պետք է ներկայացնել նաև «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին տեղեկանք, ըստ որի անհատ ձեռնարկատերերի լուծարման դեպքում անհատ ձեռնարկատերը կազմակերպում է մինչև 2013 թվականի հունվարի 1-ը իր գործունեությամբ առաջացած անձնակազմին վերաբերող փաստաթղթերի առանձնացումը և հանձնումը պետական կամ համայնքային արխիվ:

Ինչպե՞ս կարող ենք օգնել

Եթե Դուք ցանկանում եք դադարեցնել Ձեր բիզնես գործունեությունը կամ փակել ԱՁ-ն, ապա մեր իրավաբանների թիմը պատրաստ է աջակցել Ձեզ:

Ինչպիսի՞ կարգավորումներ են գործում, եթե անհատ ձեռնարկատերը մահացել է կամ ճանաչվել է անհայտ բացակայող: 

Մահացած անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելն իրականացվում է ինքնաշխատ կերպով՝ նոր տեղեկությունները փոխօգնության կարգով ստանալով համապատասխան տեղեկատվական բազան վարող պետական կառավարման մարմնից` ՀՀ Քաղաքացիական Կացության Ակտերի Գրանցման Գործակալությունից (ՔԿԱԳ)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Անհայտ բացակայող անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելն իրականացվում է շահագրգիռ անձի դիմումի համաձայն, որի համար ներկայացվում են որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի նույնականացման համար բավարար ցանկացած տեղեկատվություն և անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի որոշման պատճենը:

Ի՞նչ ժամկետում է կատարվում հաշվառումից հանելը:

Անհատ ձեռնարկատերը համարվում է հաշվառումից հանված դիմումը ներկայացնելու պահից:  

Արդյոք պետական տուրքի պարտավորություն առկա՞ է անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելու դեպքում: 

Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձին պետական հաշվառումից հանելու համար պետական տուրք չի գանձվում:

Առաջ շարժվելով, նշենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն` իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող` առևտրային (ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող` ոչ առևտրային կազմակերպություններ (հիմնադրամ, հասարակական կազմակերպություն):

Իրավաբանական անձի գործունեությունը դադարում է դրա լուծարմամբ, որի դեպքում իրավահաջորդություն չի առաջանում: Ահա թե ինչու, օրենսդիրը նախատեսել է իրավաբանական անձի լուծարման հատուկ գործընթաց, որն ապահովում է բոլոր պարտատերերի տեղեկացումը և պահանջների ներկայացումը իրավաբանական անձին:

Առևտրային ընկերությունների լուծարման գործընթացը

Close a profit business

Ու՞մ կողմից է իրականացվում առևտրային ընկերությունների լուծարման գործընթացը:

Լուծարման պետական գրանցումը կատարվում է Գործակալության կողմից, բացառությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցված իրավաբանական անձանց լուծարման դեպքերի (բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, ներդրումային ֆոնդեր և այլն), որոնց լուծարման համար նախատեսված է ամբողջովին այլ ընթացակարգ: 

Ո՞վ է կայացնում առևտրային ընկերությունների լուծարման գործընթացի որոշումը:

Կամավոր լուծարման դեպքում` ինչպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, այնպես էլ բաժնետիրական ընկերությունների լուծարման, լուծարային հանձնաժողովի նշանակման և լուծարման հաշվեկշռի ընդունման մասին որոշումները ընկերության ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությունն են, ինչը ենթադրում է, որ վերջիններս չեն կարող նրա կողմից փոխանցվել ընկերության խորհրդի և ընկերության գործադիր մարմինների որոշմանը:

Առևտրային ընկերությունները կարող են լուծարվել նաև դատական կարգով հարկադիր: 

Ինչպե՞ս է իրականացվում առևտրային ընկերությունների լուծարման բուն գործընթացը: 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 69-րդ հոդվածի կարգավորումների համաձայն` ընկերության լուծարման մասին որոշում ընդունած մարմինը նշանակում է լուծարման հանձնաժողով (լուծարող) և սահմանում լուծարման կարգն ու ժամկետները: Նշանակման պահից լուծարման հանձնաժողովին են անցնում իրավաբանական անձի գործերի կառավարման լիազորությունները:  Լուծարման հանձնաժողովը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն է զետեղում նրա լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից` սկսած լուծարման մասին հրապարակման պահից:

Լուծարման հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում պարտատերերին հայտնաբերելու և դեբիտորական պարտքն ստանալու ուղղությամբ, ինչպես նաև պարտատերերին տեղեկացնում է իրավաբանական անձի լուծարման մասին:

Պարտատերերի կողմից պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման միջանկյալ հաշվեկշիռ, որը տեղեկություններ է պարունակում լուծարվող իրավաբանական անձի գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի, ինչպես նաև պահանջների քննարկման արդյունքների մասին: Եթե լուծարվող իրավաբանական անձի ունեցած դրամական միջոցներն անբավարար են պարտատերերի պահանջները բավարարելու համար, լուծարման հանձնաժողովը հրապարակային սակարկություններով վաճառում է իրավաբանական անձի գույքը:

Ի՞նչ հերթականությամբ են բավարարվում ընկերության պարտատերերի պահանջները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածը նախատեսում է, որ իրավաբանական անձի լուծարման դեպքում նրա պարտատերերի պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ`

  1. Բավարարվում են լուծարվող իրավաբանական անձի գույքի գրավով ապահովված պարտավորություններով պարտատերերի պահանջները;
  2. Բավարարվում են այն քաղաքացիների պահանջները, որոնց առջև լուծարվող իրավաբանական անձը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար` համապատասխան պարբերական վճարումների կապիտալացման միջոցով;
  3. Վճարվում է աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց արձակման նպաստների, աշխատավարձի և հեղինակային պայմանագրերով վարձատրությունը;
  4. Մարվում է բյուջե, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին կատարվող պարտադիր վճարների պարտքը;
  5. Հաշվարկներ են կատարվում մնացած պարտատերերի հետ` բացառությամբ ստորադաս փոխառություններով պարտատերերի;
  6. Հաշվարկներ են կատարվում ստորադաս փոխառություններով պարտատերերի հետ:

Յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարվելուց հետո:

Եթե լուծարվող իրավաբանական անձի գույքի արժեքն անբավարար է պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա այն կարող է լուծարվել միայն սնանկության հետևանքով:

Ի՞նչ է տեղի ունենում, երբ բավարարվում են բոլոր պարտատերերի պահանջները:

Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ, որը հաստատում է ժողովը:

Ե՞րբ է առևտրային ընկերությունը համարվում լուծարված:

Լուծարման հանձնաժողովը հաստատված լուծարման հաշվեկշիռն մյուս փաստաթղթերի հետ ներկայացնում է Գործակալություն` ընկերության լուծարման պետական գրանցում կատարելու համար: Իրավաբանական անձը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը` դադարած, պետական գրանցման պահից:

Ոչ առևտրային ընկերությունների լուծարման գործընթացը

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 69-րդ և 70-րդ հոդվածների դրույթները տարածվում են նաև հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների վրա, սակայն վերջիններիս լուծարման գործընթացը տարբերվում է մի շարք առանձնահատկություններով:

Ի՞նչ առանձնահատկություններ կան հիմնադրամի լուծարման գործընթացում:

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն` ի տարբերություն անհատ ձեռնարկատերերի և առևտրային ընկերությունների լուծարման, հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով: 

Ո՞վ է հիմնադրամի անունից կայացնում լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշումը:

Հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը կայացնում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը: Այս իրավասությունը բացառիկ է և կանոնադրությամբ չեն կարող փոխանցվել այլ մարմնի:

Ի՞նչ է լինում այն դեպքում, երբ այլևս հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ: 

Պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին անձեռնմխելի կապիտալով հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, հիմնադրամի գույքը փոխանցվում է նվիրատուներին՝ նրանց կողմից հիմնադրամին տրամադրված միջոցների չափին համապատասխան, սակայն ոչ ավելի, քան նվիրաբերած գումարը, իսկ դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության:

Հասարակական կազմակերպությունների լուծարման առանձնահատկությունները:

ՀԿ-ի կամավոր լուծարման մասին որոշումը կայացնում է ժողովը: Ընդ որում, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն` Պետական եկամուտների կոմիտեն կազմակերպության հարկադիր լուծարման պահանջով կարող է դիմել դատարան այդ նույն օրենքով նախատեսված դեպքերում, օրինակ, կազմակերպությունը գործունեության ընթացքում իրականացրել է սահմանադրական կարգը բռնի տապալելու կամ ատելություն բորբոքելու կամ բռնություն կամ պատերազմ քարոզելու գործողություն:

Կազմակերպությունը լուծարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք` հոդված 67-70), որի մասին արդեն խոսել են առևտրային ընկերությունների լուծարման գործընթացին անդրադառնալիս:

Կազմակերպություն լուծարելու դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Բարձրակարգ և պրոֆեսիոնալ իրավաբանական խորհրդատվություն

Եթե Դուք ցանկանում եք դադարեցնել Ձեր բիզնես գործունեությունը և որոշել եք լուծարել ձեր առևտրային կամ ոչ առևտրային ընկերությունը կամ դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից, ապա մեր իրավաբանների թիմը կարող է աջակցել Ձեզ հետևյալ հարցերում`

  • Խորհրդատվություն լուծարման շեմին գտնվող իրավաբանական անձի գործունեության դադարեցման վերաբերյալ,
  • ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում լուծարման հայտարարության զետեղում,
  • Լուծարման համար անհրաժեշտ փաստաթղթերի, այդ թվում` միջանկյալ լուծարային հաշվեկշռի, լուծարային հաշվեկշռի կազմում,
  • Համապատասխան պետական մարմիններում, այդ թվում ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում, դատարանում, հաշվի օպերատոների առջև ներկայացուցչություն,
  • Պարտատերերի հետ հետագա բանակցությունների վարում:

 

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Խորհրդատվություն

Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ խորհրդատվական ծառայություններ մատուցել:

Վերջին հրապարակումները