Ընկերությունների միացումը եվ միաձուլումը ՀՀ օրենսդրության համաձայն

Ի՞նչ գործընթաց է ընկերությունների միացումը և միաձուլումը։

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է իրավաբանական անձանց վերակազմակերպման հետևյալ տեսակները՝ առանձնացում, բաժանում, միացում, միաձուլում և վերակազմավորում։ Պետք է նշել, որ միացումը և միաձուլումը իրավաբանական անձանց վերակազմակերպման ամենատարածված ձևերից են։ Ընկերությունների միաձուլման դեպքում երկու կամ ավելի իրավաբանական անձինք դադարում են գոյություն ունենալ և փոխարենը միասին ստեղծում են նոր իրավաբանական անձ։ Մինչդեռ միացման արդյունքում մեկ կամ մի քանի ընկերություններ դադարում են գոյություն ունենալ՝ միանալով են արդեն իսկ գոյություն ունեցող մեկ այլ ընկերության։

Նման կորպորատիվ գործողությունների ժամանակ անպայման տեղի է ունենում իրավահաջորդություն։ Մասնավորապես՝ նոր ստեղծվող կամ արդեն գոյություն ունեցող իրավաբանական անձանց են անցնում միացող կամ միաձուլվող ընկերությունների բոլոր իրավունքները և պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան։

Ընկերությունների վերակազմակերպման գործընթացները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, և կախված ընկերության կազմակերպաիրավական ձևից նաև «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքներով։ Ընկերությունների կազմակերպաիրավական տեսակների մասին կարող եք ավելի մանրամասն կարդալ այստեղ։

Ինչպե՞ս է կայացվում միացման/միաձուլման մասին որոշումը։

Միաձուլվող և միացող ընկերություններից յուրաքանչյուրի ընդհանուր ժողովում պետք է ընդունվի միաձուլման/միացման ձևով վերակազմակերպման մասին որոշում։ Այդ ժողովի ընթացքում հաստատվում է նաև միաձուլման/միացման պայմանագիրը, փոխանցման ակտը, միացման/միաձուլման կարգը և պայմանները, ինչպես նաև ընկերությունների բաժնետոմսերի և արժեթղթերի փոխարկման կարգը նոր ստեղծվող ընկերության (միաձուլման դեպքում) կամ այն ընկերության բաժնետոմսերի, որին միանում են (միացման դեպքում)։

Ի՞նչ է բովանդակում միացման/միաձուլման պայմանագիրը։

Միացման/միաձուլման պայմանագիրն այն հիմնական փաստաթուղթն է, որը կարգավորում է երկու և ավելի ընկերությունների միջև համատեղ գործունեությունը՝ մինչև կորպորատիվ գործողության պետական գրանցման պահը։ Մասնավորապես, համաձայն «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 50.6-րդ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածների դրույթների՝ միաձուլման (միացման) պայմանագիրը կնքվում է միաձուլմանը (միացմանը) մասնակցող ընկերությունների միջև, ստորագրվում է ընկերության գործադիր մարմնի ղեկավարի կողմից և ենթակա է հաստատման` նրանց ընդհանուր ժողովների կողմից: Այն պետք է բովանդակի`

  • մասնակից ընկերությունների ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման տվյալները.
  • միաձուլման (միացման) ժամկետները, կարգը և պայմանները.
  • միաձուլվող (միացող) ընկերության բաժնեմասերի/բաժնետոմսերի և այլ արժեթղթերի փոխարկման կարգը` բանաձևային կամ այլ ստանդարտ ձևով.
  • միաձուլվող (միացվող) ընկերությունների բաժնեմասերի/բաժնետոմսերի դիմաց շահութաբաժիններ ստանալու կարգը և պայմանները.
  • համատեղ ժողովում քվեարկության կարգը.
  • միաձուլմանը (միացմանը) մասնակցող ընկերությունների համատեղ ժողովի գումարման ժամկետը, հրավիրման և անցկացման կարգը.

Սրանք այն տեղեկություններն են, որոնք օրենքով սահմանված կարգով պարտադիր պետք է ներառվեն միաձուլման (միացման) պայմանագրում, սակայն կողմերն ազատ են նաև իրենց հայեցողությամբ ավելացնելու այլ տեղեկություններ։

Մեր թիմը պատրաստակամ է աջակցել վերակազմակերպման այս տեսակների իրականացման հարցում՝ Ձեզ տրամադրելով համապարփակ իրավաբանական ծառայություններ։ Մասնավորապես՝

  • ընկերությունների միացման/միաձուլման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի կազմում,
  • ընկերությունների միացման/միաձուլման գործընթացների օրենսդրությանը համապատասխանության գնահատում,
  • ամբողջական աջակցություն համակենտրոնացումների հայտարարագրման շրջանակներում,
  • գործարքների վերաբերյալ խորհրդատվություն, ինչպես նաև համապատասխան մարմիններում հաճախորդի շահերի պաշտպանություն:

Ի՞նչ է փոխանցման ակտը։

Փոխանցման ակտով հաստատվում են բոլոր այն ակտիվներն և պարտավորությունները, որոնք միացման կամ միաձուլման դեպքում իրավահաջորդության կարգով փոխանցվում են նոր ստեղծվող ընկերությանը (միաձուլման դեպքում) կամ միացման արդյունքում ընդլայնվող ընկերությանը։

Ի՞նչ հարցերի շուրջ է որոշում կայացվում միաձուլմանը (միացմանը) մասնակցող ընկերությունների համատեղ ժողովի ժամանակ։

Համատեղ ընդհանուր ժողովի ժամանակ քննարկվող հարցերը տարբերվում են՝ կախված տեղի ունեցող գործընթացից՝ հաշվի առնելով դրանց՝ ընկերությունների գործունեության դադարեցմամբ պայմանավորված առանձնահատկությունները։

Միաձուլմանը մասնակցող ընկերությունների բաժնետերերի համատեղ ընդհանուր ժողովը համարվում է միաձուլման արդյունքում ստեղծվող ընկերության հիմնադիր ժողով, որը հրավիրվում է միաձուլման պայմանագրում նշված մարմնի կողմից և ժամկետներում ու որոշումներ է ընդունում ընկերությունների հիմնադրման ժամանակ քննարկվող հարցերի վերաբերյալ: Մասնավորապես՝ կանոնադրության, կանոնադրական կապիտալի, բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքների հաստատում, ընկերության կառավարման մարմինների ընտրություն, և այլն։

Մինչդեռ միացման հետևանքով ընդլայնվող ընկերության բաժնետերերի և միացող ընկերության բաժնետերերի համատեղ ընդհանուր ժողովը որոշումներ է ընդունում ընդլայնվող ընկերության կանոնադրությունում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը հաստատելու մասին։

Ի՞նչ այլ պահանջներ են ներկայացվում ընկերությունների միաձուլման և միացման գործընթացների վերաբերյալ։

Այս գործընթացում իրավաբանական անձանց պարտատերերի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նկատառումներով «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքները ընկերությունների համար նախատեսել են իրենց պարտատերերին միացման/միաձուլման մասին ծանուցելու պարտավորություն։ Պարտատերերն իրանունք ունեն նման ծանուցում ստանալու պահից 30 օրվա ընթացքում պահանջելու պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ կամ դադարեցնելու վերակազմակերպումը (միաձուլում/միացումը) կամ վաղաժամկետ կատարելու պարտավորությունը և հատուցելու վնասները:

Արդյո՞ք անհրաժեշտ է ստանալ որևէ պետական մարմնի թույլտվություն/որոշում՝ ընկերությունների միաձուլման/միացման համար։

Ընկերությունների միաձուլման/միացման գործընթացներում կարող է անհրաժեշտություն առաջանալ ստանալու Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի  (այսուհետ՝ «Հանձնաժողով») թույլտվությունը՝ հաշվի առնելով, որ որոշ դեպքերում կարող է առկա լինել ազատ տնտեսական մրցակցությունը խոչընդոտող համակենտրոնացման ռիսկ։

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ «Օրենք») 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացում է համարվում`

1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված տնտեսավարող սուբյեկտների միացումը.

2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված տնտեսավարող սուբյեկտների միաձուլումը.

Ընդ որում, նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ տնտեսվարող սուբյեկտների միացումը կամ միաձուլումը կդիտվի որպես համակենտրոնացում այն  դեպքում, երբ այն կայացվի

1) միևնույն ապրանքային շուկայում (հորիզոնական համակենտրոնացում),

2) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում (ուղղահայաց համակենտրոնացում),

3) տարբեր ապրանքային շուկաներում (խառը համակենտրոնացում):

Այսինքն, տնտեսվարող սուբյեկտների կողմից միացում կամ միաձուլում իրականացնելն ինքնին չի համարվի համակենտրոնացում, եթե այն չիրականացվի միևնույն ապրանքային շուկայում կամ  որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում կամ տարբեր ապրանքային շուկաներում:

Ավելին, ինչ վերաբերում է ֆինանսական կազմակերպությունների վերակազմակերպմանը, ապա դրանց դեպքում թույլատրվում է միայն իրականացնել միացում, որի նկատմամբ վերահսկողություն իրականացնում է ՀՀ Կենտրոնական բանկը:

Ինչպիսի՞ վերահսկողություն է իրականացնում Հանձնաժողովը համակենտրոնացման դեպքում։

Օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ տնտեսվարող սուբյեկտների միջև իրականացվող համակենտրոնացումները ենթակա են հայտարարագրման՝ նույն օրենքով և Հանձնաժողովի կողմից նախատեսված պահանջների դեպքում, մասնավորապես երբ՝

  • Համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին կամ դրան նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է չորս միլիարդ դրամը, կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին կամ դրան նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է երեք միլիարդ դրամը, կամ
  • Համակենտրոնացման մասնակիցների հասույթի ընդհանուր չափը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է չորս միլիարդ դրամը, կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացվելու պահին նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է երեք միլիարդ դրամը, կամ
  • Համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու տարվան նախորդող ֆինանսական տարում գործունեություն չիրականացրած կամ 12 ամսից պակաս ժամանակահատվածում գործունեություն իրականացրած համակենտրոնացման մասնակիցների հասույթի ընդհանուր չափը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացվելու պահին նախորդող 12 ամիսների հաշվարկով գերազանցել է չորս միլիարդ դրամը, կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացվելու պահին նախորդող 12 ամիսների հաշվարկով գերազանցել է երեք միլիարդ դրամը:

Ո՞ր դեպքում ընկերությունների միաձուլումը/միացումը չի դիտվի որպես համակետնրոնացում։

Տնտեսավարող սուբյեկտների վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները, որոնք տեղի են ունենում Հանձնաժողովի որոշմամբ հաստատված իրավաբանական և կամ ֆիզիկական անձանց խումբ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների միջև չեն համարվում համակենտրոնացում և ենթակա չեն հայտարարագրման: Այնուամենայնիվ, համաձայն Օրենքի 14-րդ հոդվածի՝ անձանց խմբի ներսում իրականացվող վերակազմակերպումների, գործողությունների կամ գործարքների մասին Հանձնաժողովը պետք է տեղեկացվի գործարքի կատարումից հետո 10 օրվա ընթացքում:

Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ անձանց խումբը իրավաբանական և (կամ) ֆիզիկական այնպիսի անձանց խումբ է, որոնց միջև փաստացի առկա է փոխկապվածություն կամ վերահսկողություն, սակայն բավարարվում է օրենքով սահմանված պահանջներից որևիցե մեկը։ Նման պահանջներից են օրինակ՝

  • կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդ կազմակերպությունում իր մասնակցության և (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի տնօրինելու կազմակերպության կանոնադրական կապիտալի կեսից ավելին, կամ
  • կազմակերպությունները, եթե միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձը կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ պայմանագրի հիման վրա կամ այլ ձևով հնարավորություն է ստանում կանխորոշելու այդ կազմակերպությունների կողմից ընդունվող որոշումները (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) և (կամ) տալու այդ կազմակերպությունների կողմից պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ,
  • կազմակերպությունները, որոնցում կոլեգիալ գործադիր մարմնի անդամների կեսից ավելին միևնույն ֆիզիկական անձինք են։

 

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Խորհրդատվություն

Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ խորհրդատվական ծառայություններ մատուցել:

Վերջին հրապարակումները