Ի՞նչ է պետք իմանալ ՏՏ ոլորտում պետական աջակցության մասին

Կարևոր գնահատելով Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պոտենցիալը` 2014 թվականին ընդունվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը: Պետական աջակցությունը տրամադրվում է հարկային արտոնությունների տեսքով և հաստատվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից տրված հավաստագրով:

Ինչպիսի՞ պետական աջակցություն է տրամադրվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին:

Որպես պետական աջակցություն նախատեսված հարկային արտոնությունները վերաբերում են շահութահարկին և եկամտային հարկին:

  • «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով եկամուտ չեն օրենքով սահմանված կարգով հավաստագրված ռեզիդենտների կողմից հավաստագրի գործողության ժամկետում տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից ստացվող եկամուտները:
  • «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` օրենքով սահմանված կարգով հավաստագրված ընկերությունը հավաստագրի գործողության ժամկետում աշխատողներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով:

Ո՞ր տնտեսվարող սուբյեկտները կարող են օգտվել պետական աջակցությունից:

  • Տնտեսվարող սուբյեկտի աշխատողների թիվը հավաստագիր ստանալու դիմումը ներկայացնելու պահին և դրա գործողության ողջ ընթացքում չպետք է գերազանցի 30-ը,
  • Տնտեսվարող սուբյեկտը պետք է ստեղծված լինի բացառապես օրենքով սահմանված գործունեության տեսակներն իրականացնելու նպատակով,
  • Տնտեսվարող սուբյեկտը չպետք է ստեղծված լինի այլ տնտեսավարող սուբյեկտի վերակազմակերպման արդյունքում և պետք է չլինի այլ տնտեսավարող սուբյեկտի դուստր ընկերություն:

Որո՞նք են պետական աջակցության համար դիմելու ժամկետները:

Հավաստագրման համար տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է դիմել պետական գրանցման պահից 3 ամսվա ընթացքում:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ օրենքով նախատեսված պետական աջակցության ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը: Այս փոփոխությամբ պայմանավորված հավաստագրի տրամադրման դիմումների ընդունման վերջին ժամկետ է սահմանվում 2023 թվականի նոյեմբերի 1-ը: Իսկ այն հավաստագրերը, որոնք տրվել են 2019 թվականի հունվարի 1-ից հետո կգործեն մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Ունենալով ՏՏ ընկերությունների հետ համագործակցության մեծ փորձ, ԷՄ ԲԻ Լեգալը սիրով պատրաստ է աջակցել ձեզ այս գործընթացում։

 

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Իրավաբանական Խորհրդատվություն

Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցել:

Վերջին հրապարակումները