Իրավաբանական անձի առանձնացման գործընթաց. հարցեր և պատասխաններ

Իրավաբանական անձինք իրենց գործունեության կազմակերպման նպատակով երբեմն դիմում են վերակազմակերպման գործընթացների, որոնց մեջ պրակտիկ նշանակություն ունի հատկապես առանձնացման գործընթացը։

Ի՞նչ է իրավաբանական անձի առանձնացումը։

Առանձնացումը իրավաբանական անձի վերակազմակերպման տեսակներից մեկն է։ Առանձնացման դեպքում գոյություն ունեցող իրավաբանական անձից առանձնանում են մեկ կամ մի քանի նոր իրավաբանական անձինք, սակայն վերակազմակերպվող իրավաբանական անձը չի դադարում գոյություն ունենալուց։ Առանձնացման դեպքում նոր ստեղծվող իրավաբանական անձին կամ անձանց անցնում են վերակազմակերպվող իրավաբանական անձի իրավունքների և պարտականությունների մի մասը:

Ե՞րբ կարող է իրավաբանական անձի՝ առանձնացման ճանապարհով վերակազմակերպումը անհրաժեշտ լինել։

Առանձնացման ճանապարհով վերակազմակերպումը գործնականում տեղի է ունենում ընկերության գործունեության ուղղությունները առանձնացնելու կամ այլ գործունեության տեսակներով զբաղվելու նպատակով գոյություն ունեցող իրավաբանական անձի կառուցվածքի օպտիմալացման միջոցով։

Ի՞նչ իրավական հետևանքներ է առաջացնում իրավաբանական անձի առանձնացումը։

Նոր ստեղծվող իրավաբանական անձը կամ անձինք ունենում են իրենց կառավարման կառուցվածքը, անվանումը, առանձին կազմակերպաիրավական ձևը: Ինչ վերաբերում է նրանց իրավունքներին և պարտականություններին, վերջիններս նոր ստեղծվող իրավաբանական անձին կամ անձանց փոխանցվում են գոյություն ունեցող իրավաբանական անձի բաժանիչ հաշվեկշռին համապատասխան։ Բաժանիչ հաշվեկշիռը պետք է ապահովի վերակազմակերպվող ընկերության կանոնադրական կապիտալում նոր ստեղծվող ընկերությունների բաժնետերերի բաժնեմասերին համապատասխանող գույքի և պարտավորությունների համամասնորեն բաշխումը` վերակազմակերպման հետևանքով ստեղծված ընկերությունների միջև:

Առանձնացում, թե՞ բաժանում։

Չնայած առանձնացման ու բաժանման նմանություններին, այն է՝ իրավաբանական անձանց ապակենտրոնացումը և նոր սուբյեկտների ստեղծումը, դրանք էականորեն տարբերվում են միմյանցից։ Ի տարբերություն առանձնացման եղանակով վերակազմակերպման՝ բաժանման դեպքում վերակազմակերպվող ընկերությունը դադարում է գոյություն ունենալուց։ Բացի այդ, բաժանման դեպքում նոր ստեղծվող ընկերությանն են անցնում վերակազմակերպվող ընկերության բոլոր իրավունքներն ու պարտականությունները։

Ինչի՞ կարիք կունենաք առանձնացման գործընթացի ընթացքում։

Ինչպես վերակազմակերպման ցանկացած տեսակ, այնպես էլ առանձնացման ճանապարհով վերակազմակերպումը, բարդ և բազմափուլ գործընթաց է։ Առանձնացման յուրաքանչյուր փուլ ունի իր առանձնահատկությունները, որոնց վերաբերյալ անտեղյակությունը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների՝ բաց թողնված ժամկետների, ընթացակարգերի խախտման, ընդհուպ մինչև կորպորատիվ գործարքի մերժման, որն իր հերթին կարող է հանգեցնել անհարկի ձգձգումների։

Նման իրավիճակից խուսափելու համար անհրաժեշտ է դիմել համապատասխան մասնագետների։ Ունենալով մեծ փորձ այս ոլորտում՝ մեր թիմը պատրաստ է տրամադրել իրավական աջակցություն իրավաբանական անձի առանձնացման գործընթացը ճիշտ կազմակերպելու և հետագա ընթացքում դժվարություններից խուսափելու համար։ Առանձնացման ճանապարհով վերակազմակերպումների ոլորտում մեր ընկերության մասնագետները տրամադրում են հետևյալ ծառայությունները՝

  • Իրավաբանական խորհրդատվություն առանձնացման ճանապարհով վերակազմակերպման բոլոր փուլերում։
  • Անհրաժեշտ փաստաթղթերի կազմում՝ Կանոնադրություն, բաժանիչ հաշվեկշիռ, առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշում։
  • Խորհրդատվություն բաժանիչ հաշվեկշռի կազմման բոլոր փուլերում այն ՀՀ օրենսդրական պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։
  • Առանձնացող իրավաբանական անձի կամ անձանց գրանցում։

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Իրավաբանական Խորհրդատվություն

Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցել:

Վերջին հրապարակումները