Ապահովագրության իրավակարգավորումները Հայաստանում

Ապահովագրությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց ռիսկերի կառավարման կարևոր ֆինանսական գործիք է: Ներկայումս ապահովագրությունը թույլ է տալիս վերոնշյալ կատեգորիայի անձանց պաշտպանել իրենց ակտիվները, կատարած ներդրումները, ինչպես նաև ստացվելիք եկամուտները հնարավոր կորստի ռիսկերից, ինչպես նաև առաջարկում է անկանխատեսելի իրադարձությունների հնարավոր ֆինանսական բեռը ապահովագրական ընկերությանը փոխանցելու մեխանիզմ: Այս հոդվածի շրջանակներում մենք կուսումնասիրենք ապահովագրական կարգավորումների ընդհանուր շրջանակը Հայաստանի Հանրապետությունում:

Ի՞նչ իրավական հիմքով է իրականացվում ապահովագրությունը ՀՀ-ում:

Ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի հիման վրա և (կամ) ապահովագրական վկայագրով:

Ովքե՞ր են ապահովադիրը, ապահովագրված անձն ու շահառուն:

Ապահովադիրն ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքած անձն է:

Ապահովագրված անձն այն անձն է, որի հետ կապված ապահովագրական պատահարի առաջացումը հանդիսանում է ապահովագրության պայմանագրի առարկա:

Շահառուն ապահովագրական պատահար տեղի ունենալու պարագայում ապահովագրական պայմանագրով նախատեսված ապահովագրական հատուցումն ստանալու իրավունք ունեցող անձն է:

Կարող է ստեղծվել երկու իրավիճակ, երբ

  • դուք միաժամանակ և’ ապահովադիր եք, և’ ապահովագրված անձ, և’ շահառու,

Դուք ապահովագրել եք ձեր գույքը դժբախտ դեպքերից: Այս դեպքում դուք` որպես ապահովադիր, ապահովագրության դիմաց վճարում եք որոշակի գումար` ապահովագրավճար: Ապահովագրական ընկերությունը ձեզ` որպես ապահովագրված անձի, ապահովագրության պայմանագրով նախատեսված պատահարի ի հայտ գալու դեպքում, որպես շահառուի, վճարում է  ապահովագրական հատուցում` պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարի սահմաններում:

  • դուք ապահովադիր եք, իսկ ապահովագրված անձը  և շահառուն տարբեր անձինք են:

Գործատուն, այսինքն ապահովադիրը, ապահովագրում է ձեր` ապահովագրված անձի առողջությունը: Պատահարի դեպքում ապահովագրական ընկերությունը վճարում է ապահովագրական հատուցում՝ փոխհատուցելով բժշկական ծախսերը պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարի սահմաններում: 

Ինչպե՞ս ապահովագրվել:

Ինչպես նշվեց, ապահովագրությունը հնարավոր է իրականացնել նաև ապահովագրական վկայագրով: Ապահովագրական վկայագիր հնարավոր է ձեռք բերել երկու տարբերակով.

  • հենց ապահովագրական ընկերություն այցելելով,
  • ապահովագրական բրոքերների կամ գործակալների միջոցով: Ապահովագրական գործակալները և բրոքերները համարվում են ապահովագրական միջնորդներ, այսինքն՝ նրանք օժանդակում են ապահովագրողների և ապահովադիրների միջև հարաբերությունների հաստատմանը.

Եթե ցանկանում եք խորհրդատվություն ստանալ ապահովագրության ընթացքում առաջացող հնարավոր ռիսկերի, որպես ապահովագրական ընկերություն լիցենզիա ստանալու, ընկերության պետական գրանցման վերաբերյալ, ապա մեր իրավաբանների թիմը պատրաստ է աջակցել Ձեզ այդ հարցում:

Ինչի՞ց է կախված ապահովագրական հատուցման չափը:

Ապահովագրական հատուցման չափը կախված է ապահովագրական գումարի և վնասի չափերից: Ինչ վերաբերում է ապահովագրական գումարին, ապա այն ապահովագրողի կողմից վճարման ենթակա հնարավոր ապահովագրական հատուցման առավելագույն չափն է:

Ապահովագրության ինչպիսի՞ տեսակներ գոյություն ունեն ՀՀ-ում:

Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել պարտադիր և կամավոր ապահովագրություն: Կամավոր ապահովագրությունն իրականացվում է անձի կամավոր ցանկությամբ ապահովագրական ընկերության հետ ապահովագրության պայմանագրի կնքման միջոցով, իսկ պարտադիր ապահովագրությունն իրականացվում է անկախ անձի կամքից:

Ինչ վերաբերում է ապահովագրության տեսակներին, ապա դրանք են`

  • ոչ կյանքի ապահովագրություն;
  • կյանքի ապահովագրություն;
  • վերաապահովագրություն, որը լինում է ինչպես կյանքի, այնպես էլ ոչ կյանքի: 

Ո՞ր ոլորտներում կարող ենք հանդիպել ապահովագրության տեսակներին:

Ապահովագրությունն այն ինստիտուտներից է, որին կարող ենք առնչվել կյանքի տարբեր ոլորտներում: Ստորև ներկայացնենք մի քանի ոլորտներ, որոնցից յուրաքանչյուրն անդրադառնում է ռիսկի առանձին խմբերի`

Առողջապահության ոլորտ` առողջության ապահովագրությունը առողջապահական համակարգի կարևոր բաղադրիչն է, որը անհատներին ապահովում է բժշկական ծախսերի ֆինանսական ծածկույթով: Առողջության ապահովագրության փաթեթները բազմաթիվ են`

  • Շտապ և անհետաձգելի բուժօգնություն-գրեթե բոլոր փաթեթները ներառում են շտապ բուժօգնության կազմակերպման և իրականացման ծախսերը,
  • Արտահիվանդանոցային (պոլիկլինիկական) կամ ամբուլատոր բուժօգնություն-այստեղ են ներառում բժիշկների խորհրդատվությունները, լաբորատոր կամ գործիքային հետազոտությունները,
  • Ներհիվանդանոցային (ստացիոնար) բուժօգնություն-անհետաձգելի կամ պլանային վիրահատություններ և ոչ վիրահատական բուժում, ինֆեկցիոն հիվանդությունների ստացիոնար բուժում։

Բանկային ոլորտ` ծրագրային հիփոթեքային վարկեր տրամադրելիս բանկերը վարկային փաթեթի վավերականության համար պարտադրում են գրավադրվող բնակարանի գույքի, վարկառուների դժբախտ պատահարներից ապահովագրության, հաճախ նաև ֆինանսական/կանխավճարի ապահովագրության պայմանագրեր։ Որոշ բանկեր պահանջում են ԿԱՍԿՈ ապահովագրություն՝ ավտովարկավորման շրջանակներում:

Տուրիզմի ոլորտ` ճամփորդության ապահովագրության ամենակարևոր բաղադրիչը բժշկական ծախսերի ապահովագրությունն է։ Այն միտված է հատուցելու ճամփորդության ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարների կամ հանկարծակի հիվանդությունների բուժօգնության ծախսերը։ Բացի բժշկական ծախսերից, ապահովագրական ընկերությունը հաճախ հատուցում է նաև տուժած անձի և վերջինիս ընտանիքի անդամների հարկադիր տրանսպորտային ծախսերը։ Ճամփորդության ընթացքում վրա հասած հանկարծակի մահվան դեպքում ապահովագրական ընկերությունը կարող է հատուցել նաև աճյունը դեպի հայրենիք տեղափոխելու ռեպատրիացիայի ծախսերը։

Գյուղատնտեսության ոլորտ` այս ոլորտում հնարավոր է ապահովագրել տարբեր մշակաբույսեր, բարձրացնել դիվերսիֆիակցումը և կառավարել վնասաբերությունը:

Ավտոմոբիլային շուկա` այս պահին Հայաստանում պարտադիր է ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասներից բխող պատասխանատվության ապահովագրությունը (ԱՊՊԱ):

Պատասխանատվության ոլորտ` անկախ ապահովագրված լինել կամ չլինելու փաստից՝ յուրաքանչյուր մարդ պատասխանատու է իր կողմից երրորդ անձանց պատճառած վնասների համար։ Նման իրավիճակներից խուսափելու համար գոյություն ունի պատասխանատվության ապահովագրությունը։ Կարելի է տարանջատել պատասխանատվության ապահովագրության հետևյալ առավել հայտնի տեսակները`

  • Քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն` քաղաքացիական կյանքում` բիզնես գործունեության հետևանքով երրորդ անձանց պատճառված գույքային և անձնական վնասների ապահովագրությունն է։
  • Մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն ` ապահովագրում է անձի կամ բիզնեսի մասնագիտական գործունեության հետևանքով երրորդ անձանց պատճառած վնասները, հիմնականում՝ ֆինանսական վնասները։ Օրինակ` հաշվապահների, փաստաբանների, նոտարների, բժիշկների պատասխանատվության ապահովագրությունը:
  • Գործատուի պատասխանատվության ապահովագրություն` օրինակ` այս ոլորտում հնարավոր է ապահովագրել գործատուի կողմից աշխատակիցներին պատճառված վնասները: Օրինակ՝ հանքի աշխատակիցները կարող են վնասվել թունելների փլուզումից:
  • Ապրանքի համար պատասխանատվության ապահովագրություն` ապահովագրում է որևէ ապրանքի միջոցով երրորդ անձանց պատճառած վնասները։
  • Կիբեր պատասխանատվության ապահովագրություն` տեղեկատվական տվյալների արտահոսքի հետևանքով երրորդ անձանց պատճառած ֆինանսական վնասները հատուցելու համար հենց ստեղծվել է կիբեր պատասխանատվության ապահովագրությունը։

Ովքե՞ր կարող են իրականացնել ապահովագրական գործունեություն:

Ապահովագրական ընկերությունները կարող են ստեղծվել բացառապես որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն կամ բաժնետիրական ընկերություն: Ընկերությունների այս տեսակների, դրանց գրանցման վերաբերյալ մեր իրավաբանների թիմն ունի հրապարակում, որին կարող եք ծանոթանալ այստեղ: Ապահովագրական ընկերությունները պետք է հիմնադրվեն և իրենց գործունեությունը ծավալեն` ՀՀ-ում գործող ապահովագրական օրենսդրական կարգավորումներին համապատասխան:

Ընկերությունը կարող է միաժամանակ իրականացնել կյանքի ապահովագրություն և կյանքի վերաապահովագրություն կամ ոչ կյանքի ապահովագրություն և ոչ կյանքի վերաապահովագրություն: Ընկերությունը չի կարող միաժամանակ իրականացնել կյանքի և ոչ կյանքի ապահովագրության դասերով ապահովագրական գործունեություն: Վերաապահովագրական ընկերությունը կարող է միաժամանակ իրականացնել կյանքի և ոչ կյանքի վերաապահովագրություն:

Ցանկացած ընկերություն կարո՞ղ է իրականացնել ապահովագրական գործունեություն:

Շատ իրավական համակարգերում ապահովագրական գործունեության իրականացումը խիստ կանոնակարգված է, բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը: Ապահովագրական գործունեության համար անհրաժեշտ է ստանալ համապատասխան գործունեությամբ զբաղվելու լիցենզիա:

Ու՞մ կարող է դիմել ընկերությունը ապահովագրական գործունեության լիցենզիա ստանալու համար:

Ապահովագրական գործունեության լիցենզիան  Կենտրոնական բանկի կողմից տրվող ապահովագրական գործունեություն իրականացնելու թույլտվությունը հավաստող փաստաթուղթ է: Ապահովագրական, այդ թվում օտարերկրյա ապահովագրական ընկերության պետական գրանցման և լիցենզավորման համար Կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ (Բաժին II, Գլուխ 4):

Ի՞նչ չափանիշներ է հաշվի առնում Կենտրոնական բանկը ընկերությանը լիցենզիա տալու կամ լիցենզիան տալը մերժելու մասին որոշում կայացնելիս:

Լիցենզիան տրվում է հատուկ չափանիշների հիման վրա, ինչպիսիք են ընկերության ֆինանսական կարողությունները, ինչպես նաև կառավարման փորձը: Լիցենզավորման գործընթացը ներառում է ընկերության բիզնես ծրագրի, ֆինանսական կանխատեսումների, ռիսկերի կառավարման պրակտիկայի և համապատասխանության ընթացակարգերի խիստ ուսումնասիրություն: Այսպիսով, ընկերությունը պետք է բավարարի ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների պահանջները, որոնք սահմանվում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Ինչքա՞ն ժամանակով ընկերությունը կարող է ստանալ ապահովագրական գործունեությամբ զբաղվելու լիցենզիան:

Լիցենզիան անժամկետ է և վերջինիս գործողության համար ժամկետային սահմանափակումներ նախատեսված չեն:

Այսպիսով, ապահովագրվելով՝ մարդիկ ձեռք են բերում վստահություն ապագայի հանդեպ: Ապահովագրությունը խոշոր անկանխատեսելի վնասները վերածում է փոքր կանխատեսելի ծախսերի և ժամանակակից աշխարհում այն ունի կարևոր դեր և ազդեցություն:

Եթե ցանկանում եք խորհրդատվություն ստանալ ապահովագրության ընթացքում առաջացող հնարավոր ռիսկերի, որպես ապահովագրական ընկերություն լիցենզիա ստանալու, ընկերության պետական գրանցման վերաբերյալ, ապա մեր իրավաբանների թիմը պատրաստ է աջակցել Ձեզ այդ հարցում:

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Իրավաբանական Խորհրդատվություն

Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցել:

Վերջին հրապարակումները