Հանքարդյունաբերության իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում

Հանքարդյունաբերության իրավական կարգավորումը ՀՀ-ում իրականացվում է Ընդերքի մասին օրենսգրքի, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքի և մի շարք այլ օրենքների միջոցով։

Հանքարդյունաբերությունը երկրակեղևից արժեքավոր օգտակար հանածոների կամ այլ երկրաբանական նյութերի արդյունահանման գործընթացն է: Այն սկիզբ է առել հազարավոր տարիներ առաջվանից և վճռորոշ պատմական դեր է ունեցել քաղաքակրթությունների և տնտեսությունների ձևավորման հարցում ու շարունակում է մինչ օրս էական նշանակություն ունենալ մեր առօրյա կյանքում: Այնուամենայնիվ, հանքարդյունաբերությունն ունի բնապահպանական բացասական ազդեցություն, ինչպես օրինակ՝ կենսամիջավայրի ոչնչացում, հողի էրոզիա, ջրի աղտոտում և ջերմոցային գազերի արտանետումներ, ինչպես նաև սոցիալական հետևանքներ՝ տեղական համայնքների տեղահանման և ավանդական ապրելակերպի փոփոխությունների տեսքով: Որպեսզի հանքարդյունաբերական գործընթացներն իրականացվեն պատասխանատու և կայուն ձևով, հաշվի առնելով վերոնշյալ բնապահպանական, սոցիալական և տնտեսական խնդիրները, հանքարդյունաբերությունը խստորեն կարգավորվում է բոլոր կառավարությունների կողմից:

Արդյո՞ք հանքարդյունաբերությունը լիցենզավորման ենթակա գործունեություն է։

Հանքարդյունաբերության գործունեությամբ զբաղվելու համար ընկերությունները  նախ պետք է ստանան ընդերքօգտագործման իրավունք պետական լիազոր մարմնի կողմից՝ Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարությունից:

Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ «Օրենսգիրք») 20-րդ հոդվածի համաձայն՝ Ընդերքօգտագործման իրավունքը տրամադրվում է ընդերքօգտագործման թույլտվության կամ համաձայնության, լեռնահատկացման ակտի, ինչպես նաև ընդերքօգտագործողի հետ ընդերքօգտագործման պայմանագրի կնքման միջոցով:

Օրենսգիրքը որդեգրել է ընդերքօգտագործման իրավունքի անբաժանելիության սկզբունքը և սահմանել է, որ այն կարող է պատկանել միայն մեկ իրավաբանական անձի (այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությանը): Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումն այլ անձի թույլատրվում է միայն իրավաբանական անձի վերակազմակերպման արդյունքում իրավահաջորդության դեպքում՝ լիազոր մարմնի համաձայնությամբ, ինչպես նաև գրավի առարկա հանդիսացող ընդերքօգտագործման իրավունքի՝ հրապարակային սակարկությունների միջոցով հարկադիր օտարման դեպքում․ մնացած բոլոր դեպքերում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումն արգելվում է։

Մեր թիմը սիրով պատրաստ կլինի աջակցել այս ամբողջ գործընթացում, ապահովելով լիցենզավորման փուլից մինչև ընկերության ընթացիկ գործունեության իրավական սպասարկում։

Ի՞նչ ժամկետով է տրվում ընդերքօգտագործման իրավունքը։

Օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն՝ ընդերքօգտագործման իրավունքը տրամադրվում է որոշակի ժամկետով, ինչը տարբերվում է՝ կախված ընդերքօգտագործման ձևերից։ Օրենսգիրքը նախատեսում է ընդերքօգտագործման երկու ձև՝ ընդերքի օգտագործում երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով և ընդերքի օգտագործում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով: Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով իրավունքը տրվում է մինչև 3 տարի ժամկետով, և կարող է երկարաձգվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով։ Իսկ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունքը մետաղական օգտակար հանածոների դեպքում տրվում է մինչև 25 տարի ժամկետով, իսկ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման դեպքում՝ մինչև 20 տարի ժամկետով։

 Ի՞նչ այլ պահանջներ կան հանքարդյունաբերության իրականացման համար։

Նախքան հանքարդյունաբերության ոլորտում որևէ ծրագիր սկսելը, անհրաժեշտ է իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ)։

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը սահմանում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության, հանրության ծանուցման, հանրային լսումների իրականացման, պետական փորձաքննական եզրակացության տրամադրման գործընթացները։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության հիմնական նպատակն է ապահովել նախատեսվող գործունեության  դրական ազդեցությունների պահպանումը, վնասակար ազդեցությունների ու դրանց հետևանքների կանխարգելումը, նվազեցումը կամ բացառումը:

Առանց պետական փորձաքննական դրական եզրակացության նախատեսվող գործունեության փաստացի իրականացումը ենթակա է դադարեցման՝ նախատեսվող գործունեությունը փաստացի իրականացրած անձի կողմից նախնական վիճակի վերականգնմամբ։

Ի՞նչ պարտադիր հարկեր/վճարներ կան այս ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների համար։

Հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունները, ըստ ՀՀ Հարկային օրենսգրքի, պարտավոր են վճարել ռոյալթի, բնօգտագործման վճար և բնապահպանական հարկ։

ՀՀ Հարկային օրենսգրքի 197-րդ հոդվածի համաձայն՝

«1․Բնօգտագործման վճարը պետական սեփականություն համարվող բնական պաշարների արդյունավետ և համալիր օգտագործման, ինչպես նաև բնական պաշարների օգտագործումը փոխհատուցելու նպատակով այդ պաշարների օգտագործման համար սույն բաժնին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճար է:

2․ Սույն բաժնի կիրառության իմաստով՝ բնօգտագործման վճարի տեսակ է ռոյալթին, որը մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարումից ստացվող շահութաբերության համար, սույն բաժնին համապատասխան, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճար է»:

Եթե բնօգտագործման վճարը կամ ռոյալթին ծառայում են որպես բնական պաշարների օգտագործման դիմաց փոխհատուցում, ապա ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված բնապահպանական հարկը բնապահպանական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով սույն բաժնին համապատասխան պետական բյուջե վճարվող հարկ է:

Ընդերքօգտագործման ոլորտում գործող ընկերությունների վրա պետության կողմից նման ֆինանսական պարտավորություններ դնելը նպատակ ունի ապահովելու բնական ռեսուրսների կայուն օգտագործումը՝ միաժամանակ ավելացնելով պետական բյուջեն։

Ի՞նչ երաշխիքներ են նախատեսվում ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձանց համար։

Օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ ընդերքօգտագործման իրավունքի տրման պահից սկսած` 3 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության դեպքում ընդերքօգտագործման իրավունք ստացած անձի դիմումի հիման վրա վերջինիս նկատմամբ կիրառվում են օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի տրման պահին գործող բնօգտագործման վճարների (այդ թվում` ռոյալթիի), ռեզիդենտների շահութահարկի, ոչ ռեզիդենտների շահաբաժինների, տոկոսադրույքների, ռոյալթիների հարկման դրույքաչափերը:

Մեր թիմը սիրով պատրաստ կլինի աջակցել այս ամբողջ գործընթացում, ապահովելով լիցենզավորման փուլից մինչև ընկերության ընթացիկ գործունեության իրավական սպասարկում։

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Իրավաբանական Խորհրդատվություն

Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցել:

Վերջին հրապարակումները