Առաջնային հրապարակային առաջարկը (IPO) այն գործընթացն է, որի միջոցով ընկերությունն առաջին անգամ առաջարկում է իր բաժնետոմսերը հանրությանը: IPO-ն կարող է ապահովել դեպի ընկերություն կապիտալի նոր հոսք՝ ներդրողների տեսքով, ինչը կարող է օգտագործվել ընկերության ընդլայնման, հետազոտության և զարգացման, պարտքի կրճատման և այլ նպատակներով: IPO-ն կարող է բարձրացնել ընկերության տեսանելիությունը, հեղինակությունն ու վստահելիությունը շուկայում՝ այդպիսով ներգրավելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ներդրողներին:
Ի՞նչ է հրապարակային առաջարկը։
«Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ «Օրենք») 3-րդ հոդվածի համաձայն՝ արժեթղթերի հրապարակային առաջարկ է համարվում որակավորված ներդրող չհանդիսացող 100-ից ավելի անձանց կամ անորոշ թվով անձանց ուղղված արժեթղթերի առաջարկը։
Օրենքը սահմանում է, թե ովքեր են համարվում որակավորված ներդրողներ, և այդ ցանկը, ի թիվս այլնի, ներառում է Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության համայնքները, Կենտրոնական բանկը, օտարերկրյա պետությունները, օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինները, օտարերկրյա պետությունների կենտրոնական բանկերը, ներդրումային ընկերությունները, օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերը, բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ներդրումային, կենսաթոշակային ֆոնդերը և ներդրումային ֆոնդի կառավարիչները, միջազգային ֆինանսական կազմակերպությունները, ինչպես նաև այն անձը, որը որակավորված ներդրող կհամարվի օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով՝ հիմք ընդունելով տվյալ անձի՝ ֆինանսական բնագավառում ունեցած գիտելիքն ու փորձը, նման գիտելիք ու փորձ ունեցող մասնագետներ վարձելու ունակությունը, իր զուտ ակտիվների մեծությունը կամ իր կառավարման ներքո գտնվող ակտիվների մեծությունը և նման այլ չափանիշներ։
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկան բաղկացած է արժեթղթերի կարգավորված շուկայից և չկարգավորվող ոլորտից, և ընկերությունների կողմից հրապարակային առաջարկ կարող է արվել սրանցից յուրաքանչյուրում։ Հաշվի առնելով, որ կարգավորված շուկայում արժեթղթերի հրապարակային առաջարկին ներկայացվում են ավելի խիստ պահանջներ, որոնք իրենց մեջ որոշ չափով ներառում են նաև չկարգավորվող շուկայում հրապարակային առաջարկ անելու պահանջները, ուստի այս հոդվածի շրջանակներում կանդրադառնանք միայն կարգավորված շուկայում հրապարակային առաջարկներին։
Որո՞նք են Հայաստանում առաջնային հրապարակային առաջարկի գործընթացում ներգրավված մարմինները/անձինք:
Հայաստանում ֆինանսական ոլորտը կարգավորող հիմնական մարմինը Հայաստանի Կենտրոնական բանկն է, որը պատասխանատու է արժեթղթերի շուկաների վերահսկման համար:
Հայաստանի Հանրապետությունում գործում է մեկ արժեթղթերի շուկա, որի օպերատորը «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն է։ Որպես կարգավորվող շուկա, ֆոնդային բորսան թույլատրում է շուկայում միայն այն արժեթղթերով առևտուրը, որոնք և որոնց թողարկողները բավարարում են օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և ֆոնդային բորսայի կանոններով սահմանված պահանջները, և որոնք թույլատրված են առևտրին (ցուցակված են բորսայում)՝ համաձայն վերջինիս կանոններով։
Թողարկողը կարող է արժեթղթերի հրապարակային առաջարկն իրականացնել ինքնուրույն կամ տեղաբաշխողի միջոցով, իսկ տեղաբաշխող է համարվում այն անձը, որն ունի օրենքով սահմանված ներդրումային ծառայության այդ տեսակը մատուցելու իրավունք։
Դիմե՛ք մեզ ցանկացած հարցով
IPO-ի անցկացումը բարդ և ռեսուրսատար գործընթաց է, որը ներառում է իրավական, ֆինանսական և շուկայական ասպեկտներ: Մենք ուրախ կլինենք աջակցել ձեզ այս գործընթացում՝ կազմելով անհրաժեշտ փաստաթղթեր, հաղորդակցվելով համապատասխան պետական մարմինների և մասնագիտացված կառույցների հետ և ապահովելով գործընթացի սահուն և անխոչընդոտ իրականացումը:
Որո՞նք են ցուցակվող արժեթղթերին ներկայացվող պահանջները:
Ֆոնդային բորսայում գործարքի առարկա հանդիսացող արժեթղթերը պետք է բավարարեն հետևյալ նվազագույն չափանիշներին՝
- Պետք է լինեն ոչ թղթային, ազատ շրջանառության ենթակա արժեթղթեր,
- Դրանց նկատմամբ իրավունքների հաշվառումը պետք է իրականացվի Կենտրոնական դեպոզիտարիայի կամ Կենտրոնական բանկի կողմից,
- Դրանց վերաբերյալ հրապարակվել է ազդագիր կամ առկա է ազդագիր չհրապարակելու համար օրենսդրական պայմանը/հիմքը,
- Պարտատոմսերի դեպքում ներկայացվում է նաև նվազագույն անվանական արժեքի պահանջ․ մասնավորապես՝ նույն դասի պարտատոմսերի ընդհանուր անվանական արժեքը պետք է լինի առնվազն 100,000,000 ՀՀ դրամ։
Որո՞նք են ցուցակվող արժեթղթերի թողարկողներին ներկայացվող պահանջները:
Ի թիվս այլ պահանջների, ֆոնդային բորսայում ցուցակվող արժեթղթերի թողարկողը պետք է բավարարի հետևյալ պահանջներին․
- Թողարկողի տնտեսական և իրավական կարգավիճաները չպետք է վտանգեն ներդրողների շահերը։ Մասնավորապես, թողարկողի արժեթղթերի ցուցակումը բորսայում կարող է մերժվել, եթե տվյալ թողարկողը գտնվում է լուծարման կամ սնանկության գործընթացներում, չունի բավարար միջոցներ իր պարտավորությունները կատարելու համար կամ առկա են տվյալ արժեթղթերով վերապահված իրավունքների իրականացումը վտանգող այլ հանգամանքներ։
- Թողարկողը պետք է ունենա պաշտոնական ինտերնետային կայք և դրանով՝ առնվազն հայերեն, պարտավոր է բացահայտել իրեն և իր կողմից թողարկված արժեթղթերին վերաբերող առնվազն Օրենքով, Կենտրոնական բանկի որոշումներով և ֆոնդային բորսայի օպերատորի կանոններով նախատեսված տեղեկությունները։
- Թողարկողը պետք է ունենա առնվազն երեք անդամից բաղկացած տնօրենների կամ դիտորդ խորհուրդ և պետք է ընդունի ու կիրառի ՀՀ Կառավարության կողմից հավանություն ստացած կորպորատիվ կառավարման կանոնագիրքը կամ դրանով նախատեսվածին համարժեք կամ ավելի խիստ կորպորատիվ կառավարման նորմեր։
Ի՞նչ պահանջներ են ներկայացվում ազդագրին:
Առանց Օրենքի պահանջներին բավարարող ազդագրի հրապարակման, արժեթղթերի հրապարակային առաջարկ անելն արգելվում է։ Կախված, թե ում է արվում հրապարակային առաջարկը, որքան է արժեթղթերի միավոր կամ ընդհանուր արժեքը, և այլ հանգամանքներից, ազդագրի հրապարակման պահանջը կարող է չտարածվել արժեթղթերի հրապարակային առաջարկի կոնկրետ դեպքի վրա։
Ազդագիրը պետք է պարունակի թողարկողի և առաջարկվող արժեթղթերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, որը պետք է բավարար լինի ներդրողի կողմից թողարկողի ակտիվների և պարտավորությունների, ֆինանսական վիճակի, եկամուտների և ծախսերի, գործունեության հեռանկարների, նրա հետ կապված ռիսկերի, ինչպես նաև այդ արժեթղթերով ամրագրված իրավունքների վերաբերյալ հիմնավորված գնահատական կազմելու համար:
Ազդագիրը, դրա լրացումները, որոնք գրանցվում են Կենտրոնական բանկի կողմից, ինչպես նաև հրապարակային առաջարկին և թողարկողին վերաբերող այլ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետությունում հրապարակվում են հայերեն: Ազդագիրը չի կարող հրապարակվել, եթե այն սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով չի գրանցվել Կենտրոնական բանկում:
Կենտրոնական բանկը պատասխանատվություն չի կրում ազդագրում ներառված տեղեկությունների ճշտության կամ իսկության համար: Ազդագիրը պետք է դրույթ ներառի այն մասին, որ Կենտրոնական բանկի կողմից դրա գրանցումը չի հավաստում ներդրման ապահովությունը, ներկայացված տեղեկության ճշտությունը կամ իսկությունը: Այդ դրույթը, Կենտրոնական բանկի կողմից հաստատված խմբագրությամբ, պետք է զետեղվի ազդագրի սկզբում՝ աչքի ընկնող տեղում:
Ազդագրի կիրառության ժամկետն ազդագրի հրապարակմանը հաջորդող այն ժամանակահատվածն է, որի ընթացքում այդ ազդագրի հիման վրա կատարված հրապարակային առաջարկը համարվում է վավերական, և այն սահմանվում է 12 ամիս։ Ազդագրի կիրառության ժամկետի ավարտից հետո տվյալ ազդագրի հիման վրա արժեթղթերի հրապարակային առաջարկ անելն արգելվում է:
Կարևոր է նշել, որ IPO-ի անցկացումը բարդ և ռեսուրսատար գործընթաց է, որը ներառում է իրավական, ֆինանսական և շուկայական ասպեկտներ: Նախքան Հայաստանում կամ որևէ այլ իրավասությունում արժեթղթերի հրապարակային առաջարկ իրականացնելու որոշում կայացնելը, անհրաժեշտ է մանրակրկիտ գնահատել հնարավոր առավելություններն ու մարտահրավերները, խորհրդակցել ֆինանսական և իրավական մասնագետների հետ։ Մենք ուրախ կլինենք աջակցել ձեզ այս գործընթացում՝ կազմելով անհրաժեշտ փաստաթղթեր, հաղորդակցվելով համապատասխան պետական մարմինների և մասնագիտացված կառույցների հետ և ապահովելով գործընթացի սահուն և անխոչընդոտ իրականացումը: